Կակազություն

Ինչ է կակազությունը

Ուժեղ սթրեսի, վախի ֆոնի վրա որոշ երեխաների մոտ, ավելի հազվադեպ՝ մեծահասակների մոտ, զարգանում է կակազություն: Հիվանդությանը բնորոշ է խոսքի սահունության բացակայությունը, ընդհատվածությունը, հնչյունների, վանկերի կրկնությունը: Բուժման համար կիրառվում են տարբեր մեթոդներ՝ հոգեթերապիայից մինչև դեղորայքային պատրաստուկներ:

Բովանդակություն:

Ինչ է կակազությունը

Կակազությունը խոսքի տեմպո-ռիթմիկ կազմակերպման խանգարում է, որի ժամանակ նկատվում են բառերի, հնչյունների բազմակի կրկնություններ, ձայնավորների ձգձգում, նախադասությունների ընդհատվածություն:

Կակազությունը առավելապես առաջանում է 3-5 տարեկան հասակում, սակայն երբեմն՝ սթրեսի կամ այլ էթիոլոգիայի պատճառների ֆոնի վրա, հիվանդությունը զարգանում է նաև դեռահասների, միջին և ծերունական տարիքի մարդկանց մոտ:

Կարևոր է! Կակազությամբ զորակոչվո՞ւմ են բանակ: Զինվորական ծառայությունից ազատվում են այն երիտասարդները, ովքեր ունեն ախտորոշված կակազության բարձր աստիճան, ունեն խախտումներ խոսքային ապարատի բոլոր բաժիններում, նկատվում են նևրոտիկ դրսևորումներ, ցնցումներ, շնչառության ակնհայտ խնդիրներ:

Կակազության տեսակները

Խոսքային խանգարումների տեսակը և ծանրության աստիճանը որոշելու համար կիրառվում են տարբեր դասակարգումներ:

Պաթոլոգիայի տեսակները.

  1. Էվոլյուցիոն - հիվանդությունն առաջանում է 2-4 տարեկանում, դեռահասության տարիքում թուլանում է, լինում է նևրոտիկ և նևրոզանման:
  2. Ռեակտիվ - ունի հոգեծին բնույթ, առաջանում է դեռահասների մոտ՝ որպես ռեակցիա անբարենպաստ իրադարձությունների նկատմամբ:
  3. Սիմպտոմատիկ - հիվանդության երկրորդային ձևը զարգանում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական բնույթի վնասման հետևանքով: Այն ախտորոշվում է ուռուցքների, արյան վատ շրջանառության, էնցեֆալիտի դեպքում:
  4. Ըստ ծանրության աստիճանի՝ հիվանդությունը լինում է թեթև, միջին և ծանր:

Կակազության նևրոտիկ ձևի առաջացմանը նախորդում է ուժեղ սթրեսը, նյարդային ցնցումը: Պաթոլոգիայի այս ձևը կարող է առաջանալ նորմալ զարգացում ունեցող 2-6 տարեկան երեխաների մոտ: Երբեմն նկատվում են կլինիկական ցնցումներ, որոնք ուժեղանում են խոսքի սկզբում նյարդային լարվածության ժամանակ: Հիվանդության այս տեսակը կոչվում է լոգոնևրոզ:

Կակազության տեսակները

Նևրոտիկ կակազությունը բաժանվում է 3 տեսակի՝ կախված խոսքի առանձնահատկություններից: Կլոնիկ ձևը դրսևորվում է որոշ հնչյունների, վանկերի, բառերի բազմակի կրկնությամբ: Տոնիկ կակազությունն ախտորոշվում է երկար դադարների, բառերի ավելորդ ձգձգվածության և երկարացման առկայության դեպքում: Գոյություն ունի նաև խառը տեսակը, երբ պաթոլոգիայի տարբեր տիպեր հերթափոխվում են:

Նևրոզանման կակազությունը վկայում է ուղեղի տարբեր խանգարումների առկայության մասին, առաջանում է 3-4 տարեկանում՝ խոսքի ինտենսիվ զարգացման ժամանակաշրջանում: Այս պաթոլոգիայով երեխաները արագ հոգնում են, նրանք դյուրագրգիռ են, երբեմն նկատվում են հոգեբուժական շեղումներ:

Կակազության թեթև աստիճանի դեպքում առաջանում են աննշան կակազանքներ, որոնք գործնականում չեն խանգարում հաղորդակցությանը, սակայն անհրաժեշտ է դիմել մասնագետի, որպեսզի պաթոլոգիան չվերածվի խրոնիկական ձևի: Հիվանդության միջին աստիճանի դեպքում կակազանքները բավական երկարատև են, մարդը հաճախ կանգ է առնում նախադասության կեսին:

Կակազության ո՞ր աստիճանին է ուղեկցում էմբոլոֆրազիան: Էմբոլները կամ մակաբույծ-բառերը յուրաքանչյուր նախադասության սկզբում հիվանդության ծանր խրոնիկական ձևի նշան են: Կարող են ավելանալ նաև այլ պաթոլոգիաներ՝ լոգոֆոբիա (խոսելու վախ) և կամավոր, ակամա ուղեկցող շարժումներ:

Լոգոնևրոզ և նևրոզանման կակազություն - տարբերությունների աղյուսակ

Բնութագիր Լոգոնևրոզ Կակազություն
Ձև Հոգեծին հիվանդություն, հիմնականում վնասվում են խոսքային ֆունկցիաները Ֆիզիոլոգիական հիվանդություն
Առաջացման պատճառները Անբարենպաստ հոգեբանական գործոններ Գլխուղեղի օրգանական վնասվածքներ
Հիվանդության դրսևորման աստիճանը Հանգիստ միջավայրում հիվանդության նշանները գործնականում բացակայում են Դրսևորվում է մշտապես
Ուղեկցող հիվանդությունների առկայություն Լոգոֆոբիա, դեմքի տիկեր, մկանային լարվածություն, կոպերի, շուրթերի հաճախակի դողում, էնուրեզ: Ուժեղ ժեստիկուլյացիա, անհստակ արտասանություն, խոսքի բարձր ակտիվություն, լոգոֆոբիան այս դեպքում բացակայում է
Ո՞ր տարիքում է հայտնվում 2-5 տարեկանում, ավելի մեծ տարիքում հիվանդության առաջացման ռիսկը չի գերազանցում 1%-ը Ավելի հաճախ՝ 3-4 տարեկանում, սակայն ուռուցքների կամ ուղեղի վնասվածքների ֆոնի վրա կարող է առաջանալ ցանկացած տարիքում

Կարևոր է! Կակազությունը արագ զարգացող հիվանդություն է: Խոսքային խնդիրների ֆոնի վրա սկսում են առաջանալ տարբեր ուղեկցող պաթոլոգիաներ: Եթե ժամանակին չսկսել թերապիան, հիվանդությունը կվերածվի խրոնիկական ձևի, որը լրիվությամբ բուժելը շատ դժվար է լինում:

Պատճառները

Կակազությունն առաջանում է խոսքային ապարատի մկանների ցնցումների հետևանքով, որոնք առաջանում են նյարդային գործընթացների խախտման ֆոնի վրա: Արդյունքում խախտվում է նյարդային իմպուլսների փոխանցումը գլխուղեղի որոշ հատվածներում, խոսքի բաղադրիչները սկսում են աշխատել ասինխրոն: Խոսքային խնդիրների ճշգրիտ էթիոլոգիան առայժմ բացահայտված չէ, սակայն գոյություն ունի մի շարք գրգռող հոգեբանական, ֆիզիոլոգիական և սոցիալական գործոններ:

Պատճառները

Ինչու՞ է առաջանում կակազությունը.

  • ուժեղ վախ, հոգեհուզական ցնցում, վախեր;
  • գլխուղեղի վնասվածքներ;
  • վաղ տարիքում ինտենսիվ մտավոր ծանրաբեռնվածություն;
  • ծննդաբերական վնասվածքներ, որոնք հանգեցրել են ԿՆՀ-ի վնասման;
  • կնոջ վարակիչ հիվանդություններ հղիության ընթացքում;
  • կյանքի առաջին ամիսներին վարակիչ բնույթի ծանր պաթոլոգիաներ, ռախիտ;
  • կակազող հարազատների խոսքի կրկնօրինակում, ծնողների արագ և անհստակ խոսք;
  • փչացվածություն, ընտանիքում լարված հարաբերություններ, ձախլիկության վերադաստիարակում;
  • քթըմպանի, կոկորդի հաճախակի և խրոնիկական հիվանդություններ:

Մեծահասակների մոտ կակազությունը զարգանում է ինսուլտի, գանգուղեղային վնասվածքի հետևանքով, ուղեղի ուռուցքների ֆոնի վրա:

Կակազությունը կարո՞ղ է ժառանգաբար փոխանցվել: Այո, եթե ծնողներն ունեն խոսքային խնդիրներ, ապա երեխայի մոտ նմանատիպ պաթոլոգիայի զարգացման ռիսկը մեծանում է 15-20%-ով: Ընդ որում, հիվանդությունը ավելի հաճախ փոխանցվում է տղաներին, քան աղջիկներին:

Կարևոր է! Հոգեսոմատիկայի տեսանկյունից կակազությունը դիտարկվում է որպես ռեակցիա մշտական չասված վիրավորանքների, նախանձի, ուշադրության բացակայության, ծնողների կողմից խիստ հսկողության նկատմամբ:

Ախտանիշներ

Կակազությունը զարգանում է աստիճանաբար, սկզբնական փուլում առաջանում են աննշան կակազումներ, իսկ խոսքը չի կորցնում իր հարթությունը, ուղեկցող խնդիրներ բացակայում են: Երբեմն ուժեղ նյարդային ցնցումից հետո երեխան լռում է, իսկ որոշ ժամանակ անց սկսում է խոսել, սակայն արդեն առկա են խոսքի խնդիրներ:

Կակազության ախտանշանները.

  • կակազումները դառնում են հաճախակի, հատկապես հաճախ առաջանում են արագ, հուզիչ խոսքի ժամանակ, բարդ, նոր բառեր արտասանելիս.
  • ջղաձգային համախտանիշի զարգացմանը զուգընթաց կակազությունն առաջանում է հնչյունների, վանկերի վրա, մարդը փորձում է բարդ բառերը փոխարինել ավելի պարզերով.
  • հայտնվում է անվստահություն խոսքում, նախադասության սկզբում կարճատև դադարները դառնում են ավելի երկար.
  • խոսքը դառնում է հատվածային, ընդհատվող.
  • ձայնավոր հնչյունների արտասանության ժամանակ առաջանում են խոսքի ապարատի օրգանների մկանների ջղաձգումներ.
  • ուժեղ սպազմերը կարող են հրահրել շնչառության խնդիրներ.
  • ցնցումներ, որովայնի մկանների ընդգծված կծկումներ.
  • տիկ, դիմախաղ.
  • հոգեհուզական վիճակի խանգարում, քնի խնդիրներ.

Մեծահասակների մոտ խոսքի խանգարման ընթացքը ավելի բարդ է, քան երեխաների մոտ, ուղեկցվում է տարբեր ֆոբիաներով, խուճապային նոպաներով, անհանգստությամբ, շնչահեղձության և տախիկարդիայի նոպաներով, քաոսային շարժումներով: Խոսքն ընդհատվող է, կտրուկ փոխվում է ձայնի տեմբրը, առկա են բազմաթիվ ավելորդ բառեր:

Կարևոր է! Ոչ միշտ են աննշան խոսքային շեղումները պայմանավորված կակազությամբ: Լավ ֆիզիկական և մտավոր զարգացում ունեցող երեխաների մոտ կակազումները կարող են կապված լինել այն բանի հետ, որ մտածողության պրոցեսը առաջ է անցնում խոսքից, երեխան պարզապես չի հասցնում ձևավորել իր միտքը սեղանափոքր բառապաշարի պատճառով:

Բարդություններ

Կակազության ժամանակ հաճախ առաջանում են հոգեբանական բնույթի խնդիրներ, որոնց բուժումը բավականին բարդ է լինում: Խոսքի խնդիրներ ունեցող մարդը դառնում է փակված, կասկածամիտ, առաջանում են դեպրեսիվ վիճակներ և ինքնասպանության մտքեր: Որոշ հիվանդների մոտ նկատվում են ուժեղ ագրեսիայի նոպաներ, որոնք վտանգավոր են շրջապատի համար:

Խոսքի խանգարումների հետևանքները.

  • վեգետատիվ և էքստրապիրամիդային շեղումներ.
  • ներգանգային ճնշման բարձրացում.
  • բբերի լայնացում.
  • կեցվածքի խանգարում, օստեոխոնդրոզ.
  • վեստիբուլյար ապարատի աշխատանքի վատթարացում.
  • հարթաթաթություն.

Կարևոր է! Ինչպես շփվել կակազություն ունեցող անձանց հետ: Չպետք է կենտրոնանալ խնդրի վրա, շտապեցնել կակազող մարդուն, փորձել հուշել նրան բառեր: Շփման ժամանակ պարզապես անհրաժեշտ է համբերություն ունենալ, հանգիստ լսել:

Ախտորոշում

Խոսքային խնդիրների հետազոտության հիմքը կազմում է անամնեզի հավաքագրումը, բժշկի համար կարևոր է հաստատել, թե երբ և ինչից հետո է առաջացել կակազությունը: Ով է բուժում կակազությունը: Վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է խորհրդակցել լոգոպեդի, հոգեբանի, նյարդաբանի հետ, կատարել նեյրոհոգեբանական թեստավորում:

Ախտանիշներ

Կակազություն ունեցող երեխաների և մեծահասակների ախտորոշումը ներառում է.

  • գլխուղեղի ՀՇ (համակարգչային շերտագրություն).
  • լսողության, խոսքային հիշողության, բանավոր խոսքի ախտորոշում.
  • գլխուղեղի ՄՌՇ (մագնիսառեզոնանսային շերտագրություն).
  • ԷԷԳ, ՌԷԳ.

Կակազության ախտորոշումը դրվում է, եթե 100 բառի հաշվով ընդհատումների քանակի ցուցանիշը կազմում է ավելի քան 10%, ընդ որում դադարի տևողությունը գերազանցում է 1 վայրկյանը և ուղեկցվում է ուժեղ մկանային լարվածությամբ:

Կարևոր է! Հնարավո՞ր է ազատվել կակազությունից մեկընդմիշտ: Կակազությունը դասվում է կրկնվող հիվանդությունների շարքին, սակայն ճիշտ կորեկցիայի դեպքում սրացում կարող է տեղի ունենալ միայն ուժեղ սթրեսի, գանգագլխուղեղային վնասվածքի ֆոնի վրա: Հիվանդության ցանկացած ձևի դեպքում այն վերացնել 1 սեանսով հնարավոր չէ, հարկավոր է անմիջապես տրամադրվել երկարատև բուժմանը:

Ինչպես ազատվել կակազությունից

Քանի որ խոսքային խանգարումների առաջացումը հրահրում են բազմաթիվ գործոններ, թերապիայում կիրառվում է կակազության հաղթահարման համալիր մոտեցում. բուժումն ուղղված է կակազող մարդու հոգեֆիզիոլոգիական վիճակի շտկմանը` տարբեր մասնագետների օգնությամբ:

Կակազության հաղթահարման ժամանակակից մեթոդների վերլուծությունը ցույց է տվել, որ լավագույն արդյունքի կարելի է հասնել, եթե համալիրում կիրառվեն լոգոպեդական վարժություններ, մերսում, լոգոռիթմիկա, ֆիզիկական վարժությունների համալիր (ԼՖԿ), հիպնոս և հոգեթերապիա, դեղորայքային բուժում:

Շտկման նպատակն է կակազության վերացումը կամ հիվանդության դրսևորման ինտենսիվության նկատելի նվազեցումը, ջղաձգումներից, ուղեկցող հիվանդություններից ազատվելը, նյարդային համակարգի ամրապնդումը, հոգեհուզական վիճակի կայունացումը: Կակազության բուժման միջին արժեքը մասնագիտացված կլինիկաներում կազմում է 60-100 հազար ռուբլի:

Բուժումը մեծահասակների մոտ

Մեծահասակների և դեռահասների մոտ կակազության բուժումը հնարավոր է միայն լավ մոտիվացիայի, հենց հիվանդի` խոսքային խնդիրներից ազատվելու ցանկության առկայության դեպքում: Որակյալ մասնագետը կխորհուրդ կտա, թե ինչ և ինչպես պետք է անել: Շտկման հիմնական մեթոդներն են` լոգոպեդական վարժությունները, դեղորայքային թերապիան, հիպնոսը, աութոթրենինգը և հոգեթերապևտիկ այլ միջոցառումներ: Լավ արդյունք է նկատվում ֆիզիոպրոցեդուրաներից հետո` էլեկտրաքուն, էլեկտրաֆորեզ, ֆիզիկական վարժությունների համալիր (ԼՖԿ), ռեֆլեքսոթերապիա:

Բարդություններ

Ինչով բուժել.

  • հակացնցումային պատրաստուկներ` վալպրոաթթու, Կարբամազեպին, Mydocalm,
  • նոոտրոպներ` Ֆենիբուտ, Պանտոգամ,
  • հանգստացնող հաբեր` Գլիցին, Աֆոբազոլ, Novo-Passit,
  • վիտամինային պատրաստուկներ` մագնեզիումի, գլյուկոզայի ներարկումներ, Milgamma պատրաստուկ,
  • դոֆամինի արգելափակիչներ` Sonapax:

Մեծահասակի համար ինքնուրույն կակազությունից ազատվելը դժվար է, քանի որ այս տարիքում միայն լոգոպեդական մարմնամարզության, երգելու կանոնավոր պարապմունքները քիչ են օգնում: Պարտադիր պահանջվում է հիպնոսային բուժում, իսկ ճիշտ դեղեր ընտրել կարող է միայն բժիշկը: Հետևաբար մեծահասակներին և դեռահասներին մասնագետի հետ խորհրդակցությունը չափազանց անհրաժեշտ է:

Կակազության բուժումը երեխաների մոտ

Գոյություն ունեն բուժման մի քանի մեթոդիկաներ` Վլասովայի և Ռաուի, Միրոնովայի, Սելիվերստովի, որոնց օգնությամբ լոգոպեդներն ու հոգեբանները բուժում են երեխային կակազությունից: Սակայն, կանոնավոր սեանսերից բացի, ծնողները պետք է մշտապես պարապեն տնային պայմաններում:

Ախտորոշում

Ինչպես է ընթանում լոգոպեդական աշխատանքը նախադպրոցական տարիքի երեխաների հետ.

  1. I փուլ` օրվա ռեժիմի պահպանում, բարենպաստ հոգեբանական միջավայրի ստեղծում, խոսքային շփման սահմանափակում: Պարապմունքների ժամանակ մասնագետը երեխայի հետ անգիր է անում կարճ երգիկներ, բանաստեղծություններ, որոնք չեն հրահրում ջղաձգումների ուժեղացում, բայց հնարավորություն են տալիս ձևավորել ճիշտ խոսքի ձևանմուշներ, ընդլայնել բառապաշարը:
  2. II փուլ` տեքստերն ավելի բարդանում են, պարապմունքներում ներառվում են շարժուն խաղեր, տեղի է ունենում հմտությունների մշտական ամրապնդում: Երեխան ուսումնասիրում է խոսքի տարբեր ձևեր, սովորում է բարձրաձայն ասմունքել, հստակ շշուկով խոսել: Կակազությունից ազատվելու պարտադիր պայման է մատիկների խաղերը, ձեռքի աշխատանքը:
  3. III փուլ` դերային խաղեր, որոնք ուղղված են հոգեբանական խնդիրների հաղթահարմանը, հարթ խոսքի ամրապնդմանը կենցաղային մակարդակում:

Հնարավո՞ր է ինքնուրույն ազատվել կակազությունից: Եթե ծնողները ժամանակին նկատեն երեխայի խոսքի հարթության և ճշտության շեղումները, ապա հիվանդության սկզբնական փուլի բուժումը կարելի է իրականացնել տանը: Լոգոնևրոզի դեմ պայքարի լավագույն մեթոդներն են` երգելը, ձեռքի մանր մոտորիկայի զարգացման պարապմունքները, հատուկ լոգոպեդական վարժությունների ամենօրյա կատարումը, շեշտախաղերի, մաքրախոսքերի արտասանությունը, կետային մերսումը:

Լավ է օգնում Ստրելնիկովայի հատուկ շնչառական մարմնամարզությունը, կարծրացումը, լողը, ջրային այլ պրոցեդուրաները: Կան համակարգչային հատուկ մարզիչներ, որոնք նպաստում են երեխաների մոտ ռիթմիկ և ճիշտ խոսքի ձևավորմանը:

Սակայն հայտնի բժիշկ Կոմարովսկին գտնում է, որ երեխային խոսքային խնդիրներից ազատվելուն կօգնի միայն լոգոպեդի և ծնողների համակարգված աշխատանքը:

Կարևոր է! Կակազող երեխայի ծնողները պետք է հստակ պահպանեն օրվա ռեժիմը, ամբողջությամբ սահմանափակեն կամ նվազագույնի հասցնեն հեռուստացույց դիտելը, քնից առաջ լսեն հանգիստ դասական երաժշտություն, կարդան հեքիաթներ խոսքի առանձնահատկություններ ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ ժողովածուներից:

Կանխարգելում

Նյարդաբանական բնույթի խոսքային շեղումներից խուսափելու համար անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ միկրոկլիմա ընտանիքում, խուսափել սթրեսներից: Լավ են օգնում սպորտը, լիարժեք հանգիստը, դասական երաժշտության լսելը, նկարչությունը:

Ինչպես ազատվել կակազությունից

Ծնողները պետք է հետևեն իրենց խոսքին, երբ երեխան սկսում է խոսել` խոսել հարթ, հանգիստ, հստակ: Չի կարելի կրկնել մանկան թոթովանքը, բոլոր բառերը պետք է ճիշտ արտասանել, դրանք պետք է լինեն պարզ և հասկանալի:

Խոսքային խնդիրների առաջացումը կանխելուն կօգնի նաև իմունիտետի կանոնավոր ամրապնդումը, ճիշտ սնունդը, օրվա ռեժիմի և հիգիենայի կանոնների պահպանումը. այս գործոններն անհրաժեշտ են նորմալ հոգեկան և խոսքային զարգացման համար:

Կակազությունը հանդիպում է հազվադեպ, հիվանդությունը ախտորոշվում է մոտավորապես նախադպրոցականների 7%-ի և դեռահասների ու մեծահասակների 1-3%-ի մոտ: Բայց այս հիվանդությունը բավականին բարդ է, պահանջում է երկարատև համալիր բուժում, կանոնավոր ինքնուրույն պարապմունքներ: