Անիսոնի բուժական հատկությունները և հակացուցումները
Անիսոնը դասվում է մեկամյա բույսերին, պատկանում է նեծուրազգիների ընտանիքին: Ամառվա ընթացքում՝ հունիսի վերջին-հուլիսի սկզբին, կարելի է տեսնել անիսոնի ծաղկումը: Արդեն օգոստոսին հասնում են բույսի պտուղները: Անիսոնը կամ, ինչպես այն նաև անվանում են, բադյանը ունի շատ հաճելի բույր: Մարդկանց մեծ մասի կարծիքով՝ բադյանը օգտագործում են միմիայն որպես համեմունք: Սակայն այս բույսը, ավելի ճիշտ՝ դրա պտուղները – սերմերը, լայնորեն օգտագործվում են բժշկության, կոսմետոլոգիայի և մի շարք այլ ոլորտներում: Դիտարկենք, թե ինչպիսի հատկություններով է գրավում այս բույսը, որոնք են դրա օգտակար հատկությունները, և ինչպես են այն օգտագործում առօրյա կյանքում:
Հիմնական բուժական հատկությունները.
- ջերմիջեցնող;
- խորխաբեր;
- լուծողական;
- հակամանրէային;
- ցավազրկող:
Պտուղների կազմը
Անիսոնի պտուղների կազմում առկա են աներևակայելիորեն օգտակար եթերային և ճարպային յուղեր: Դրանք կարող են դրականորեն ազդել մարդու վրա, քանի որ պարունակում են առողջության համար այնպիսի կարևոր բաղադրիչներ, ինչպիսիք են՝ անետոլ, մեթիլխավիկոլ, անիսոնային կետոն, օրգանական թթու:
Բժշկության մեջ անիսոնը օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Դրանցից են՝ կանացի հիվանդություններ, ստամոքսի և աղիների հիվանդություններ, անոթային հիվանդություններ:
Կոսմետոլոգիայում բույսի յուղը ավելացնում են բազմաթիվ քսուքների, դիմակների, լոսյոնների կազմում: Դրա հակաբորբոքային և հանգստացնող հատկությունները տալիս են հիանալի արդյունքներ բազմաթիվ մաշկային խնդիրների դեմ պայքարում, հարստացնում են այն, պահպանում երիտասարդությունը:
Անսահման է բադյանի սերմերի օգտագործումը խոհարարության մեջ: Բուրումնավետ յուղը տալիս է կերակրատեսակներին նուրբ բուրմունք, հիանալի համ և հնչերանգ:
Հետաքրքիր է իմանալ. անիսոնի բույրը սիրում են կենդանիները և նույնիսկ ձկները: Այս համեմունքով պատրաստված կերը օգտագործում են կենդանիների վարժեցման համար, իսկ ձկնորսները ավելացնում են մի կաթիլ անիսոնի յուղ ձուկ բռնելու խայծին:
Անիսոնը բժշկության մեջ
Բժշկության ոլորտում բադյանի սերմի յուղը կիրառում են հետևյալ հիվանդությունների դեպքում.
- նյարդային խանգարումներ, խրոնիկական հոգնածություն, նյարդային լարվածություն; տարբեր ծագման միգրեններ և գլխացավեր;մարսողության խանգարումներ, սրտխառնոց, լուծ;
- վերին շնչառական օրգանների հարբուխային հիվանդություններ;
- ցավի սինդրոմ կանանց մոտ դաշտանի, ինչպես նաև՝ կլիմաքսի ընթացքում;
- միզասեռական համակարգի հիվանդություններ:
Դիտարկենք որոշ հիվանդությունների բուժման մի քանի առավել հայտնի դեղատոմսերը:
Բաղադրատոմս հազի դեմ
Հազից ազատվելու համար անհրաժեշտ է օգտագործել հետևյալ բաղադրատոմսը: Բույսի կես բաժակ սերմերի վրա լցնել 200 մլ եռացրած ջուր, հասցնել եռման և եփել մարմանդ կրակի վրա 15-20 րոպե: Դեղը սառելուց հետո քամել, խառնել 5 ճ. գ. մեղրի հետ և կրկին եռացնել: Եթե խառուդրը պետք է օգտագործի մեծահասակ, ավելացնում են նաև 1 թ. գ. կոնյակ: Ընդունել հարկավոր է 1 թ. գ. յուրաքանչյուր ժամը մեկ և հազի ուժեղ նոպայի ժամանակ:
Բաղադրատոմս անքնության և քրոնիկ հոգնածության դեմ
Պատրաստելու համար անհրաժեշտ են կաթ և բադյանի սերմեր: 1 թեյի գդալ սերմերը պետք է մանրացնել ձեռքով կամ սրճաղացով: Ստացված փոշին լցնել մեկ բաժակ տաք կաթի մեջ և թողնել 1-2 ժամ: Հետո քամել և ընդունել քնելուց առաջ տաք վիճակով։ Նման միջոցը գերազանց է նաև երեխաների համար:
Գաստրիտի բուժում
Թերմոսի մեջ լցնել ճաշի գդալ սերմեր և վրան ավելացնել եռման ջուր: Այն բանից հետո, երբ միջոցը թրմվի 2-3 ժամ, կարելի է այն ընդունել: Խորհուրդ է տրվում խմել այն օրը մինչև 5 անգամ՝ ցավերի և սրացումների ժամանակ:
Երիկամների քարերի դեպքում
200 գ եռման ջրին ավելացնել մեկ թեյի գդալ անիսոնի պտուղներից: Թրմել դեղամիջոցը 2-3 ժամ, այնուհետև քամել: Ընդունել օրը 3 անգամ 50 գ ուտելուց առաջ:
Երեխաների համար բույսը կիրառում են մարսողության խանգարումների և փորացավի (գազիկներ, колики) վերացման համար:
Անիսոնի ջուր փորացավի դեմ
Մանրացնել մեկ թեյի գդալ պտուղները և վրան լցնել մեկ բաժակ եռման ջուր: Եռացնել, թողնել դանդաղ կրակի վրա 15 րոպե: Պահել միջոցը սառնարանում մի քանի օր։ Կրծքի երեխային տալ մի քանի կաթիլ, մեկ տարեկանից բարձր երեխաներին՝ մեկ թեյի գդալից 3 անգամ օրը:
Կարևոր է. բաղադրատոմսերն օգտագործելիս անպայման խորհրդակցեք բժշկի հետ: Դա կօգնի խուսափել տհաճ երևույթներից, ինչպիսիք են ալերգիան կամ օրգանիզմի այլ ռեակցիաներ:
Անիսոնը կոսմետոլոգիայում
Անիսոնը ունի աներևակայելի օգտակար հատկություններ մաշկին թարմություն, առողջություն և գեղեցկություն հաղորդելու համար: Այս բույսի յուղը օգտագործվում է որպես անփոխարինելի հավելում դեմքի և մարմնի շատ քսուքների համար:
Անիսոնը ներգործում է մաշկի վրա հետևյալ կերպ.
- թարմեցնում է;
- վերացնում է այտուցները;
- հանգստացնում է բորբոքումը;
- կարգավորում է ջրային-ճարպային հավասարակշռությունը;
- երիտասարդեցնում է:
Հաճախ բադյանի օգտակար հատկությունները օգտագործում են նաև մազերի համար: Մազերի դիմակներին և բալզամներին ավելացնելով անիսոնի յուղ՝ մազերը դառնում են փայլուն, ամուր, ստանում են ամուր ու առողջ տեսք:
Դիտարկենք ամենատարածված բաղադրատոմսերը կանանց համար:
Վերականգնող դիմակ
Պատրաստելու համար պետք է մեղր, թթվասեր և անիսոնի եթերային յուղ: Թթվասերը կարող է լինել ցանկացած յուղայնության: Խառնել 2 ճաշի գդալ թթվասեր, 1 ճաշի գդալ մեղր և յուղի 3 կաթիլ: Զգուշորեն խառնել և քսել մաշկին, թողնել 10-15 րոպե:
Խոնավեցնող դիմակ
Խառնել վարսակի փաթիլներ և թարմ քերած վարունգ հավասար քանակությամբ: Հետո ավելացնել 3 կաթիլ յուղ: Քսել դեմքի և վզի մաշկին պատրաստելուց անմիջապես հետո, թողնել 10-15 րոպե:
Բալզամ մազերի համար
Մազերի առողջության համար կիրառում են հետևյալ բաղադրատոմսը. մեկ ճաշի գդալ բադյանի սերմի վրա լցնել 1լ եռման ջուր, ավելացնել 2 ճ. գ. եղինջ: Եռացնել և անջատել, մի քանի ժամ անց օգտագործել միջոցը՝ որպես բալզամ մազերի լվացումից հետո:
Կիրառումը խոհանոցում
Բուրավետ համեմունքի կրառմանը խոհարարության մեջ սահման չկա: Օգտագործել այն սկսել են դեռևս հնագույն ժամանակներից: Մեր նախնիներին գրավել է բույսի բուրմունքը: Ուտեստին ավելացնելիս համեմունքը լրացնում և բարելավում է դրա համային որակները: Հիանալի համադրվում է անիսոնը նաև այլ համեմունքների հետ, ինչպիսիք են՝ դափնու տերև, հիլ, ֆենխել, բուրումնավետ պղպեղ:
Ի՞նչ ճաշատեսակներում օգտագործել անիսոն.
- մսային ուտեստներ;
- ձուկ;
- աղցաններ;
- սոուսներ և հավելումներ;
- խմորային ւոտեստներ, օմլետներ;
- աղանդեր, և շատ այլ տեսակի ուտեստներ:
Լայնորեն օգտագործում են պտուղները պահածոյացման գործում: Դրանից նաև պատրաստում են օղի, որն ունի կծու բուրմունք և հաճելի համ.
Կարևոր է. ցանկացած նպատակի համար պետք է ընտրել որակյալ և թարմ անիսոն: Դրա գույնը պետք է լինի վառ, իսկ բուրմունքը՝ հաճելի:
Հակացուցումները
Ինչպես և շատ այլ բույսեր, անիսոնը ևս ունի որոշ հակացուցումներ: Համարվում է, որ չի կարելի ընդունել այն հղիության ընթացքում: Բժիշկները կարծում են, որ բույսի յուղը կարող է բացասաբար ազդել երեխայի վրա և առաջացնել արգանդային արյունահոսություն:
- Կտրականապես արգելվում է օգտագործել անիսոնը խոցի դեպքում: Դրա յուղերը կարող են գրգռող ազդեցություն ունենալ վնասված լորձաթաղանթի վրա:
- Անիսոնը նաև կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ: Զգույշ պետք է օգտագործել համեմունքը ասթմայով և թոքերի այլ հիվանդություններով տառապող հիվանդներին:
Չպետք է կիրառել անիսոնը բուժման մեջ երկար ժամանակ: Կուրսը պետք է կազմի ոչ ավելի, քան 5-7 օր: Օգտագործեք բնության բարիքները ճիշտ, եղեք առողջ ու երջանիկ.