Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ֊ում երեխա է մահացել․ հանգամանքները պարզվում են
Արարատի մարզի Արարատ գյուղից Երևան տեղափոխված 3-ամյա աղջիկ է մահացել: Այդ մասին ասվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նշվում է, որ երեխայի մոտ գրիպի A տեսակ՝ H1N1 է հայտնաբերվել, սակայն չի կարելի պնդել, որ երեխայի մահը դրա հետևանքով է վրա հասել։ Ծնողները գրեթե մեկ ամիս չեն դիմել բժշկական օգնության, երեխայի վիճակը կտրուկ վատացել է տնային պայմաններում իրականացված միջոցառումներից։ Աղջնակի մոտ արձանագրվել են բարդ ֆեբրիլ ցնցումներ, նեյրոինֆեկցիա, առաջացել է գլխուղեղի լուրջ խնդիր։
Երեխան արդեն վատ վիճակում տեղափոխվել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն, որտեղ էլ կոմայի մեջ է ընկել, ինչից հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծայրահեղ ծանր վիճակում։
«Երեխայի մոտ դիտվել են ջերմային ցնցումներ, բարձր ջերմություն, գիտակցության կորուստ, անմիջապես հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակից ելնելով՝ միացվել է արհեստական շնչառության սարքին։
Իրականացվել են մի շարք հետազոտություններ, ախտորոշվել է սուր էնցեֆալիտ պոլիսինուսիտ, նաև H1N1 գրիպի հետազոտություն է անցկացվել, հաստատվել է գրիպի A տեսակ՝ H1N1։ Չնայած երեխայի մոտ հայտնաբերվել է այս ենթատեսակը, բայց երեխան հոսպիտալացվել է սուր էնցեֆալիտի (ջերմային ցնցում) երևույթներով, հետևաբար՝ միայն հետազոտություններից հետո պարզ կլինի․ արդյոք երեխայի մահը վրա է հասել H1N1-ի, թե սուր էնցեֆալիտի հետևանքով»,-ասվում է բուժհաստատության հայտարարության մեջ։