Մանկաբույժի կարծիքը և խորհուրդները սեզոնային վարակների մասին
Ձմռան ընթացքում գլուխ են բարձրացնում սեզոնային վարակները։ Այս տարի դրանց է գումարվել նաև կորոնավիրուսը։ Փորձեցինք ճշտել մանկաբույժից՝որքանով է վիճակը բարդ։
- Սկսենք մի փոքր թվային ակնարկից․ արդյո՞ք այս տարի գրիով ու թոքաբորբով հիվանդներն ավելի շատ են։
- Նախորդ և այս տարվա թոքաբորբի ու գրիպի դեպքերը քանակապես գրեթե նույնն են, պարզապես այս տարի մարդիկ դարձել են ավելի զգուշավոր և առաջին իսկ նախանշանների դեպքում դիմում են բժշկի։
- Իսկ ի՞նչ կասեք կորոնավիրուսի մասին, արդյո՞ք այն վտանգավոր է Հայաստանում ապրողների համար։
- Կորոնավիրուսի դեպք Հայաստանում դեռևս չկա, սակայն չեմ բացառում դրա հնարավորությունը, քանի որ Չինաստանի և Հայաստանի միջև հաղորդակցման մակարդակը բավականին բարձր է։
- Նախորդ տարիներին շատ էր խոսվում խոզագրիպի և թռչնագրիպի մասին, դրանք կապ ունե՞ն այս նոր վիրուսի հետ։
- Խոզի՝ H1N1 և թռչնի` H5N1 գրիպները սովորական գրիպի տարատեսակներ են, որոնք այժմ արդեն համարվում են սեզոնային, և դրանց դեմ հնարավոր է պայքարել պատվաստմամբ։
- Խոսելով պատվաստումների մասին՝ Դուք ինքներդ կո՞ղմ եք, թե՞ դեմ։ Շատ բժիշկներ խորհուրդ չեն տալիս պատվաստվել։
- Իհարկե, կողմ եմ, ես և իմ ընտանիքը նույնպես պատվաստվել ենք։ Ընդհանրապես, գրիպի համար առավել խոցելի են համարվում մինչև 5 տարեկան երեխաները, հղիները, տարեցները և խրոնիկ հիվանդություններ ունեցողները, ուստի վակցինացիան հենց նրանց է խորհուրդ տրվում առաջին հերթին։ Այստեղ կցանկանայի նշել, որ մարդկանց մեծ մասը կարծում է, թե միայն այդ պատվաստումով կարող է լիովին ապահովագրվել գրիպի վարակից։ Դա այդպես չէ․ պատվաստումը լիովին չի կանխում վարակը, բայց օգնում է հիվանդությունը հնարավորինս թեթև տանել և խուսափել բարդություններից։ Ցանկալի է պատվաստումը կատարել վարակային սեզոնից առաջ, օրինակ՝ նոյեմբերին։
- Ի՞նչպես պաշտպանվել գրիպից։
- Ինչպես և մյուս օդակաթիլային ինֆեկցիաներից․ հաճախակի օդափոխել սենյակը, հիվանդների հետ շփվելիս կրել դիմակ, հաճախակի լվացվել օճառով, շատ հեղուկներ օգտագործել և նորմալ սնվել։
- Իսկ ի՞նչ կարելի է ձեռնարկել տնային պայմաններում։
- Տնական միջոցները կարելի է լայնորեն օգտագործել գրիպի կանխարգելման համար․ շատ բնական հեղուկներ օգտագործեք, վիտամիններով հարուստ սնունդ կերեք, երեխաներին դուրս բերեք մաքուր օդի։ Եթե հիվանդությունը բարդացել է, դիմե՛ք բժշկի և մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ, հատկապես՝ առանց նշանակման դեղեր մի՛ ընդունեք։