Սինուսիտ

Սինուսիտը տհաճ և հաճախ հանդիպող հիվանդություն է։ Սա պարանազալ խոռոչներում (ծոցերում) ընթացող բորբոքային պրոցես է։ Նման վիճակի պատճառ հաճախ է դառնում երկարատև մրսածությունը, վիրուսային կամ բակտերիալ վարակը կամ սխալ բուժումը։
Սինուսիտի զարգացման վրա կարող են ազդել նաև քթի խոռոչի անատոմիական կառուցվածքի խախտումը, ատամների հիվանդությունները, ալերգիկ ռինիտները և տարբեր պոլիպոզ գոյացությունները։
Ուշադրություն դարձրե՛ք! Սինուսիտը ախտորոշել կարող է միայն բժիշկը՝ հիվանդի գանգատների, համակարգչային տոմոգրաֆիայի և ռենտգենագրության հիման վրա։
Սինուսիտի տեսակները
Պաշտոնական բժշկության մեջ սինուսիտների դասակարգումն իրականացվում է հետևյալ հատկանիշներով.
- Հիվանդության ընթացքի ձևի համաձայն՝ առանձնացվում են հիվանդության երկու տեսակ՝ քրոնիկական և սուր։ Սուր ձևը առաջանում է հանկարծակի։ Սինուսիտի սուր ձևի սրացումը կարող է հանգեցնել քրոնիկական ձևի առաջացմանը։
- Բորբոքման բնույթը կարող է վկայել պրոդուկտիվ և էքսուդատիվ ձևերի մասին։
- Վնասման գոտիները բնութագրում են հիվանդության ձախակողմյան և աջակողմյան ձևերը։
- Առաջացման պատճառների համաձայն՝ առանձնացվում են բակտերիալ, վիրուսային, ալերգիկ, վնասվածքային և սնկային սինուսիտները։
Կարևոր է! Քթի խոռոչից արտադրուկները այս հիվանդության հիմնական նշանը չեն, քանի որ որոշ դեպքերում սինուսիտը կարող է առաջանալ առանց հարբուխի։
Ախտանիշները մեծահասակների մոտ
Եթե հիվանդության հենց սկզբում չզբաղվել սինուսիտի բուժմամբ, ապա հետագայում կարող են առաջանալ բարդություններ՝ տեսողության հետ կապված խնդիրներ, տարբեր ականջային վարակներ և նույնիսկ գլխուղեղի թաղանթների բորբոքային պրոցեսներ։ Հնարավոր խնդիրներից խուսափելու համար պետք է անմիջապես դիմել իրավասու մասնագետին։ Սա պետք է անել հետևյալ ախտանիշների առաջացման դեպքում.
- Հոգնածության, թուլության և գլխացավի առաջացում։ Ուժեղ գլխացավը կարող է լինել ճակատային հատվածում, քթի կամրջի շրջանում, ինչպես նաև գլխի շարժումների ժամանակ։
- Օրգանիզմի ինտոքսիկացիա՝ ախորժակի կորուստ, թուլություն և արագ հոգնածություն։
- Մարմնի ջերմաստիճանի բարձրացում։
- Քթի խցանվածություն, որը անցնում է մի քթանցքից մյուսը։ Առավոտյան քթից առատ արտադրուկ, ինչպես նաև չորություն քիթկոկորդում։ Կարող է առաջանալ հոտառության կորուստ։
- Երկարատև հարբուխ, որն ուղեկցվում է կանաչ և դեղին արտադրուկներով։
- Կարող է լինել նաև հազ։ Արժե ուշադրություն դարձնել, որ ուժեղ հազը գիշերը կարող է լինել թոքաբորբի ախտանիշ, իսկ առավոտյան ժամերին՝ բրոնխիտի։
- Դեմքի և գայմորյան ծոցերի այտուցվածություն։
- Կարող են առաջանալ նաև ցավային զգացողություններ ամբողջ դեմքի շրջանում և բերանից տհաճ հոտ։
Սինուսիտի առաջացման կարևոր նշանների թվին են պատկանում գլխացավերը, որոնք կարող են ախտահարել նույնիսկ աչքերի շուրջ հատվածը։ Սա կարող է տեղի ունենալ, քանի որ զարգացող պաթոլոգիան ախտահարում է ներգանգային կառույցները։
Կարևոր է! Վազոմոտոր ռինիտի առաջացման պատճառներն են օծանելիքը, ալկոհոլը և բարձրացված խոնավությունը։ Իսկ սա հանգեցնում է այնպիսի հիվանդության, ինչպիսին սինուսիտն է։
Կա մի կարևոր ախտանշանային առանձնահատկություն, որը սինուսիտը տարբերում է այլ հիվանդություններից՝ ցավի տեղայնացումը դեմքի որոշակի հատվածներում։
Ախտանիշները երեխաների մոտ
Եթե ձեր փոքրիկի քիթը խցանված է մեկ շաբաթից ավելի, և կիրառվող բուժումն արդյունավետ չէ, ապա, ամենայն հավանականությամբ, ծոցերում սկսվել է բորբոքային պրոցես։
Երեխաների մոտ սինուսիտը հիանալի բուժվում է, եթե այն ժամանակին ախտորոշվի։
Սինուսիտը սովորական հարբուխից տարբերել կարող է միայն որակյալ մասնագետը։ Արժե դիմել բժշկի՝ հետևյալ ախտանիշների հայտնվելու դեպքում.
- Քթում և քթամերձ շրջանում առաջանում են տհաճ զգացողություններ.
- Քթից առատ արտադրուկներ, հատկապես թարախային։
- Փոքրիկը զգում է չորություն կոկորդում և հաճախ խորխ է հազում։
- Քթով շնչելը դժվարացած է, քթային ձայն և առավոտյան թարախային խորխի արտադրություն։
- Երեխան գանգատվում է տարբեր տեղերում ցավի առաջացումից՝ այտեր, գլխի հետևի մաս, այտոսկրեր կամ ատամներ։
- Ջերմաստիճանը բարձրանում է 37 աստիճանից ավելի։
- Հայտնվում է ինտոքսիկացիա, ինչպես նաև թուլություն, դյուրագրգռություն և ախորժակի կորուստ։
Ճիշտ թերապիա նշանակելու համար կարևոր է իմանալ պատճառը, որը հարուցել է սինուսիտը։ Իսկ առանց բժշկի օգնության սա ավելի լավ է չանել։
Կարևոր է! Քանի որ երեխայի քթային ուղիների կառուցվածքը տարբերվում է մեծահասակի քթից, նույնիսկ փոքր այտուցը կարող է հրահրել ծոցերի ուժեղ խցանվածություն։
Բուժում
Սինուսիտի բուժումն իրականացվում է վիրաբուժական, սարքային և դեղորայքային եղանակներով։ Դեղորայքային բուժման հետևյալ տարբերակներն են.
- Անոթասեղմիչ պատրաստուկներ՝ այտուցը նվազեցնելու և լորձի արտահոսքը բարելավելու համար։ Օրինակ՝ նաֆթիզին, գալազոլին կամ տիզին։ Արժե հիշել, որ նման պատրաստուկները կարող են արգելված լինել 6 տարեկանից փոքր երեխաների համար կիրառելու համար։
- Այս միջոցներից հետո կաթեցվում են բուժիչ պատրաստուկներ։ Դրանք կարող են լինել կոլարգոլ կամ պրոտարգոլ։
- Հակաբակտերիալ միջոցներին են պատկանում ամպիցիլինը և ամոքսիցիլինը։
- Բժիշկը նշանակում է նաև հակահիստամինային միջոցներ։
Պատրաստուկները, բուժման մեթոդները և դեղաչափերը սահմանում է միայն բուժող բժիշկը։ Կարող են նշանակվել ֆիզիոպրոցեդուրաներ։ Ծանր դեպքերում կիրառվում է վիրաբուժական մեթոդ։
Ուշադրություն դարձրե՛ք! Հակաբիոտիկների հաճախակի և անվերահսկելի օգտագործումը կարող է հանգեցնել բակտերիաների՝ պատրաստուկներին հարմարվելուն, և դրանք կկորցնեն իրենց արդյունավետությունը։ Եթե սինուսիտը հարուցված է վիրուսային վարակներով, ապա հակաբիոտիկները քիչ կօգնեն։
Սուր սինուսիտի դեմ պայքարելու պատրաստուկները պետք է նշանակի բժիշկը։ Կարող են օգնել քթի լվացումը աղային լուծույթներով, տարբեր գոլորշային ինհալացիաներ և հակաայտուցային միջոցներ։ Եթե հիվանդությունը տևում է յոթ օրից ավելի, բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ։
Քրոնիկական սինուսիտն առաջանում է հիվանդության սուր ձևի թերբուժման կամ լորձաթաղանթի որոշ վնասվածքների հետևանքով։ Հակաբիոտիկները այս դեպքում նշանակվում են հազվադեպ։ Նման ախտանիշների ժամանակ լավագույն պատրաստուկները համարվում են կորտիկոստերոիդային քթային սփրեյները։ Խորհուրդ է տրվում կիրառել նաև քթի ծոցերի ոռոգում աղային լուծույթներով։ Ալերգիկ սինուսիտների դեպքում ցուցված են հակաայտուցային, ցավազրկող և խորխաբեր պատրաստուկները։
Կարևոր է! Անոթասեղմիչ և հակաայտուցային միջոցներն ունեն հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ, դրանք կիրառելուց առաջ պարտադիր պետք է ծանոթանալ դրանց հետ։
Խորհուրդ չի տրվում ինքնուրույն բուժվել և ընդունել հակահիստամինային պատրաստուկներ։ Նման դեղամիջոցները առաջացնում են լորձաթաղանթների չորություն և թանձրացնում են դրանք։
Բուժումը ժողովրդական միջոցներով
Կան բազմաթիվ արդյունավետ ժողովրդական մեթոդներ, որոնք կարող են թեթևացնել նման վիճակը։ Լավ արդյունք է ստացվում, եթե օգտագործվի քթի և դեմքի մերսում։ Նման մերսում խորհուրդ է տրվում կատարել օրական մի քանի անգամ։
Հատուկ պտտվող շարժումներով անհրաժեշտ է մերսել հետևյալ կետերը․
- Հոնքերի միջև գտնվող կետը։
- Քթի թևերի եզրերին գտնվող կետերը։
- Որոշակի կետեր, որոնք գտնվում են ծնոտային ծոցերի կենտրոնից վերև, ստորին կոպից 1,5 սմ ցածր։
- Ինչպես նաև ականջների ելուստների մոտ գտնվող կետերը։
Քրոնիկ սինուսիտների դեպքում օգնում է Ստրելնիկովայի մեթոդով շնչառական մարմնամարզությունը։ Այն անհրաժեշտ է կատարել օրական երկու անգամ, 15 րոպե տևողությամբ։
Կարելի է կատարել հետևյալ պարզ վարժությունները․
- «Ափեր» վարժությունը կատարվում է այսպես․ պետք է ուղիղ կանգնել, ձեռքերը առաջ պարզել։ Կարճ ուժեղ ներշնչումի ժամանակ ափերը սեղմում ենք բռունցքի մեջ, արտաշնչելիս թուլացնում ենք։ Ներշնչումը հզոր է և արագ, պարտադիր քթով։ Արտաշնչումը աննկատ է։ Անընդմեջ կատարում ենք 8 այդպիսի ներշնչում։ Հետո՝ ընդմիջում։ Անհրաժեշտ է կատարել 12 այդպիսի մոտեցում։ Ընդհանուր առմամբ ներշնչումները պետք է լինեն 96-ը։
- Նմանատիպ ձևով կատարում ենք «ուսադիրներ» վարժությունը։ Կանգնում ենք ուղիղ և բռունցքները սեղմում ենք գոտկատեղին, ներշնչելիս ձեռքերը կտրուկ իջեցնում ենք ներքև, արտաշնչելիս հետ ենք տանում դեպի գոտկատեղը։ Նույնպես կատարում ենք 8 ներշնչում 12 անգամ։
- «Պոմպ» վարժությունը կատարվում է հետևյալ կերպ։ Կանգնում ենք ուղիղ, ձեռքերը իջեցնում ենք ներքև և կլորացնում ենք մեջքը, ներշնչելիս մի փոքր առաջ ենք կռանում, արտաշնչելիս վերադառնում ենք սկզբնական դիրքին։ Կրկնությունների քանակը նույնն է, ինչ նախորդ վարժություններում։
Հետաքրքիր է! Շնչառական մարմնամարզությունը արդյունավետ է շնչառական համակարգի հետ կապված բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն նաև արդյունավետ է աշխատունակության բարձրացման և սիրտ-անոթային համակարգի ամրապնդման համար։
Խցանումները և լորձը հեռացնելու համար կիրառվում է ֆիզիոլոգիական աղի լուծույթ, կարելի է նաև կատարել ողողումներ սովորական ծովային աղի լուծույթով։ Այս դեպքում կօգնեն տաք հանքային ջրից պատրաստված լուծույթները։ Նման հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում ավելի շատ հեղուկ օգտագործել, որպեսզի կանխվի ջրազրկումը։ Ընդհանուր ամրապնդող հատկություններ ունեն կիտրոնով թեյը և կոճապղպեղի թեյը։ Մեծահասակները կարող են օգտագործել այնպիսի համեմունքներ, ինչպիսիք են ծովաբողկը կամ մանանեխը, դրանք լավ մաքրում են քթի ծոցերը։
Օրական մի քանի անգամ կարելի է կատարել գոլորշային ինհալացիաներ, որոնց մեջ ավելացնել մենթոլային, էվկալիպտային կամ այլ տեսակի յուղեր։
Հիանալի կերպով մաքրում է քթի ծոցերը «Զվյոզդոչկա» հայտնի բալզամի կիրառմամբ ինհալացիան։ Տաք ջրի մեջ անհրաժեշտ է ավելացնել այս բաղադրությունը դանակի ծայրին տեղավորվող քանակությամբ։ Եվ շնչել գոլորշու վրա։
Եթե ախտորոշումը հաստատված է, կարելի է օգտագործել հատուկ կոմպրեսներ քթի ծոցերի վրա։ Նման կոմպրեսները պետք է կատարել եփած ձվերից, որոնք պարտադիր պետք է փաթաթել կտորով, որպեսզի չայրվեն։ Բոլոր կոմպրեսները խորհուրդ է տրվում պահել մոտավորապես 20 րոպե։
Կարելի է օգտագործել բուսական ծագման բաղադրիչներից պատրաստված կաթիլներ։ Այս նպատակների համար հարմար են հետևյալ բաղադրամասերը․
- ալոեի հյութ և կալանխոեի հյութ,
- սխտորի հյութ՝ ձիթապտղի յուղի հետ խառնված,
- ճակնդեղի հյութ։
Մրսածությունների դեպքում կարող են օգտագործվել մանանեխով ոտնաբաղնիքներ։ Եթե մանանեխ չկա, տաք ջրին ավելացվում են մանանեխի սպեղանիներ։
Կանխարգելիչ միջոցառումներ
Որպեսզի բուժման կարիք չառաջանա, անհրաժեշտ է կիրառել արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ։ Ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների առողջությունը կախված է սենյակում որոշակի խոնավությունից, օդի թարմությունից և ջերմային ռեժիմից։
Օպտիմալ միկրոկլիմայի դեպքում մրսածությունները հազվադեպ կայցելեն ձեր ընտանիքին։ Սենյակում միջին ջերմաստիճանը 20-22 աստիճան է։ Ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում օրգանիզմը կարող է քրտնել և անհարմար զգալ։
Ձմռանը խորհուրդ չի տրվում օգտագործել հզոր ջեռուցիչ սարքեր, որոնք չորացնում են օդը։ Մեծ նշանակություն ունի սենյակի խոնավությունը։ Այն պետք է կազմի 50-70%։ Չոր օդի դեպքում չորանում են լորձաթաղանթները։ Անհրաժեշտ խոնավություն ստեղծելը հեշտ է խոնավացուցիչների և ամենօրյա թաց մաքրումների միջոցով։ Կարևոր է նաև օդի մաքրությունը։ Սենյակը պետք է օդափոխել օրական մի քանի անգամ, նույնիսկ ցուրտ եղանակին։ Օդափոխության ժամանակ փոքրիկին ավելի լավ է հանել սենյակից։
Կարևոր է! Պատուհանները բացելիս միշտ պետք է հիշել երեխայի անվտանգության մասին և նրան մենակ չթողնել։ 1,5 տարեկանից սկսած փոքրիկները կարող են ինքնուրույն բարձրանալ պատուհանագոգին։
Բարդությունները կանխելու համար կարևոր է ճիշտ բուժել գրիպը, մրսածության տարբեր տեսակները և այլ վարակիչ հիվանդություններ, որոնք հաճախ բորբոքում են առաջացնում։ Չի կարելի թողնել, որ սովորական հարբուխը ընթացք ստանա։
Կանխարգելման կարևոր միջոց է հանդիսանում իմունային համակարգի ամրապնդումը։ Անհրաժեշտ է վարել առողջ կենսակերպ, առավոտյան կատարել վարժությունների համալիր, ճիշտ սնվել և զբաղվել սպորտով։
Սննդակարգում պետք է ընդգրկվեն օգտակար և առողջարար մթերքներ, որոնք հարուստ են տարբեր միկրոէլեմենտներով։
Կան հետևյալ պարտադիր կանխարգելիչ միջոցառումները․
- պետք է խուսափել ցրտահարումից,
- խորհուրդ չի տրվում լողալ ուժեղ քլորացված ջրով լողավազաններում,
- ավելի հաճախ օդափոխել սենյակը,
- ժամանակին բուժել բոլոր հիվանդությունները,
- ամրապնդել իմունիտետը,
- կատարել կարծրացման պրոցեդուրաներ,
- ապահովել բերանի խոռոչի կանոնավոր սանացիա։
Այսօր սինուսիտը տարածված հիվանդություն է։ Դրանով տառապում են թուլացած իմունիտետ ունեցող երեխաներ և մեծահասակներ, ովքեր հաճախ և երկար ժամանակ հիվանդանում են մրսածությամբ։ Հետևաբար այնքան կարևոր է հոգ տանել սեփական առողջության մասին և ժամանակին իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։
Այս հիվանդության կասկածի դեպքում չարժե բախտը փորձել և զբաղվել ինքնաբուժությամբ։ Պետք է անմիջապես դիմել որակյալ օգնության։ Արդյունավետ և արագ ապաքինում հնարավոր է միայն ճիշտ բուժման դեպքում։
Եվ չարժե վախենալ հերթական անգամ ժամանակ հատկացնել մարզանքի և կարծրացման պրոցեդուրաների վրա։ Սա կօգնի խնայել միջոցներ թանկարժեք բուժիչ պատրաստուկների վրա։



