#  Լումբագո

![Պատճառներ](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-74879662.jpg "Պատճառներ")

Լումբագոն - կտրուկ, կրակոցանման ցավ է գոտկային հատվածում, որի պատճառով այն նաև կոչվում է «գոտկային կրակոց»: Երբ նման ախտորոշում է դրվում, չարժե վախենալ անունից: Մենք կպատմենք, թե ինչ է լումբագոն և ինչպես բուժել այս հիվանդությունը:

Բովանդակություն:

- [Պատճառներ](#%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80)
- [Ախտանիշներ](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80)
- [Ինչ անել հանկարծակի ցավի դեպքում](#%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%AB-%D6%81%D5%A1%D5%BE%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B8%D6%82%D5%B4)
- [Ախտորոշում](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բուժում](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)
- [Կանխարգելում](#%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B4)

Հանկարծակի առաջացած ցավը կարող է ուժեղանալ՝ ստիպելով մարդուն ընդունել այնպիսի դիրք, որում այն ամենաքիչ է զգացվում: Առավել հաճախ, կտրուկ լումբագոյի ժամանակ, մարդն ակամայից ծալվում է, որից հետո ինքնուրույն չի կարողանում ուղղվել: Նման զգացողություններ են առաջանում հազի, փռշտոցի, թեքումների, ծանր առարկաներ բարձրացնելու ժամանակ:

## Պատճառներ

- ողնաշարի հիվանդություններ (օստեոխոնդրոզ, ռևմատիտ և այլն);
- տարբեր ուռուցքներ;
- վարակներ;
- ողների տեղաշարժ կամ միջողնային սկավառակի դուրսպրծում:

Որպես կանոն, այս հիվանդություններն ինքնին չեն առաջացնում լումբագո, դրա առաջացման համար անհրաժեշտ է խթանիչ (կատալիզատոր): Գոտկային կրակոցը կարող է հրահրվել.

- ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ;
- հովացումով կամ ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով;
- «անհաջող» շարժումով;
- երկար ժամանակ նույն դիրքում գտնվելով;
- վնասվածքով;
- սթրեսային իրավիճակով:

## Ախտանիշներ

Լումբագոյի հիմնական ախտանիշը հանկարծակի ցավն է: Ցավային զգացողությունների բնույթը կախված է հիվանդի օրգանիզմի առանձնահատկություններից, հիվանդության պատճառից և կարող է տարբեր լինել տարբեր մարդկանց մոտ:

![Ախտանիշներ](https://lifeinfo.am/storage/images/lumbago%D5%9D-patcharner-axtanishner-ev-bujum-115.jpg "Ախտանիշներ")

Մարդը կարող է զգալ քաշող, պատառոտող, զարկերակային ցավ, որը աստիճանաբար ուժեղանում և ավելանում է շարժումների ժամանակ: Միջինում ցավային զգացողությունները տևում են 1-2 օր, սակայն լինում են դեպքեր, երբ լումբագոն չի անցնում ամիսներով:

Այլ ախտանիշներ:

1. Որոշակի դիրքում սառչում (անշարժանալ): Սա տեղի է ունենում այն պատճառով, որ ցանկացած շարժման ժամանակ տհաճ զգացողություններն ավելի են ուժեղանում, և մարդն անգիտակցաբար ընտրում է իր համար լավագույն դիրքը:
2. Ցավ, որը տարածվում է ազդր կամ հետույք:
3. Շարժումներ կատարելու, հարմարավետ դիրք ընդունելու դժվարություններ:

### Ինչ անել հանկարծակի ցավի դեպքում

1. Եթե լումբագոն հանկարծակի է բռնել, կտրուկ շարժումներ մի արեք: Զգուշորեն փորձեք գտնել մարմնի համար ամենահարմարավետ դիրքը, լավագույնն է զգուշորեն պառկել մահճակալին: Եթե մոտակայքում կա մերձավորներից մեկը, խնդրեք օգնել:
2. Լումբագոյի ժամանակ քնելու լավագույն դիրքը մեջքի վրա է: Կողքերի տակ խորհուրդ է տրվում դնել բարձեր՝ քնի ժամանակ շարժումները նվազագույնի հասցնելու համար: Ոտքերը լավագույնն է ծալել ծնկներից, դրանց տակ նույնպես պետք է ինչ-որ բան դնել:
3. Եթե ցավերը շատ ուժեղ են, տանը բժիշկ կանչեք:

## Ախտորոշում

Վերոնշյալ ախտանիշներ հայտնաբերելիս ախտորոշման համար պետք է դիմել նյարդաբան բժշկի: Հետազոտությունը ներառում է հետևյալ ընթացակարգերը:

![Ախտորոշում](https://lifeinfo.am/storage/images/lumbago%D5%9D-patcharner-axtanishner-ev-bujum-168.jpg "Ախտորոշում")

- նյարդաբանական հետազոտություն;
- ողնաշարի ռենտգեն;
- ողնաշարի ՀՇ կամ ՄՌՇ (компьютերային/մագնիսառեզոնանսային շերտագրություն);
- արյան և մեզի վերլուծություն;
- անամնեզի հավաքում և նյարդաբան բժշկի խորհրդատվություն:

## Բուժում

Լումբագոյի բուժումն ունի 2 հիմնական ուղղություն՝ անմիջապես հիվանդության բուժում և ցավային համախտանիշի վերացում: Հիվանդության պատճառի վերացման թերապիան ընտրվում է անհատապես և մեծապես կախված է լումբագոն հրահրած գործոնից:

![Բուժում](https://lifeinfo.am/storage/images/lumbago%D5%9D-patcharner-axtanishner-ev-bujum-126.jpg "Բուժում")

Սակայն գոյություն ունի որոշակի սխեմա և բուժման կարգ, որին հետևում են բժիշկների մեծամասնությունը:

1. Մահճակալային ռեժիմի նշանակում: Շատ կարևոր է պահպանել այս նշանակումը՝ ապաքինման գործընթացն արագացնելու և ցավային զգացողությունները նվազեցնելու համար: Բժիշկները սովորաբար խորհուրդ են տալիս պառկել երկու դիրքերից մեկում՝ որովայնի կամ մեջքի վրա: Մեջքի վրա պառկելիս հիվանդի ծնկները պետք է ծալված լինեն, իսկ սրունքների տակ տեղադրվում է հատուկ առարկա (բարձեր, աթոռակ), որը դրանք պահում է որոշակի բարձրության վրա: Որովայնի վրա պառկելիս բարձերը դրվում են նրա տակ:
2. Ցավազրկում: Ցավը հանելու համար նշանակվում են ցավազրկողներ, որոնք կարող են ընդունվել հաբերի կամ քսուքների տեսքով: Սովորաբար նշանակվում են Իբուպրոֆեն, Դիկլոֆենակ, Ռապտեն:
3. Հակաբորբոքային միջոցներ: Շատ հաճախ լումբագոն ուղեկցվում է բորբոքային գործընթացով, այդ պատճառով բժիշկները լրացուցիչ խորհուրդ են տալիս ընդունել այնպիսի հակաբորբոքային պատրաստուկներ, ինչպիսիք են՝ Ասպիրին, Իբուպրոֆեն, Դիմեքսիդ:

Բացի այդ, ուժեղ ցավերի դեպքում կիրառվում են քնաբերներ, սպազմոլիտիկներ կամ տրանքվիլիզատորներ:

Լրացուցիչ, բժշկի որոշմամբ կարող են անցկացվել ֆիզիոթերապևտիկ ընթացակարգեր, ասեղնաբուժություն, մերսում, հատուկ մարմնամարզություն: Երբեմն նշանակվում է հատուկ դիետա, որի դեպքում սննդակարգից բացառվում են շատ կծու, յուղոտ, ապխտած և տապակած ուտեստները:

## Կանխարգելում

1. Օրգանիզմին տվեք կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն, հիանալի տարբերակներ կարող են լինել հեծանվավազքը, լողը, ֆիթնես պարապմունքները:
2. Մի հովացրեք օրգանիզմը, հետևեք, որ հոսանքում չլինեք, հագնվեք եղանակին համապատասխան:
3. Քնեք կողքի վրա: Համարվում է, որ կողքի դիրքում ողնաշարն ամենալավն է բեռնաթափվում:
4. Ճիշտ կազմակերպեք աշխատատեղը, հետևեք, որ հարմարավետ լինի, մի կքեք և մի կորացրեք մեջքը:
5. Եթե նստակյաց կենսակերպ եք վարում, կանոնավոր պարապմունքներ արեք (թեքումներ, շրջադարձեր):
6. Ծանրությունները զգուշորեն տեղափոխեք: Ծանր իր բարձրացնելուց առաջ խորհուրդ է տրվում ծալել ծնկները: Փորձեք ծանրությունը բաշխել երկու ձեռքերի վրա:
