#  Դերմատիտ

![Դերմատիտ. ինչ է դա](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-32179515.jpg "Դերմատիտ. ինչ է դա")

Դերմատիտ անունով կոչվում են մաշկի բորբոքային հիվանդությունների մի քանի խումբ, որոնք հրահրված են որոշակի գրգռիչներով: Խմբերից մեկը կոնտակտային դերմատիտներն են՝ նրանք, որոնք ռեակցիա են առաջացնում մաշկի և գրգռիչի անմիջական շփումից հետո: Երկրորդ խումբը թունազարդությունն է (տոքսիդերմիա)՝ այն դերմատիտները, որոնք հրահրված են ալերգենի օրգանիզմ ներթափանցմամբ: Բորբոքումները կարող են առաջանալ տարբեր պատճառներով և տեղակայվել մարդու մարմնի տարբեր հատվածներում:

Բովանդակություն:

- [Դերմատիտ. ինչ է դա](#%D5%A4%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%A4%D5%A1)
- [Դասակարգում](#%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4)
- [Ալերգիկ դերմատիտ](#%D5%A1%D5%AC%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D5%AF-%D5%A4%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF)
- [Ատոպիկ դերմատիտ](#%D5%A1%D5%BF%D5%B8%D5%BA%D5%AB%D5%AF-%D5%A4%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF)
- [Տակդիրի դերմատիտ](#%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A4%D5%AB%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF)
- [Էքսֆոլիատիվ դերմատիտ](#%D5%A7%D6%84%D5%BD%D6%86%D5%B8%D5%AC%D5%AB%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE-%D5%A4%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF)
- [Սեբորեային դերմատիտ](#%D5%BD%D5%A5%D5%A2%D5%B8%D6%80%D5%A5%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF)
- [Պերիորալ դերմատիտ](#%D5%BA%D5%A5%D6%80%D5%AB%D5%B8%D6%80%D5%A1%D5%AC-%D5%A4%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF)
- [Արևային դերմատիտ](#%D5%A1%D6%80%D6%87%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF)
- [Ինչպես բուժել հիվանդությունը](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8)

## Դերմատիտ. ինչ է դա

Մաշկի վիճակի վրա կարող են ազդեցություն ունենալ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները: Հիվանդության դրսևորումների տևողությունը և ակտիվությունը կախված են մարդու կյանքում ալերգենի առկայության տևողությունից և օրգանիզմի անհատական ռեակցիայից:

> Կարևոր է! Ալերգիայի նկատմամբ բարձր հակվածություն ունեցող որոշ մարդիկ տառապում են խրոնիկական փուլի անցած դերմատիտից:

Ինչ պատճառներով կարող է առաջանալ.

1. Գենետիկա: Դերմատիտի դրսևորումների հակված ալերգիկ ծնողների մոտ ավելի մեծ է նմանատիպ խնդիրներով երեխաներ ծնվելու հավանականությունը: Սա կապված է վնասված գեների փոխանցման հետ:
2. Ձեռքբերովի նախատրամադրվածություն, որը հրահրված է.

- թույլ իմունիտետով.
- ավիտամինոզով.
- ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրներով.
- անբարենպաստ պայմաններում ապրելով:

3. Սթրեսային իրավիճակներ: Սթրեսի ժամանակ օրգանիզմն արտադրում է ադրենալին, տեղի է ունենում էներգիայի հսկայական արտանետում, օրգանիզմի ուժերը սպառվում են, իմունիտետը թուլանում է: Սթրեսը հանգեցնում է անհավասարակշռության:
4. Գրգռիչի հետ շփում: Դա կարող է լինել սնունդը, հեղուկը, դեղամիջոցները, արևը, ցուրտը, այրվածքը և այլն:

> Ուշադրություն դարձրեք! Դերմատիտը զարգանում է ոչ բոլորի մոտ և ոչ միշտ: Որոշ մարդիկ ավելի դիմացկուն են որոշակի գործոնների նկատմամբ, մյուսները՝ ավելի զգայուն: Հետևաբար ալերգիա առաջացնող գործոնները բաժանվում են եւս 2 խմբի:

![Դասակարգում](https://lifeinfo.am/storage/images/dermatit%D5%9D-tesakner-axtanishner-ev-patcharner-197.jpg "Դասակարգում")

Նրանք, որոնք բոլորի մոտ պարտադիր ակտիվացնում են դերմատիտի զարգացումը, կամ օբլիգատ գործոններն են.

- 60 աստիճանից բարձր ջերմաստիճան.
- մաշկի վրա ցածր ջերմաստիճանների երկարատև ազդեցություն.
- սուր քիմիական հեղուկներ (թթուներ, հիմքեր).
- ուժեղ կոնտակտային ալերգեններ.
- ուժեղ ռադիոակտիվ, քվարցային, արևային ճառագայթում:

Այն գործոնները, որոնք դերմատիտ են հրահրում միայն գերզգայուն անձանց մոտ, կամ ընտրովի գործոններն են.

- ալերգիայի հարուցիչների որոշ տեսակներ (սնունդ, հեղուկ, դեղամիջոցներ, միջատների թեփուկներ, բույսերի ծաղկափոշի).
- որոշակի կոնտակտային ալերգեններ (հեղուկ, յուղ, կոսմետիկա, միջատների խայթոցներ).
- 4 աստիճանից ցածր ջերմաստիճան, որի դեպքում կարող է սկսվել ցրտի նկատմամբ ռեակցիան:

Ախտորոշման առանցքային պահը հիվանդությունը հրահրած պատճառների հայտնաբերումն է՝ անհրաժեշտ բուժում իրականացնելու համար:

## Դասակարգում

Հիվանդության կոնկրետ տեսակն այլ կերպ է դրսևորվում և պահանջում է որոշակի բուժում:

Ի՞նչ տեսակներ են առանձնացվում.

1. Կոնտակտային դերմատիտ - մաշկի վրա բորբոքային պրոցեսներ, որոնք առաջանում են որոշակի գրգռիչի հետ շփման հետևանքով: Սա քսվածք, ճնշում, ջերմաստիճանային ազդեցություն, ճառագայթում, այրվածքներ և այլ ուժեղ գրգռիչներ են: Այս տեսակի դեպքում տեղի է ունենում մաշկածածկույթի ուղղակի վնասում, ախտանիշները ի հայտ են գալիս անմիջապես, անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերացնել գրգռիչի հետ շփումը:
2. Թունազարդ մաշկաբորբ (տոքսիդերմիա) - հարուցչի ներթափանցում օրգանիզմ:
3. Ատոպիկ (նևրոդերմիտ) - հիվանդության բնույթը նյարդաալերգիկ է, կարող է վերածվել քրոնիկականի:
4. Սեբորեա - հարուցիչը սնկիկն է, ցանավորումները սովորաբար առաջանում են գլխի վրա:
5. Այլ տեսակներ, որոնք ունեն բակտերիալ հիմք, ինչպես նաև էկզեմա, պզուկներ և այլն:

Կարող են ունենալ տեղային տարածում, կամ ընդգրկել մեծ տարածքներ:

> Կարևոր է! Հիվանդության ոչ մի տեսակ չի փոխանցվում մի մարդուց մյուսին, այսինքն՝ վարակիչ չէ:

Ձեռքերի վրա բորբոքումներն սովորաբար առաջանում են մարդկանց մոտ, ովքեր մասնագիտական անհրաժեշտությամբ շփվում են քիմիկատների հետ, լաքերի, ներկերի, դեղամիջոցների արտադրության ընթացքում:

![Ինչպես բուժել հիվանդությունը](https://lechim-prosto.ru/wp-content/uploads/2016/09/Klassifikatsiya-dermatita.jpg "Ինչպես բուժել հիվանդությունը")

Ոտքերի վրա ախտահարումները բնորոշ են տարեց, թուլացած իմունիտետ ունեցող մարդկանց համար: Նման ցանավորումներն հաճախ ուղեկցվում են էրոզիաների, ճաքերի առաջացմամբ:

### Ալերգիկ դերմատիտ

Բորբոքումը դրսևորվում է օրգանիզմի արձագանքի արդյունքում որոշակի հարուցչի նկատմամբ: Հարուցիչ կարող են դառնալ փոշին, բույսերի ծաղկափոշին, կենդանիների բուրդը, օծանելիքի կամ քիմիական միջոցների հոտերը, դեղամիջոցները, սնունդը, հեղուկը և այլն: Հաճախ կապված է ալերգիայի սեզոնային դրսևորումների հետ: Ինտոքսիկացիան կարող է տեղի ունենալ երիկամների, լյարդի, վահանաձև գեղձի հիվանդությունների, գլիստային ինվազիաների, ուռուցքների զարգացման ժամանակ որոշակի նյութերի արտադրության հետևանքով:

Ինչպես է դրսևորվում.

- մաշկը պատվում է մեծ կարմիր բծերով.
- դրանց մակերեսին առաջանում են փոքրիկ պղպջակներ.
- ապա դրանք պայթում են՝ առաջացնելով թրջվող վերքեր.
- ցանավորումները խիստ քորում են.
- ուղեկցվում է փռշտոցով, հազով, արցունքահոսությամբ, լույսի նկատմամբ բարձրացած զգայունությամբ:

Ալերգենը կարող է արյան մեջ թափանցել սննդի հետ, շնչուղիների լորձաթաղանթով, ներարկումների միջոցով: Տեղակայվում է մաշկի կամ լորձաթաղանթի ցանկացած հատվածում:

> Հիշեք! Անհրաժեշտ ախտորոշումն իրականացվում է արյան անալիզի և ալերգիկ փորձերի միջոցով:

![Ալերգիկ դերմատիտ](https://lechim-prosto.ru/wp-content/uploads/2016/09/Allergicheskij-dermatit.jpg "Ալերգիկ դերմատիտ")

### Ատոպիկ դերմատիտ

Ամենատարածված մաշկային հիվանդությունն է: Սովորաբար ախտորոշվում է կրծքի տարիքի և 10 տարեկանից փոքր երեխաների մոտ, ավելի ուշ դրա դրսևորումները հազվադեպ են հանդիպում:

Ինչպես է դրսևորվում.

- մաշկը չոր է և խիստ քորում է, նկատվում են կարմրություններ, այտուցներ, հստակ եզրագծեր չունեցող բծեր.
- ուժեղ քորվածքները հանգեցնում են մաշկի մակերեսի քայքայման (էրոզիաների).
- միացած ինֆեկցիան առաջացնում է թարախակալում.
- հիմնականում նկատվում է քունքերի, պարանոցի, անրակի, հետույքի, ազդրերի, ծնկների և արմունկների ներքին մասի վրա:

Հիվանդությունը բնութագրվում է ախտանիշների պարբերական նվազմամբ և ուժեղացմամբ:

Կրծքի տարիքի երեխաների մոտ մաշկը դառնում է չոր, կարմիր, թեփոտվում է: Սովորաբար տուժում է այտերի և հետույքի հատվածը:

> Ուշադրություն! Պատշաճ բուժման բացակայության դեպքում ատոպիկ դերմատիտը սկսում է տարածվել, քորը ուժեղանում է, առաջանում են խոցեր:

![Ատոպիկ դերմատիտ](https://lechim-prosto.ru/wp-content/uploads/2016/09/Atopicheskij-dermatit.jpg "Ատոպիկ դերմատիտ")

### Տակդիրային դերմատիտ

Մաշկի վրա ցանավորումների ի հայտ գալու ակտիվացումը տեղի է ունենում փոքրիկների նուրբ մաշկի համար անհրաժեշտ խնամքի բացակայության պատճառով: Տակդիրի ժամանակին չփոխարինումը, այսինքն՝ երեխայի երկարատև շփումը կղանքի և մեզի հետ, արագորեն հրահրում են բորբոքումների զարգացում: Որոշ դեպքերում այս տեսակն առաջանում է տակդիրների, օճառների, շամպունների, լվացքի փոշիների որոշակի մակնիշի նկատմամբ մաշկի ռեակցիայի հետևանքով:

Ինչ է տեղի ունենում.

- ցանը ի հայտ է գալիս հետույքի, սեռական օրգանների, ազդրերի ներքին մակերեսի հատվածում.
- մաշկը կարմրում է.
- երեխան լաց է լինում՝ ցավոտ զգացողություններ ունենալով, հրաժարվում է ուտելուց, դառնում է դյուրագրգիռ:

Ցանավորումներից ազատվելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենայի կանոնները, փոխել տակդիրը 4-6 ժամը մեկ, եթե երեխան կղանք չի արել: Կղանք արած փոքրիկի տակդիրի փոխարինումն անհրաժեշտ է իրականացնել անմիջապես: Ընտրել հիպոալերգեն միջոցներ մանկական մաշկի խնամքի և մանկական հագուստի լվացման համար: Ավելի հաճախ թույլ տալ փոքրիկին մերկ օդային լոգանքներ ընդունել: Մաշկին քսել Bepanthen և D-Panthenol քսուքները, դրանք օգնում են բուժել և կիրառվում են որպես կանխարգելիչ միջոց:

> Հիշեք! Եթե չբուժել, ապա տակդիրային դերմատիտը կարող է բարդանալ էրոզիաների, թարախակալումների առաջացմամբ:

![Տակդիրային դերմատիտ](https://lechim-prosto.ru/wp-content/uploads/2016/09/Pelenochnyj-dermatit.jpg "Տակդիրային դերմատիտ")

### Էքսֆոլիատիվ դերմատիտ

Մաշկի վրա բորբոքային պրոցես, որը աչքի է ընկնում ուժեղ կարմրությամբ և թեփոտվածությամբ, ընդգրկում է ամբողջ մաշկածածկույթի մինչև 90%-ը: Ռիսկի խումբ են կազմում 40 տարեկանից բարձր տղամարդիկ, կանայք 4 անգամ ավելի հազվադեպ են տառապում նման մաշկի ախտահարումից:

Ինչու է առաջանում.

- պսորիազի, ատոպիկ, սեբորեային կամ կոնտակտային դերմատիտների բարդացած վիճակ.
- ալերգիկ ռեակցիա դեղամիջոցի նկատմամբ.
- ռեակցիա թմրանյութի նկատմամբ.
- ուռուցքաբանական հիվանդություն:

Հիվանդությունը սկսվում է մաշկի վերին շերտի բարակումով: Խախտված մաշկածածկույթը պատվում է հեղուկով լցված պղպջակներով, ապա դրանք միաձուլվում են, պայթում՝ առաջացնելով կեղևներ: Այնուհետև այդ հատվածները սկսում են թեփոտվել, մի քանիսը նկատելիորեն հաստանում են, ախտահարված գոտին կարմրում է:

Հիվանդության հետագա զարգացումը հանգեցնում է.

- եղունգների դեֆորմացիայի և թափվելու.
- լորձաթաղանթների չորության.
- մաշկի ուժեղ քորի.
- ջերմաստիճանի բարձրացման.
- մազերի բարակման, չորության, թափվելու.
- ավշային հանգույցների մեծացման:

![Էքսֆոլիատիվ դերմատիտ](https://lechim-prosto.ru/wp-content/uploads/2016/09/Eksfoliativnyj-dermatit.jpg "Էքսֆոլիատիվ դերմատիտ")

Եթե հիվանդության զարգացման պատճառը դեղամիջոցների ընդունումն է եղել, դրանք անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել: Եթե ընդունումն ինքնուրույն դադարեցնել հնարավոր չէ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

> Կարևոր է! Բուժումն իրականացվում է բացառապես հիվանդանոցային պայմաններում, բուժվում է հրահրող հիմնական հիվանդությունը:

### Սեբորեային դերմատիտ

Այս ձևի զարգացումը հրահրվում է ճարպագեղձերի ավելցուկային արտադրությամբ և մարդու մաշկածածկույթի նորմալ բնակիչներ հանդիսացող սնկերի ակտիվությամբ: Նրանք էլ սնվում են արտադրվող ճարպագեղձային արտադրանքով: Մաշկը պատվում է դեղին գույնի կեղևներով:

Ինչն է ակտիվացնում հիվանդությունը.

- ստամոքս-աղիքային տրակտի խնդիրներ՝ պանկրեատիտ, հեպատիտ, կոլիտ, որոնք հանգեցնում են նյութափոխանակության խանգարման,
- իմունային անբավարարության վիճակներ,
- նյարդային համակարգի վնասվածքներ,
- ստաֆիլակոկերով, streptococcerով վարակում,
- գլուխը ագրեսիվ հիմնային միջոցներով լվանալը,
- օրգանիզմի հորմոնալ վերակառուցում,
- ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններ։

Հաճախ սեբորեան նկատվում է ազգականների մոտ, ինչը վկայում է հիվանդության գենետիկական բաղադրիչի մասին։

Դերմատիտի տիպիկ տեղակայման հատվածներն են՝ գլխի մաշկը, ականջների հետևը, հոնքերը, կոպերը, աճուկային հատվածը, թևատակերը, կրծոսկրի շրջանը։ Տղամարդկանց մոտ՝ բեղերն ու մորուքը։

![Սեբորեային դերմատիտ](https://lechim-prosto.ru/wp-content/uploads/2016/09/Prichiny-vozninkoveniya-seborejnogo-dermatita.jpg "Սեբորեային դերմատիտ")

### Պերիորալ դերմատիտ

Դեմքի վրա՝ կզակի շրջանում, բերանի շուրջ (պերիորալ հատվածում), առաջանում է բորբոքում։

Ինչն է բնորոշ.

- բացի բերանի շուրջ և կզակի հատվածից, կարող է ընդգրկել քթաբերանային եռանկյունու գոտին և բերանի անկյունները,
- սկսվում է կզակի վրա առանձին պզուկների հայտնվելով, որոնք հետագայում ընդարձակվում և միաձուլվում են,
- պզուկները մաշկի մակերեսից մի փոքր բարձրացած են, հետագայում վերածվում են թեփոտվող կեղևների,
- հենց պապուլաները սպիտակավուն են, գտնվում են մաշկի կարմրած բծերի վրա,
- կարող է զարգանալ թարախային ձևերի, առաջացնել թրջվող բորբոքումներ։

Ռիսկի խմբին են պատկանում կանայք։ Սովորաբար դա կապված է կոսմետիկայի, տարբեր սկրաբների, քսուքների և այլնի կիրառման հետ։ Հորմոնալ քսուքների երկարատև օգտագործումը նույնպես կարող է հրահրել հիվանդության զարգացումը։ Իմունիտետի խանգարումները, մարսողության խնդիրները այն գործոններն են, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը։

> Ուշադրություն դարձրեք! Երեխաները ամենաքիչ ենթակա խումբն են այս տեսակի հիվանդությանը, քանի որ նրանց մոտ կոսմետիկ միջոցների օգտագործումը նվազագույն է։ Երեխաների մոտ հիվանդության զարգացմանը նպաստում են հորմոնալ վերակառուցումները, ավիտամինոզները, իմունային վիճակի խանգարումները։

### Արևային դերմատիտ

Ալերգիան հրահրվում է մաշկի վրա արևի ճառագայթների ազդեցությամբ։ Եթե նույնիսկ ամենակարճատև դուրս գալը փողոց ուղեկցվում է կարմրություններով, քորով, այտուցներով, ցանով, ապա դա ֆոտոդերմատոզ է։

Արևի ճառագայթները հիվանդության պատճառը չեն, այլ դրա ակտիվացնողը։ Մարդու մաշկում պարունակվում են որոշակի նյութեր (ացետիլխոլին, հիստամին), որոնք շփման մեջ են մտնում ուլտրամանուշակագույնի հետ։ Սա տեղի է ունենում լյարդի, աղիքների հետ կապված խնդիրների, տարբեր էնդոկրին խանգարումների, վիտամինների անբավարարության պատճառով։ Ռեակցիան կարող է առաջանալ նաև որոշակի կոսմետիկայի, օծանելիքի, քսուքների կիրառման, բույսերի ծաղկափոշու մաշկին հասնելու, դեղամիջոցների ընդունման հետևանքով։

![Պերիորալ դերմատիտ](https://lechim-prosto.ru/wp-content/uploads/2016/09/Solnechnyj-dermatit-simptomy-i-prichiny.jpg "Պերիորալ դերմատիտ")

## Ինչպես բուժել հիվանդությունը

Դերմատիտի ցանկացած տեսակի բուժումն ուղեկցվում է խիստ դիետայի պահպանմամբ, որը բացառում է բոլոր տապակածը, աղիածը, յուղայինը, ալերգեն մթերքները։ Բուժումը նաև լրացվում է հակահիստամինային պատրաստուկների ընդունմամբ՝ Լորատադին, Զիրտեկ, Սուպրաստին։

Ինչպես բուժել հիվանդության տարբեր տեսակները.

1. Արևային դերմատիտի ժամանակ քորը թեթևացնելու համար արդյունավետ են Էլիդել քսուկը, Ֆենիստիլ ժելը, ցինկային քսուքը։ Գրգռումների դեպքում հիանալի են օգնում դեղաբույսերի լոգանքները (երիցուկ, սալվիա, եղերդակ)։ Ֆոտոդերմատոզով տառապող մարդիկ պետք է խուսափեն դրսում գտնվելուց ամենավտանգավոր ժամերին՝ առավոտյան 11-ից մինչև երեկոյան 17-ը։
2. Պերիորալ դերմատիտը ենթադրում է հրաժարում կոսմետիկայից, հորմոններ պարունակող քսուքներից։ Մետրոնիդազոլի կիրառում բակտերիաների դեմ պայքարելու համար, ցաների մշակում Քլորհեքսիդինով՝ վարակի միանալու դեպքում։
3. Սեբորեային ձևը բուժվում է հատուկ շամպուների կիրառմամբ՝ Նիզորալ։ Ցինկ, խեժ, սալիցիլաթթու պարունակող շամպուններով։ Օգտագործվում են քսուքներ՝ Սաֆորել, Ֆրիդերմ, Բիոդերմա։
4. Ատոպիկ դերմատիտի բուժման ժամանակ օգտագործվում են էմոլիենտներ՝ Մուստելա, Էմոլիում, Տոպիկրեմ։
5. Ալերգիկ դերմատիտը բուժվում է ալերգենը բացառելով և հակահիստամինային պատրաստուկների ընդունմամբ, էնտերոսորբենտներով՝ թունանյութերի արագացված հեռացման համար, և խոնավացնող քսուքներով։
6. Էքսֆոլիատիվ ձևի դեպքում բժիշկը նշանակում է համապատասխան հակաբիոտիկներ, կիրառվում են ներերակային պատրաստուկներ։ Մաշկի խնամքի համար խորհուրդ է տրվում Լա-Կրի քսուքը։

Դերմատիտը տհաճ հիվանդություն է, կարող է հրահրվել բազմաթիվ պատճառներով և ուղեկցվել օրգանիզմի ընդհանուր վիճակի տարբեր խանգարումներով։ Ուստի մաշկի վրա ցանկացած ցան պետք է ազդանշան դառնա մաշկաբանի դիմելու համար։
