Լումբագո

Լումբագոն - կտրուկ, կրակոցանման ցավ է գոտկային հատվածում, որի պատճառով այն նաև կոչվում է «գոտկային կրակոց»: Երբ նման ախտորոշում է դրվում, չարժե վախենալ անունից: Մենք կպատմենք, թե ինչ է լումբագոն և ինչպես բուժել այս հիվանդությունը:
Հանկարծակի առաջացած ցավը կարող է ուժեղանալ՝ ստիպելով մարդուն ընդունել այնպիսի դիրք, որում այն ամենաքիչ է զգացվում: Առավել հաճախ, կտրուկ լումբագոյի ժամանակ, մարդն ակամայից ծալվում է, որից հետո ինքնուրույն չի կարողանում ուղղվել: Նման զգացողություններ են առաջանում հազի, փռշտոցի, թեքումների, ծանր առարկաներ բարձրացնելու ժամանակ:
Պատճառներ
- ողնաշարի հիվանդություններ (օստեոխոնդրոզ, ռևմատիտ և այլն);
- տարբեր ուռուցքներ;
- վարակներ;
- ողների տեղաշարժ կամ միջողնային սկավառակի դուրսպրծում:
Որպես կանոն, այս հիվանդություններն ինքնին չեն առաջացնում լումբագո, դրա առաջացման համար անհրաժեշտ է խթանիչ (կատալիզատոր): Գոտկային կրակոցը կարող է հրահրվել.
- ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ;
- հովացումով կամ ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով;
- «անհաջող» շարժումով;
- երկար ժամանակ նույն դիրքում գտնվելով;
- վնասվածքով;
- սթրեսային իրավիճակով:
Ախտանիշներ
Լումբագոյի հիմնական ախտանիշը հանկարծակի ցավն է: Ցավային զգացողությունների բնույթը կախված է հիվանդի օրգանիզմի առանձնահատկություններից, հիվանդության պատճառից և կարող է տարբեր լինել տարբեր մարդկանց մոտ:
Մարդը կարող է զգալ քաշող, պատառոտող, զարկերակային ցավ, որը աստիճանաբար ուժեղանում և ավելանում է շարժումների ժամանակ: Միջինում ցավային զգացողությունները տևում են 1-2 օր, սակայն լինում են դեպքեր, երբ լումբագոն չի անցնում ամիսներով:
Այլ ախտանիշներ:
- Որոշակի դիրքում սառչում (անշարժանալ): Սա տեղի է ունենում այն պատճառով, որ ցանկացած շարժման ժամանակ տհաճ զգացողություններն ավելի են ուժեղանում, և մարդն անգիտակցաբար ընտրում է իր համար լավագույն դիրքը:
- Ցավ, որը տարածվում է ազդր կամ հետույք:
- Շարժումներ կատարելու, հարմարավետ դիրք ընդունելու դժվարություններ:
Ինչ անել հանկարծակի ցավի դեպքում
- Եթե լումբագոն հանկարծակի է բռնել, կտրուկ շարժումներ մի արեք: Զգուշորեն փորձեք գտնել մարմնի համար ամենահարմարավետ դիրքը, լավագույնն է զգուշորեն պառկել մահճակալին: Եթե մոտակայքում կա մերձավորներից մեկը, խնդրեք օգնել:
- Լումբագոյի ժամանակ քնելու լավագույն դիրքը մեջքի վրա է: Կողքերի տակ խորհուրդ է տրվում դնել բարձեր՝ քնի ժամանակ շարժումները նվազագույնի հասցնելու համար: Ոտքերը լավագույնն է ծալել ծնկներից, դրանց տակ նույնպես պետք է ինչ-որ բան դնել:
- Եթե ցավերը շատ ուժեղ են, տանը բժիշկ կանչեք:
Ախտորոշում
Վերոնշյալ ախտանիշներ հայտնաբերելիս ախտորոշման համար պետք է դիմել նյարդաբան բժշկի: Հետազոտությունը ներառում է հետևյալ ընթացակարգերը:
- նյարդաբանական հետազոտություն;
- ողնաշարի ռենտգեն;
- ողնաշարի ՀՇ կամ ՄՌՇ (компьютերային/մագնիսառեզոնանսային շերտագրություն);
- արյան և մեզի վերլուծություն;
- անամնեզի հավաքում և նյարդաբան բժշկի խորհրդատվություն:
Բուժում
Լումբագոյի բուժումն ունի 2 հիմնական ուղղություն՝ անմիջապես հիվանդության բուժում և ցավային համախտանիշի վերացում: Հիվանդության պատճառի վերացման թերապիան ընտրվում է անհատապես և մեծապես կախված է լումբագոն հրահրած գործոնից:
Սակայն գոյություն ունի որոշակի սխեմա և բուժման կարգ, որին հետևում են բժիշկների մեծամասնությունը:
- Մահճակալային ռեժիմի նշանակում: Շատ կարևոր է պահպանել այս նշանակումը՝ ապաքինման գործընթացն արագացնելու և ցավային զգացողությունները նվազեցնելու համար: Բժիշկները սովորաբար խորհուրդ են տալիս պառկել երկու դիրքերից մեկում՝ որովայնի կամ մեջքի վրա: Մեջքի վրա պառկելիս հիվանդի ծնկները պետք է ծալված լինեն, իսկ սրունքների տակ տեղադրվում է հատուկ առարկա (բարձեր, աթոռակ), որը դրանք պահում է որոշակի բարձրության վրա: Որովայնի վրա պառկելիս բարձերը դրվում են նրա տակ:
- Ցավազրկում: Ցավը հանելու համար նշանակվում են ցավազրկողներ, որոնք կարող են ընդունվել հաբերի կամ քսուքների տեսքով: Սովորաբար նշանակվում են Իբուպրոֆեն, Դիկլոֆենակ, Ռապտեն:
- Հակաբորբոքային միջոցներ: Շատ հաճախ լումբագոն ուղեկցվում է բորբոքային գործընթացով, այդ պատճառով բժիշկները լրացուցիչ խորհուրդ են տալիս ընդունել այնպիսի հակաբորբոքային պատրաստուկներ, ինչպիսիք են՝ Ասպիրին, Իբուպրոֆեն, Դիմեքսիդ:
Բացի այդ, ուժեղ ցավերի դեպքում կիրառվում են քնաբերներ, սպազմոլիտիկներ կամ տրանքվիլիզատորներ:
Լրացուցիչ, բժշկի որոշմամբ կարող են անցկացվել ֆիզիոթերապևտիկ ընթացակարգեր, ասեղնաբուժություն, մերսում, հատուկ մարմնամարզություն: Երբեմն նշանակվում է հատուկ դիետա, որի դեպքում սննդակարգից բացառվում են շատ կծու, յուղոտ, ապխտած և տապակած ուտեստները:
Կանխարգելում
- Օրգանիզմին տվեք կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն, հիանալի տարբերակներ կարող են լինել հեծանվավազքը, լողը, ֆիթնես պարապմունքները:
- Մի հովացրեք օրգանիզմը, հետևեք, որ հոսանքում չլինեք, հագնվեք եղանակին համապատասխան:
- Քնեք կողքի վրա: Համարվում է, որ կողքի դիրքում ողնաշարն ամենալավն է բեռնաթափվում:
- Ճիշտ կազմակերպեք աշխատատեղը, հետևեք, որ հարմարավետ լինի, մի կքեք և մի կորացրեք մեջքը:
- Եթե նստակյաց կենսակերպ եք վարում, կանոնավոր պարապմունքներ արեք (թեքումներ, շրջադարձեր):
- Ծանրությունները զգուշորեն տեղափոխեք: Ծանր իր բարձրացնելուց առաջ խորհուրդ է տրվում ծալել ծնկները: Փորձեք ծանրությունը բաշխել երկու ձեռքերի վրա:


