#  Սինուսիտ

![Սինուսիտի տեսակները](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-46254139.jpg "Սինուսիտի տեսակները")

Սինուսիտը տհաճ և հաճախ հանդիպող հիվանդություն է։ Սա պարանազալ խոռոչներում (ծոցերում) ընթացող բորբոքային պրոցես է։ Նման վիճակի պատճառ հաճախ է դառնում երկարատև մրսածությունը, վիրուսային կամ բակտերիալ վարակը կամ սխալ բուժումը։

Բովանդակություն:

- [Սինուսիտի տեսակները](#%D5%BD%D5%AB%D5%B6%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%BF%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ախտանիշները մեծահասակների մոտ](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B4%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF)
- [Ախտանիշները երեխաների մոտ](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF)
- [Բուժում](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բուժում ժողովրդական միջոցներով](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE)
- [Կանխարգելիչ միջոցներ](#%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%AB%D5%B9-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80)

Սինուսիտի զարգացման վրա կարող են ազդել նաև քթի խոռոչի անատոմիական կառուցվածքի խախտումը, ատամների հիվանդությունները, ալերգիկ ռինիտները և տարբեր պոլիպոզ գոյացությունները։

> Ուշադրություն դարձրե՛ք! Սինուսիտը ախտորոշել կարող է միայն բժիշկը՝ հիվանդի գանգատների, համակարգչային տոմոգրաֆիայի և ռենտգենագրության հիման վրա։

## Սինուսիտի տեսակները

Պաշտոնական բժշկության մեջ սինուսիտների դասակարգումն իրականացվում է հետևյալ հատկանիշներով.

1. Հիվանդության ընթացքի ձևի համաձայն՝ առանձնացվում են հիվանդության երկու տեսակ՝ քրոնիկական և սուր։ Սուր ձևը առաջանում է հանկարծակի։ Սինուսիտի սուր ձևի սրացումը կարող է հանգեցնել քրոնիկական ձևի առաջացմանը։
2. Բորբոքման բնույթը կարող է վկայել պրոդուկտիվ և էքսուդատիվ ձևերի մասին։
3. Վնասման գոտիները բնութագրում են հիվանդության ձախակողմյան և աջակողմյան ձևերը։
4. Առաջացման պատճառների համաձայն՝ առանձնացվում են բակտերիալ, վիրուսային, ալերգիկ, վնասվածքային և սնկային սինուսիտները։

> Կարևոր է! Քթի խոռոչից արտադրուկները այս հիվանդության հիմնական նշանը չեն, քանի որ որոշ դեպքերում սինուսիտը կարող է առաջանալ առանց հարբուխի։

## Ախտանիշները մեծահասակների մոտ

Եթե հիվանդության հենց սկզբում չզբաղվել սինուսիտի բուժմամբ, ապա հետագայում կարող են առաջանալ բարդություններ՝ տեսողության հետ կապված խնդիրներ, տարբեր ականջային վարակներ և նույնիսկ գլխուղեղի թաղանթների բորբոքային պրոցեսներ։ Հնարավոր խնդիրներից խուսափելու համար պետք է անմիջապես դիմել իրավասու մասնագետին։ Սա պետք է անել հետևյալ ախտանիշների առաջացման դեպքում.

1. Հոգնածության, թուլության և գլխացավի առաջացում։ Ուժեղ գլխացավը կարող է լինել ճակատային հատվածում, քթի կամրջի շրջանում, ինչպես նաև գլխի շարժումների ժամանակ։
2. Օրգանիզմի ինտոքսիկացիա՝ ախորժակի կորուստ, թուլություն և արագ հոգնածություն։
3. Մարմնի ջերմաստիճանի բարձրացում։
4. Քթի խցանվածություն, որը անցնում է մի քթանցքից մյուսը։ Առավոտյան քթից առատ արտադրուկ, ինչպես նաև չորություն քիթկոկորդում։ Կարող է առաջանալ հոտառության կորուստ։
5. Երկարատև հարբուխ, որն ուղեկցվում է կանաչ և դեղին արտադրուկներով։
6. Կարող է լինել նաև հազ։ Արժե ուշադրություն դարձնել, որ ուժեղ հազը գիշերը կարող է լինել թոքաբորբի ախտանիշ, իսկ առավոտյան ժամերին՝ բրոնխիտի։
7. Դեմքի և գայմորյան ծոցերի այտուցվածություն։
8. Կարող են առաջանալ նաև ցավային զգացողություններ ամբողջ դեմքի շրջանում և բերանից տհաճ հոտ։

Սինուսիտի առաջացման կարևոր նշանների թվին են պատկանում գլխացավերը, որոնք կարող են ախտահարել նույնիսկ աչքերի շուրջ հատվածը։ Սա կարող է տեղի ունենալ, քանի որ զարգացող պաթոլոգիան ախտահարում է ներգանգային կառույցները։

![Ախտանիշները մեծահասակների մոտ](https://lifeinfo.am/storage/images/sinusiti-axtanishnern-u-bujumy-118.jpg "Ախտանիշները մեծահասակների մոտ")

> Կարևոր է! Վազոմոտոր ռինիտի առաջացման պատճառներն են օծանելիքը, ալկոհոլը և բարձրացված խոնավությունը։ Իսկ սա հանգեցնում է այնպիսի հիվանդության, ինչպիսին սինուսիտն է։

Կա մի կարևոր ախտանշանային առանձնահատկություն, որը սինուսիտը տարբերում է այլ հիվանդություններից՝ ցավի տեղայնացումը դեմքի որոշակի հատվածներում։

## Ախտանիշները երեխաների մոտ

Եթե ձեր փոքրիկի քիթը խցանված է մեկ շաբաթից ավելի, և կիրառվող բուժումն արդյունավետ չէ, ապա, ամենայն հավանականությամբ, ծոցերում սկսվել է բորբոքային պրոցես։

Երեխաների մոտ սինուսիտը հիանալի բուժվում է, եթե այն ժամանակին ախտորոշվի։

Սինուսիտը սովորական հարբուխից տարբերել կարող է միայն որակյալ մասնագետը։ Արժե դիմել բժշկի՝ հետևյալ ախտանիշների հայտնվելու դեպքում.

- Քթում և քթամերձ շրջանում առաջանում են տհաճ զգացողություններ.
- Քթից առատ արտադրուկներ, հատկապես թարախային։
- Փոքրիկը զգում է չորություն կոկորդում և հաճախ խորխ է հազում։
- Քթով շնչելը դժվարացած է, քթային ձայն և առավոտյան թարախային խորխի արտադրություն։
- Երեխան գանգատվում է տարբեր տեղերում ցավի առաջացումից՝ այտեր, գլխի հետևի մաս, այտոսկրեր կամ ատամներ։
- Ջերմաստիճանը բարձրանում է 37 աստիճանից ավելի։
- Հայտնվում է ինտոքսիկացիա, ինչպես նաև թուլություն, դյուրագրգռություն և ախորժակի կորուստ։

Ճիշտ թերապիա նշանակելու համար կարևոր է իմանալ պատճառը, որը հարուցել է սինուսիտը։ Իսկ առանց բժշկի օգնության սա ավելի լավ է չանել։

> Կարևոր է! Քանի որ երեխայի քթային ուղիների կառուցվածքը տարբերվում է մեծահասակի քթից, նույնիսկ փոքր այտուցը կարող է հրահրել ծոցերի ուժեղ խցանվածություն։

## Բուժում

Սինուսիտի բուժումն իրականացվում է վիրաբուժական, սարքային և դեղորայքային եղանակներով։ Դեղորայքային բուժման հետևյալ տարբերակներն են.

![Ախտանիշները երեխաների մոտ](https://lifeinfo.am/storage/images/sinusiti-axtanishnern-u-bujumy-165.jpg "Ախտանիշները երեխաների մոտ")

1. Անոթասեղմիչ պատրաստուկներ՝ այտուցը նվազեցնելու և լորձի արտահոսքը բարելավելու համար։ Օրինակ՝ նաֆթիզին, գալազոլին կամ տիզին։ Արժե հիշել, որ նման պատրաստուկները կարող են արգելված լինել 6 տարեկանից փոքր երեխաների համար կիրառելու համար։
2. Այս միջոցներից հետո կաթեցվում են բուժիչ պատրաստուկներ։ Դրանք կարող են լինել կոլարգոլ կամ պրոտարգոլ։
3. Հակաբակտերիալ միջոցներին են պատկանում ամպիցիլինը և ամոքսիցիլինը։
4. Բժիշկը նշանակում է նաև հակահիստամինային միջոցներ։

Պատրաստուկները, բուժման մեթոդները և դեղաչափերը սահմանում է միայն բուժող բժիշկը։ Կարող են նշանակվել ֆիզիոպրոցեդուրաներ։ Ծանր դեպքերում կիրառվում է վիրաբուժական մեթոդ։

> Ուշադրություն դարձրե՛ք! Հակաբիոտիկների հաճախակի և անվերահսկելի օգտագործումը կարող է հանգեցնել բակտերիաների՝ պատրաստուկներին հարմարվելուն, և դրանք կկորցնեն իրենց արդյունավետությունը։ Եթե սինուսիտը հարուցված է վիրուսային վարակներով, ապա հակաբիոտիկները քիչ կօգնեն։

Սուր սինուսիտի դեմ պայքարելու պատրաստուկները պետք է նշանակի բժիշկը։ Կարող են օգնել քթի լվացումը աղային լուծույթներով, տարբեր գոլորշային ինհալացիաներ և հակաայտուցային միջոցներ։ Եթե հիվանդությունը տևում է յոթ օրից ավելի, բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ։

Քրոնիկական սինուսիտն առաջանում է հիվանդության սուր ձևի թերբուժման կամ լորձաթաղանթի որոշ վնասվածքների հետևանքով։ Հակաբիոտիկները այս դեպքում նշանակվում են հազվադեպ։ Նման ախտանիշների ժամանակ լավագույն պատրաստուկները համարվում են կորտիկոստերոիդային քթային սփրեյները։ Խորհուրդ է տրվում կիրառել նաև քթի ծոցերի ոռոգում աղային լուծույթներով։ Ալերգիկ սինուսիտների դեպքում ցուցված են հակաայտուցային, ցավազրկող և խորխաբեր պատրաստուկները։

> Կարևոր է! Անոթասեղմիչ և հակաայտուցային միջոցներն ունեն հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ, դրանք կիրառելուց առաջ պարտադիր պետք է ծանոթանալ դրանց հետ։

Խորհուրդ չի տրվում ինքնուրույն բուժվել և ընդունել հակահիստամինային պատրաստուկներ։ Նման դեղամիջոցները առաջացնում են լորձաթաղանթների չորություն և թանձրացնում են դրանք։

## Բուժումը ժողովրդական միջոցներով

Կան բազմաթիվ արդյունավետ ժողովրդական մեթոդներ, որոնք կարող են թեթևացնել նման վիճակը։ Լավ արդյունք է ստացվում, եթե օգտագործվի քթի և դեմքի մերսում։ Նման մերսում խորհուրդ է տրվում կատարել օրական մի քանի անգամ։

![Բուժում](https://lifeinfo.am/storage/images/sinusiti-axtanishnern-u-bujumy-157.jpg "Բուժում")

Հատուկ պտտվող շարժումներով անհրաժեշտ է մերսել հետևյալ կետերը․

1. Հոնքերի միջև գտնվող կետը։
2. Քթի թևերի եզրերին գտնվող կետերը։
3. Որոշակի կետեր, որոնք գտնվում են ծնոտային ծոցերի կենտրոնից վերև, ստորին կոպից 1,5 սմ ցածր։
4. Ինչպես նաև ականջների ելուստների մոտ գտնվող կետերը։

Քրոնիկ սինուսիտների դեպքում օգնում է Ստրելնիկովայի մեթոդով շնչառական մարմնամարզությունը։ Այն անհրաժեշտ է կատարել օրական երկու անգամ, 15 րոպե տևողությամբ։

Կարելի է կատարել հետևյալ պարզ վարժությունները․

- «Ափեր» վարժությունը կատարվում է այսպես․ պետք է ուղիղ կանգնել, ձեռքերը առաջ պարզել։ Կարճ ուժեղ ներշնչումի ժամանակ ափերը սեղմում ենք բռունցքի մեջ, արտաշնչելիս թուլացնում ենք։ Ներշնչումը հզոր է և արագ, պարտադիր քթով։ Արտաշնչումը աննկատ է։ Անընդմեջ կատարում ենք 8 այդպիսի ներշնչում։ Հետո՝ ընդմիջում։ Անհրաժեշտ է կատարել 12 այդպիսի մոտեցում։ Ընդհանուր առմամբ ներշնչումները պետք է լինեն 96-ը։
- Նմանատիպ ձևով կատարում ենք «ուսադիրներ» վարժությունը։ Կանգնում ենք ուղիղ և բռունցքները սեղմում ենք գոտկատեղին, ներշնչելիս ձեռքերը կտրուկ իջեցնում ենք ներքև, արտաշնչելիս հետ ենք տանում դեպի գոտկատեղը։ Նույնպես կատարում ենք 8 ներշնչում 12 անգամ։
- «Պոմպ» վարժությունը կատարվում է հետևյալ կերպ։ Կանգնում ենք ուղիղ, ձեռքերը իջեցնում ենք ներքև և կլորացնում ենք մեջքը, ներշնչելիս մի փոքր առաջ ենք կռանում, արտաշնչելիս վերադառնում ենք սկզբնական դիրքին։ Կրկնությունների քանակը նույնն է, ինչ նախորդ վարժություններում։

> Հետաքրքիր է! Շնչառական մարմնամարզությունը արդյունավետ է շնչառական համակարգի հետ կապված բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն նաև արդյունավետ է աշխատունակության բարձրացման և սիրտ-անոթային համակարգի ամրապնդման համար։

Խցանումները և լորձը հեռացնելու համար կիրառվում է ֆիզիոլոգիական աղի լուծույթ, կարելի է նաև կատարել ողողումներ սովորական ծովային աղի լուծույթով։ Այս դեպքում կօգնեն տաք հանքային ջրից պատրաստված լուծույթները։ Նման հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում ավելի շատ հեղուկ օգտագործել, որպեսզի կանխվի ջրազրկումը։ Ընդհանուր ամրապնդող հատկություններ ունեն կիտրոնով թեյը և կոճապղպեղի թեյը։ Մեծահասակները կարող են օգտագործել այնպիսի համեմունքներ, ինչպիսիք են ծովաբողկը կամ մանանեխը, դրանք լավ մաքրում են քթի ծոցերը։

![Բուժումը ժողովրդական միջոցներով](https://lifeinfo.am/storage/images/sinusiti-axtanishnern-u-bujumy-118.jpg "Բուժումը ժողովրդական միջոցներով")

Օրական մի քանի անգամ կարելի է կատարել գոլորշային ինհալացիաներ, որոնց մեջ ավելացնել մենթոլային, էվկալիպտային կամ այլ տեսակի յուղեր։

Հիանալի կերպով մաքրում է քթի ծոցերը «Զվյոզդոչկա» հայտնի բալզամի կիրառմամբ ինհալացիան։ Տաք ջրի մեջ անհրաժեշտ է ավելացնել այս բաղադրությունը դանակի ծայրին տեղավորվող քանակությամբ։ Եվ շնչել գոլորշու վրա։

Եթե ախտորոշումը հաստատված է, կարելի է օգտագործել հատուկ կոմպրեսներ քթի ծոցերի վրա։ Նման կոմպրեսները պետք է կատարել եփած ձվերից, որոնք պարտադիր պետք է փաթաթել կտորով, որպեսզի չայրվեն։ Բոլոր կոմպրեսները խորհուրդ է տրվում պահել մոտավորապես 20 րոպե։

Կարելի է օգտագործել բուսական ծագման բաղադրիչներից պատրաստված կաթիլներ։ Այս նպատակների համար հարմար են հետևյալ բաղադրամասերը․

- ալոեի հյութ և կալանխոեի հյութ,
- սխտորի հյութ՝ ձիթապտղի յուղի հետ խառնված,
- ճակնդեղի հյութ։

Մրսածությունների դեպքում կարող են օգտագործվել մանանեխով ոտնաբաղնիքներ։ Եթե մանանեխ չկա, տաք ջրին ավելացվում են մանանեխի սպեղանիներ։

## Կանխարգելիչ միջոցառումներ

Որպեսզի բուժման կարիք չառաջանա, անհրաժեշտ է կիրառել արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ։ Ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների առողջությունը կախված է սենյակում որոշակի խոնավությունից, օդի թարմությունից և ջերմային ռեժիմից։

Օպտիմալ միկրոկլիմայի դեպքում մրսածությունները հազվադեպ կայցելեն ձեր ընտանիքին։ Սենյակում միջին ջերմաստիճանը 20-22 աստիճան է։ Ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում օրգանիզմը կարող է քրտնել և անհարմար զգալ։

![Կանխարգելիչ միջոցառումներ](https://lifeinfo.am/storage/images/sinusiti-axtanishnern-u-bujumy-145.jpg "Կանխարգելիչ միջոցառումներ")

Ձմռանը խորհուրդ չի տրվում օգտագործել հզոր ջեռուցիչ սարքեր, որոնք չորացնում են օդը։ Մեծ նշանակություն ունի սենյակի խոնավությունը։ Այն պետք է կազմի 50-70%։ Չոր օդի դեպքում չորանում են լորձաթաղանթները։ Անհրաժեշտ խոնավություն ստեղծելը հեշտ է խոնավացուցիչների և ամենօրյա թաց մաքրումների միջոցով։ Կարևոր է նաև օդի մաքրությունը։ Սենյակը պետք է օդափոխել օրական մի քանի անգամ, նույնիսկ ցուրտ եղանակին։ Օդափոխության ժամանակ փոքրիկին ավելի լավ է հանել սենյակից։

> Կարևոր է! Պատուհանները բացելիս միշտ պետք է հիշել երեխայի անվտանգության մասին և նրան մենակ չթողնել։ 1,5 տարեկանից սկսած փոքրիկները կարող են ինքնուրույն բարձրանալ պատուհանագոգին։

Բարդությունները կանխելու համար կարևոր է ճիշտ բուժել գրիպը, մրսածության տարբեր տեսակները և այլ վարակիչ հիվանդություններ, որոնք հաճախ բորբոքում են առաջացնում։ Չի կարելի թողնել, որ սովորական հարբուխը ընթացք ստանա։

Կանխարգելման կարևոր միջոց է հանդիսանում իմունային համակարգի ամրապնդումը։ Անհրաժեշտ է վարել առողջ կենսակերպ, առավոտյան կատարել վարժությունների համալիր, ճիշտ սնվել և զբաղվել սպորտով։

Սննդակարգում պետք է ընդգրկվեն օգտակար և առողջարար մթերքներ, որոնք հարուստ են տարբեր միկրոէլեմենտներով։

Կան հետևյալ պարտադիր կանխարգելիչ միջոցառումները․

- պետք է խուսափել ցրտահարումից,
- խորհուրդ չի տրվում լողալ ուժեղ քլորացված ջրով լողավազաններում,
- ավելի հաճախ օդափոխել սենյակը,
- ժամանակին բուժել բոլոր հիվանդությունները,
- ամրապնդել իմունիտետը,
- կատարել կարծրացման պրոցեդուրաներ,
- ապահովել բերանի խոռոչի կանոնավոր սանացիա։

Այսօր սինուսիտը տարածված հիվանդություն է։ Դրանով տառապում են թուլացած իմունիտետ ունեցող երեխաներ և մեծահասակներ, ովքեր հաճախ և երկար ժամանակ հիվանդանում են մրսածությամբ։ Հետևաբար այնքան կարևոր է հոգ տանել սեփական առողջության մասին և ժամանակին իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։

Այս հիվանդության կասկածի դեպքում չարժե բախտը փորձել և զբաղվել ինքնաբուժությամբ։ Պետք է անմիջապես դիմել որակյալ օգնության։ Արդյունավետ և արագ ապաքինում հնարավոր է միայն ճիշտ բուժման դեպքում։

Եվ չարժե վախենալ հերթական անգամ ժամանակ հատկացնել մարզանքի և կարծրացման պրոցեդուրաների վրա։ Սա կօգնի խնայել միջոցներ թանկարժեք բուժիչ պատրաստուկների վրա։
