ԱՄՈՐՁՈՒ ԵՎ ՄԱԿԱՄՈՐՁՈՒ ԲՈՐԲՈՔՈՒՄ

Ամորձու բորբոքումը կոչվում է օրխիտ, մակամորձու բորբոքումը՝ էպիդիդիմիտ: Հաճախ այս երկու պրոցեսները զարգանում են միաժամանակ:

Էպիդիդիմիտը մակամորձու բորբոքումն է , որի պատճառ կարող են լինել տարբեր միկրոօրգանիզմները, այն հաճախ զարգանում է ուրետրիտի(միզուկի բորբոքում) կամ պրոստատիտի(շագանակագեղձի բորբոքում) հետևանքով: Էպիդիդիմիտի ձևավորմանը կարող են նպաստել մրսածությունը, տրավմաները, երկարատև սեռական ձեռնպահությունը: Սովորաբար պրոցեսն ընթանում է միակողմանի: Սուր էպիդիդիմիտը սկսվում է հանկարծակի, ջերմության բարձրացմամբ մինչև 39 աստիճան, աճուկային խողովակում կամ որովայնի ստորին հատվածում ուժեղ ցավերով: 1-2 օրից ցավերը կենտրոնանում են աջ կամ ձախ հատվածում, որտեղ մաշկն ուռում և կարմրում է: Շոշափման ժամանակ մակամորձին չափերով մեծացած է լինում, ցավոտ և կարծես ձուլված լինի ամորձուն: ՈՒՁՀ հետազոտությունը թույլ է տալիս ընդհանուր պատկերացում կազմել բորբոքային պրոցեսի աստիճանի և տարածվածության մասին: Բուժական միջոցառումները պետք է ձեռնարկել ժամանակին, որպեսզի բորբոքային պրոցեսը չտարածվի ամորձու վրա՝ հաճախ թողնելով անդառնալի հետևանքներ:

Խրոնիկ էպիդիդիմիտը հաճախ հանդիսանում է չբուժված սուր էպիդիդիմիտի հետևանք: Տվյալ դեպքում մարմնի ջերմաստիճանը նորմալ է , ցավերն՝ աննշան, մաշկի փոփոխություն չկա: Բուժումը՝ կոնսերվատիվ կամ վիրահատական:
Օրխիտը ամորձու բորբոքումն է : Այն կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն՝ էպիդեմիկ պարօտիտի(խոզուկ) կամ գրիպի ժամանակ, նաև տրավմայի հետևանքով: Այս պարագայում ձևավորվում է ասեպտիկ օրխիտ, ամորձու մեջ սկսվում են աուտոիմուն պրոցեսներ, և առաջացած հակամարմիններն ուղղվում են հենց սպերմատոգեն բջիջների դեմ: Սուր օրխիտի պատկերը հիմնականում նման է սուր էպիդիդիմիտի պատկերին՝ ցավ տվյալ հատվածում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, մաշկի փոփոխություն՝ այտուցվածություն, կարմրություն: Խրոնիկ օրխիտի ժամանակ ցավերն աննշան են, շոշափվում է ամորձու օջախային պնդացման հատվածներ: Երկարատև այս պրոցեսի գոյության հետևանքով կարող է զարգանալ ամորձու ատրոֆիա, երկկողմանի ընդգրկման դեպքում՝ անպտղություն: Բուժումը՝ կոնսերվատիվ կամ վիրահատական: 

Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից:  093005725 , viber , whatsapp` +37493005725