# Վարչապետի հայտարարությունը կորոնավիրուսի վերաբերյալ

![](https://lifeinfo.am/storage/images/varchapeti-haytararutyuny-koronavirusi-veraberyal-26.png)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան [էջում](https://www.facebook.com/nikol.pashinyan/) գրել է․

«Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվեց.

1\. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

2\. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

3\. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

4\. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:

5\. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:

6\. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար:»
