Շնչառական օրգանների հիվանդություններ

Շնչառական Օրգաններ

Մեր օրերում հայտնի են շնչառական օրգանների բազմաթիվ հիվանդություններ, այնքան շատ, որ դրանց բոլորի ուսումնասիրության համար ամիսներ կպահանջվեն։ Նման բազմազանությունը պայմանավորված է մարդու շնչառական համակարգը կազմավորող բազմաթիվ բաղադրիչ տարրերից: Դրանցից յուրաքանչյուրը կարող է ենթարկվել տարբեր բնույթի հիվանդությունների՝ բորբոքային, վարակիչ և այլն:

Բովանդակություն.

Շնչառական օրգանների հիվանդությունների մանրամասն նկարագիրը

Շնչառական օրգանների ախտահարման ժամանակ խախտվում են նրանց գործառույթները, որոնցից առավել կարևորներն են օրգանիզմի ապահովումը թթվածնով, ջերմափոխանակությունը և պաշտպանությունը արտաքին միջավայրի անբարենպաստ գործոններից: Դիտարկենք շնչառական համակարգի 20 առավել տարածված հիվանդությունները:

Ադենոիդներ

Հիվանդությունը իրենից ներկայացնում է կոկորդային նշիկի բորբոքում, որի դեպքում այն չափերով մեծանում է: Հաճախ ադենոիդներ զարգանում են երեխաների մոտ՝ մրսածության ու վարակիչ հիվանդությունների հողի վրա:

Ախտանիշներ.

  • շնչառության դժվարացում, նույնիսկ՝ հարբուխի բացակայության դեպքում;
  • քթի փակվածության զգացողություն;
  • լորձաթաղանթային կամ թարախային բնույթի հարբուխ;
  • քրոնիկ հազ;
  • ֆսֆսոց:

Հիվանդության երկար ընթանալու դեպքում կարող են առաջանալ բարդություններ լսողության խանգարումների, հարբուծային մշտական հիվանդությունների, ուղեղի գործունեության ակտիվության նվազման տեսքով:

Ալերգիկ ռինիտ

Հանդիսանում է քթի լորձաթաղանթի բորբոքում՝ պայմանավորված տարբեր ալերգածինների (ծաղկափոշի, փոշի, ընտանի կենդանիների մազեր) ազդեցությամբ:

Շնչառական Օրգաններ

Մարմնի մեջ ալերգածինների ներթափանցումից գրեթե անմիջապես հետո առաջանում են.

  • թեթև և հեղուկ մրսածություն;
  • մշտական փռշոց;
  • այտուցներ;
  • արցունքներ;
  • քոր աչքերում, քթում կամ ականջներում:

Որոշ ժամանակ անց հայտնվող ախտանիշներ.

  • քթի փակվածություն և շնչառության դժվարացում;
  • բարձր լուսազգայունություն;
  • հոտառության խախտում;
  • լսողության նվազում:

Ատոպիկ ասթմա

Այլ կերպ անվանում են նաև բրոնխիալ ասթմա: Հիվանդությունը իրենից ներկայացնում է շնչառական ուղիների ալերգիկ բնույթի բորբոքում։ Բրոնխիալ ասթմայի գլխավոր ախտանիշն է շնչահեղձությունը: Այն առաջանում է ալերգածին մարմնի ներթափանցման հետևանքով իմունային համակարգի ակտիվացման արդյունքում, ինչը հանգեցնում է շնչուղիների հարևանությամբ գտնվող մկանների կտրուկ կծկման:

Այլ ախտանիշներ.

  • կրծքավանդակում խզզոց և սուլոց;
  • ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո առաջացող շնչահեղձության նոպաներ;
  • հևոց;
  • չոր հազ:

Բրոնխիտ

բրոնխների բորբոքումն է, որը հաճախ զարգանում է մրսածության, վիրուսային կամ վարակիչ հիվանդությունների ֆոնին: Գոյութոյւն ունի բրոնխիտի երկու տեսակ, որոնցից յուրաքանչյուրը ունի իրեն հատուկ ախտանիշները:

Շնչառական Օրգաններ

Սուր ձևը ավելի հաճախ զարգանում է վարակի ֆոնին: Այն արտահայտվում է հետևյալ կերպ.

  • հարբուխ;
  • չոր հազ, աստիճանաբար դառնում է թաց;
  • դեղին կամ կանաչավուն երանգի խորխ;
  • ընդհանուր թուլություն;
  • բարձր ջերմաստիճան:

Քրոնիկ բրոնխիտը բնութագրվում է հիվանդության երկարատև ընթացքով (մի քանի ամիս), որը կարող է որոշ ժամանակ անց կրկին ի հայտ գալ: Բացի վերոնշյալ ախտանիշներից, կլինիկական պատկերին կարող է ավելանալ շնչառության դժվարացումը:

Կարևոր է. Բրոնխիտից կարող են առաջանալ բարդություններ՝ թոքաբորբի տեսքով:

Բրոնխրոէկտազ

Պաթոլոգիկ գործընթաց է, որը բնութագրվում է շնչուղիների անդառնալի ընդլայնմամբ: Կարող է տեղակայված լինել բրոնխների առանձին հատվածներում կամ ընդգրկել ամբողջությամբ:

Բրոնխրոէկտազի համար բնորոշ է ախտանիշների աստիճանական դրսևորումը, ամենից հաճախ նրանք առաջանում են կատալիզատորի ազդեցության հետևանքով (օրինակ՝ շնչառական ուղիների ինֆեկցիոն հիվանդություններ):

Ախտանիշներ.

  • մշտական հազ;
  • առատ արյունոտ խորխ;
  • ծանր շնչառություն և հևոց;
  • թոքերի կրկնվող բորբոքում;
  • սրտային անբավարարություն (հիվանդության ծանր ձևի դեպքում):

Հայմորիտ

Այլ անվանումը՝ վերին ծնոտի սինուսիտ: Հիվանդությունների ներկայացնում է հայմորիտային խոռոչի բորբոքային գործընթաց: Առավել հաճախ հայմորիտը հանդիսանում է մրսածության հետևանք այլ հիվանդությունների բարդություն, օրինակ՝ սուր ռինիտի կամ որևէ վարակի:

Շնչառական Օրգաններ

Ախտանիշներ.

  • ընդհանուր թուլություն, դող;
  • բարձր ջերմություն;
  • գլխացավեր, որոնք ուժեղանում են գլուխը կախելիս և թեքելիս;
  • այտուցներ բորբոքման շրջանում;
  • փռշտոց;
  • արցունքահոսություն;
  • բարձր լուսազգայություն:

Գոյություն ունի նաև հայմորիտի քրոնիկ ձև, որի համար բնորոշ են քթի մշտական փակվածությունը, թուլությունը, աշխատունակության նվազումը:

Հիդրոթորակս

Հիվանդությունը իրենից ներկայացնում է ոչ բորբոքային հեղուկի կուտակում թոքի շուրջ գտնվող խոռոչում: Հիվանդությունը կարող է զարգանալ ներքին օրգանների աշխատանքի խախտման հետևանքով, օրինակ՝ սրտային անբավարարության պատճառով, որը առաջացնում է արյան շրջանառության լճացում:

Ախտանիշներ.

  • ծանրություն կրծքավանդակում;
  • օդի պակասի զգացողություն;
  • մաշկի կապտություն;
  • կրծքավանդակի ախտահարված մասի արտաքին փքվածություն;

լարինգիտ

Հանդիսանում է կոկորդի բորբոքում, մեծ մասամբ զարգանում է ինֆեկցիայի կամ մրսածության հիման վրա: Կա հիվանդության 2 ձև՝ սուր և քրոնիկ:

Սուր լարինգիտը առաջանում է որպես ցրտահարության, ձայնի գերլարման կամ ինֆեկցիոն հիվանդությունների հետևանք: Դրա առանձնահատկություններն են.

  • կոկորդի կարմրություն;
  • ընդհանուր թուլություն;
  • բարձր ջերմություն;
  • ցավ կուլ տալիս;
  • խռպոտություն;
  • չոր քերող հազ;

Սովորաբար ապաքինումը տևում է 1-2 շաբաթ։

Շնչառական Օրգաններ

Քրոնիկ լարինգիտը զարգանում է չբուժվելու կամ մշտական սուր լարինգիտի պատճառով: Մյուս ախտանիշներին ավելանում է աշխատունակության նվազումը, ձայնի արագ հոգնածությունը։ Քրոնիկ լարինգիտը, որպես կանոն, տևում է 2 շաբաթ:

Գիշերային շնչականգ

Գիշերային շնչականգ կամ ավելի հայտնի որպես "երազային շնչականգ" քնի ժամանակ շնչառության կանգն է, որը տևում է 10 վայրկյանից ավելի: Հիմնականում ուշացումը տևում է կես րոպե, երբեմն կարող է տևել գիշերային քնի մեծ մասը:

Ախտանիշները.

  • քնի խանգարում;
  • քնի պակաս և, որպես հետևանք, հոգնածություն օրվա ընթացքում;
  • քնկոտություն;
  • գլխացավեր;
  • դյուրագրգռություն;
  • հիշողության վատթարացում;
  • խռմփոց, անհանգիստ քուն, քնի մեջ խոսելը;
  • էնուրեզ (մեզը պահել չկարողանալը):

Երկարատև և կանոնավոր շնչականգի դեպքում նվազում են ինտելեկտը և օրգանիզմի աշխատունակությունը, առաջանաում է քրոնիկ հոգնածություն:

Պլևրիտ

Հիվանդությունների խումբ է, որը բնութագրվում է թոքերի շուրջ գտնվող հեղուկային խոռոչների ախտահարմամբ: Որոշ դեպքերում պլևրալ խոռոչում կարող են լինել գոյացություններ հեղուկի, թարախի կամ արյան տեսքով: Պլևրիտը արտահայտվում է 2 ձևով՝ չոր կամ թաց:

Չոր ձևը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով.

  • կողային ցավ, որը մեծանում է շունչ քաշելու և հազալու ժամանակ;
  • ցավեր որովայնում (հազվադեպ);
  • արագացած շնչառություն;
  • զկռտոց;
  • ցավ կուլ տալու ժամանակ:

Շնչառական Օրգաններ

Թաց ձևը ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, չոր հազով, կրծքավանդակում ծանրության զգացողությամբ: Որոշ դեպքերում նկատվում է հևոց և զարկերակի արագացում, որոնց ժամանակ կարող է այտուցվել դեմքը, և կարող են փքվել պարանոցի երակները:

Թոքերի քաղցկեղ

Թոքերի քաղցկեղը բրոնխների և թոքերի վրա առաջացող չարորակ գոյացություն է: Ավելի հաճախ հիվանդությունը ազդում է աջ թոքի կամ նրա վերին մասի վրա: Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար, ամենից հաճախ հայտնաբերվում է ուշ փուլերում, երբ արդեն մետաստազներ են առաջացել այլ օրգաններում կամ մարմնի մասերում: Կա թոքերի քաղցկեղի երեք ձև՝ կենտրոնական, ծայրային և ատիպիկ, որոնցից յուրաքանչյուրը բնութագրվում է իր ախտանիշներով:

Կենտրոնական ձևի դեպքում ախտահարվում են խոշոր բրոնխները: Այն ուղեկցվում է հետևյալ նշաններով.

  • ցավի զգացողություն ախտահարված մասում;
  • չոր հազ, որը սահուն անցնում է թացի, լորձ, արյուն կամ թարախ պարունակող խորխ;
  • հևոց;
  • քաշի նվազում;
  • հոգնածություն և թուլություն;
  • հաճախակի բորբոքային հիվանդություններ:

Ծայրային ձևի դեպքում ախտահարվում են մանր բրոնխները և թոքերի պարենխիման: Ի տարբերություն կենտրոնական ձևի՝ ծայրամասայինի դեպքում ախտանիշները ի հայտ են գալիս հիվանդության ավելի ուշ փուլում: Բնորոշ են՝ հևոց, կրծքավանդակի ցավ, արյունոտ խորխ: Զարգացմանը զուգընթաց՝ հիվանդության ախտանիշները նմանվում են թոքերի կենտրոնական քաղցկեղի:

Սինուսիտ

Սինուսիտը քթի մեկ կամ երկու խոռոչների լորձաթաղանթի բորբոքային գործընթաց է: Հիվանդության հարուցիչը հաճախ վիրուսներն են կամ բակտերիաները:

Ախտանիշներ.

  • քթի խոռոչներում ճնշման զգացողություն;
  • ցավի զգացողություն, որը գլուխը շարժելիս ուժեղանում է;
  • առատ, խիտ հարբուխ;
  • բարձր ջերմություն։

Հազվադեպ դեպքերում լինում է.

  • հոտառության խախտում;
  • բերանից տհաճ հոտ;
  • մարմնի թուլություն և հոգնածություն:

Տրախեիտ

Տրախեիտը բորբոքային գործընթաց է, որը տեղակայված է շնչափողի լորձաթաղանթի վրա: Ամենից հաճախ հարուցիչներ են հանդիսանում վիրուսային վարակը, ստաֆիլակոկը կամ ստեպտոկոկը: Կարող է ընթանալ երկու ձևով՝ սուր կամ քրոնիկ:

Սուր տրախեիտը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով.

  • չոր հազ;
  • խորը շունչ քաշելիս, ծիծաղելիս կամ օդի ջերմաստիճանը կտրուկ փոխվելիս հազի նոպաներ;
  • ցավի զգացողություն կոկորդում և կրծքավանդակում;
  • խռպոտ ձայն:

Շնչառական Օրգաններ

Խրոնիկ տրախեիտի ժամանակ հիվանդը սովորաբար տառապում է հաճախակի նոպայանման հազով, որը առաջանում է առավելապես առավոտյան կամ երեկոյան: Հազի ժամանակ արտադրվում է խորխ, որը կարող է լինել ինչպես հեղուկ, այնպես էլ՝ մածուցիկ: Հաճախ քրոնիկ տրախեիտը դժվար է բուժվում և կարող է ուղեկցվել սրացումներով։

Թոքերի տուբերկուլյոզ

Տուբերկուլյոզը վարակիչ հիվանդություն է, որը առաջանում է տվյալ դեպքում մարդու թոքերի վրա տեղակայված տարբեր թթվակայուն բակտերիաների հետևանքով: Հաճախ տուբերկուլյոզը կարող է ընթանալ առանց նախանշանների, նման դեպքերում այն կարող է հայտնաբերվել կանոնավոր ֆլյուրոգրաֆիայի միջոցով: Հիվանդությունը սկսվում է բազմաթիվ ոչ առանձնահատուկ ախտանիշներով.

  • բարձր ջերմություն;
  • հազ;
  • ընդհանուր թուլություն:

Հիվանդության զարգացման հետ այդ դրսևորումներին ավելանում են գիշերային քրտնարտադրություն և քաշի նվազում, որոշ դեպքերում՝ ավշային հանգույցների մեծացում, զարգանում է խորխոտ հազ, որի մեջ հետագայում հայտնվում է արյուն, թոքերում առաջանում է խզզոց, դժվարանում է շնչելը:

Տուբերկուլյոզային պլևրիտ

Տուբերկուլոզի կլինիկական դրսևորումներից մեկն է, առավել հաճախ դրսևորվում է երիտասարդների մոտ: Բնութագրվում է պլևրայի բորբոքմամբ (թոքերի կեղևային շերտ) և դրա մեջ հեղուկի կուտակմամբ:

Համատեղում է տուբերկուլյոզի և պլևրիտի ախտանիշները: Ինչպես պլևրիտը, այն նույնպես կարող է լինել չոր կամ թաց (էկսուդատիվ).

Չոր տուբերկուլյոզային պլևրիտը որոշվում է բժշկի կողմից ստետոսկոպի օգնությամբ թոքերը լսելիս, հիվանդության այս ձևի դեպքում բժիշկը լսում է պլևրայի շփման ձայնը:

Էկսուդատիվ ձևը կարող է լինել երեք տեսակի՝ ալերգիկ, պերիֆոկալ և պլևրայի տուբերկուլյոզ:

Ալերգիկը բնութագրվում է.

  • ջերմաստիճանի բարձրացմամբ մինչև 38 °C;
  • սրտի աշխատանքի արագացմամբ;
  • կողային ցավերով:

Որոշ ժամանակ անց ախտանիշները նվազում ու անհետանում են, տեղի է ունենում օրգանիզմի ապաքինում:

Պերիֆոկալ տուբերկուլյոզային պլևրիտի ժամանակ նկատվում են.

  • հիվանդության անսպասելի սկիզբ;
  • բարձր ջերմություն;
  • քրտնարտադրություն;
  • սրտի աշխատանքի արագացում:

Ախտանիշները կարող են պահպանվել 21-ից 28 օր:

Ֆարինգիտ

Քրոնիկ բորբոքային գործընթաց, որը ազդում է կոկորդի լորձաթաղանթի վրա: Կարող է առաջանալ ինչպես տարբեր բնույթի հիվանդությունների հետևանքով, այնպես էլ՝ կոկորդի տարբեր վնասվածքներից կամ ալերգիաներից հետո: Ֆարինգիտը կարող է լինել սուր և քրոնիկ:

Շնչառական Օրգաններ

Սուր ֆարինգիտի պատճառ սովորաբար հանդիսանում են վիրուսները, մանրէները, սնկերը, ալերգիան կամ վնասվածքները: Այն բնութագրվում է հետևյալ ախտանիշներով.

  • կոկորդում խտղտոցի և չորության զգացում;
  • կուլ տալիս տհաճ զգացողություն;
  • ականջների ցավ (որոշ դեպքերում);
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում;
  • ընդհանուր թուլություն։

Քրոնիկ ֆարինգիտը հաճախ աղեստամոքսային հիվանդությունների հետևանք է (օրինակ՝ գաստրիտի): Կարող է լինել 3 տեսակի.

  1. Կատարալ - բնորոշ է կոկորդի մակերևույթին լորձային-թարախային արտադրության առկայությունը:
  2. Ատրոֆիկ - բնորոշ է կոկորդի լորձաթաղանթի չորութոյւնը: Ընդ որում՝ կոկորդը դառնում է բաց վարդագույն:
  3. Հիպերտրոֆիկ - նկատվում է կոկորդի լորձաթաղանթի կարմրություն և հաստացում:

Ընդհանուր առմամբ, քրոնիկ ֆարինգիտին բնորոշ չէ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը կամ թուլությունը։ Հիվանդությունն ուղեկցվում է նույն ախտանշաններով, ինչ սուր ֆարինգիտը, այն տարբերությամբ, որ նրանք այնքան էլ վառ չեն դրսևորվում։

Թոքերի քրոնիկ աբստրուկտիվ հիվանդության

Կրճատ՝ COPD: Հիվանդություն է, որի դեպքում թոքերի հյուսվածքների բորբոքման հետևանքով դժվարանում կամ սահմանափակվում է դրանց մեջ օդի շրջանառությունը: Սովորաբար առաջանում է շնչառական ուղիների վրա բացասական գործոնների երկարատև ազդեցության հետևանքով, օրինակ՝ ծխելուց։

Շնչառական Օրգաններ

Ախտանիշներ.

  • մշտական քրոնիկ խորխոտ հազ;
  • հևոց ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո (օրինակ՝ աստիճան բարձրանալիս):

Թոքերի լայնացում

Հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում ալվեոլայի ձգում (թոքերի կազմի մեջ մտնող հյուսվածք)՝ իր էլաստիկության հետագա կորստով: Առաձգականության կորուստը հանգեցնում է արյան մեջ թթվածնի հագեցվածության և ածխաթթու գազի դուրսբերման խախտման:

Ախտանիշներ.

  1. ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո առաջացող հևոց;
  2. սրտային անբավարարություն;
  3. կողերի միջև տարածության ընդլայնում:

Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել վիրաբուժական միջամտություն: