# ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ

![](https://lifeinfo.am/storage/images/vahanadzev-gexdzi-hivandutyunneryserakan-xangarumnery-47.jpg)

Վահանագեղձի հորմոնները իրենց ակտիվ ազդեցությունն ունեն սեքսուալ ֆունկցիայի վրա: Նրանք այդ ազդեցությունն իրականացնում են ինչպես անմիջականորեն ազդելով, այնպես էլ միջնորդավորված` հիպոթալամուսի և հիպոֆիզի վրա ներգործելով:

***ՀԻՊՈԹԻՐԵՈԶ*** – կամ միքսեդեմա, ընկճվում է վահանագեղձի ֆունկցիան: Առաջնային հիպոթիրեոզի ժամանակ ախտահարվում են անմիջականորեն վահանագեղձը, երկրորդայինի ժամանակ` հիպոթալամո-հիպոֆիզար համակարգը: Թիրեոիդ հորմոնների անբավարարությունը բերում է օրգանիզմի բոլոր փոխանակային պրոցեսների դանդաղմանը, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում սեքսուալ կյանքի վրա:

Հիվանդների գանգատները` քնկոտություն, փորկապություն, մաշկի չորություն, հիշողության վատացում: Նկատվում է սեռական ցանկության իջեցում(երկու սեռերի մոտ էլ), կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարում, տղամարդկանց մոտ` էրեկցիայի թուլացում, սերմի ծավալի քչացում:

Օբյեկտիվ զննման ժամանակ հիվանդի մոտ հայտնաբերվում է մաշկի չորություն, դեմքի այտուցվածություն, մազաթափություն, մարմնի ջերմաստիճանի իջեցում, բրադիկարդիա: Երկարատև չբուժված հիպոթիրեոզի ժամանակ առաջանում է ամորձիների հիպոպլազիա և շագանակագեղձի հիպերպլազիա: Լեյդինգի բջիջների որոշ մասը ենթարկվում է ինվոլյուցիայի: Մեծ մաս հիվանդների մոտ հայտնաբերվում է պրոլակտինի քանակի բարձրացում, որն էլ իր հերթին նպաստում է սեքսուալ ֆունկցիայի խանգարմանը: Բուժումը պետք է կազմակերպել էնդոկրինոլոգի և սեքսոպաթոլոգի համատեղ աշխատանքի հիման վրա:

***ԹԻՐԵՈՏՈՔՍԻԿՈԶ*** – բնորոշվում է վահանագեղձի մեծացմամբ և գերֆունկցիայով: Հիվանդների գանգատները` քաշի կորուստ` նորմալ կամ բարձր ախորժակի պարագայում, սրտխփոց, քրտնոտություն, ձեռքերի դող, ընդհանուր թուլություն: Սեռական բնույթի խանգարումները` կանանց մոտ անկանոն դաշտաններ, տղամարդկանց մոտ` սեքսուալ ակտիվության նվազում, միակողմանի կամ երկկողմանի գինեկոմաստիա: Ամորձիների ֆունկցիոնալ վիճակն այնքան էլ չի տուժում, ինչքան հիպոթիրեոզի ժամանակ, բեղմնավորման ֆունկցիան պահպանվում է :

Բուժումը կատարվում է էնդոկրինոլոգի և սեքսոպաթոլոգի համատեղ աշխատանքի հիման վրա:

*Նյութը` Մնաց Փահլևանյանի* [*ֆեյբուքյան էջից*](https://www.facebook.com/Serakan.aroxjutyun/)*: 093005725 , viber , whatsapp` +37493005725*
