Դդմաշենում կորոնավիրուսի նոր օջախ կա
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի մայիսի 6-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, և կիրառվելու են սահմանափակումներ։ Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում մայիսի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչև մայիսի 16-ը` ժամը 23:59-ը»,- ասվում է գրառման մեջ։
Մեծամասամբ նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։
Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մյուսը` մեկուսացված։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ։
Մայիսի 6-ի դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր հաստատված 149 դեպք, որից 39 դեպք Դդմաշեն համայնքում։ Հաստատված դեպքեր կան նաև մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան և Գեղամավան համայնքներում։
Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետևանքով, այլ մարզից ժամանած ազգականների շփման արդյունքում։