# Արսեն Թորոսյանի հայտարարությունը կորոնավիրուսի վերաբերյալ

![coronavirus cov 19 կորոնավիրուս գրիպ թոքաբորբ](https://lifeinfo.am/storage/images/arsen-torosyani-hatararutyuny-koronavirusi-veraberyal-28.jpg)

Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան [էջում](https://www.facebook.com/ATorosyanOfficial) գրում է․

«Հարգելի հայրենակիցներ,

Մենք հետևում ենք նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում մեր հարևան [Իրանում](https://lifeinfo.am/news/%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BE%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB-%D6%87%D5%BD-3-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-157): Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում:

Տեղեկացնում եմ, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել: Կոչ եմ անում հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով:

Նաև խնդրում եմ սուր շնչառական բոլոր վարակները կանխարգելելու համար հետևել մեր հետևյալ [խորհուրդներին](https://lifeinfo.am/news/%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%B5%D5%AA%D5%AB-%D5%AF%D5%A1%D6%80%D5%AE%D5%AB%D6%84%D5%A8-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BD%D5%A5%D5%A6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-241).

- պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
- խուսափե´ք գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, եթե չեն նշանակվել բժշկի կողմից,
- հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազալու և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային։»
