Սեռական հիվանդություններ



Գոյություն ունեն հիվանդություններ, որոնք փոխանցվում են միայն (կամ հիմնականում) սեռական ճանապարհով, ուստի հարկավոր է կարողանալ տարբերակել դրանց ախտանշանները և իմանալ, թե ինչպես պայքարել դրանց դեմ։

Սեռավարակները կամ վեներական հիվանդությունները վտանգավոր են նաև այնքանով, որ սկզբնական շրջանում որևէ կերպ չեն արտահայտվում։ Դա բարդացնում է վարակի հայտնաբերումն ու բուժումը։ Կանանց համար, հատկապես՝ նրանց, ովքեր ցանկանում կամ պատրաստվում են մայր դառնալ, սեռական հիվանդությունները կրկնակի վտանգավոր են, քանի որ դրանց մեծ մասը փոխանցվում է երեխային։ 

Սեռական հիվանդությունների պատճառ կարող են հանդիսանալ․

  • Բակտերիաներ՝ խլամիդիա, սուսանակ (գոնորեա), սիֆիլիս և այլն,
  • Վիրուսները՝ հերպես, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և այլն,
  • Մակաբույծներ՝ տրիխոմոնոզ։

Որոշ սեռավարակներ կարող են փոխանցվել նաև ոչ սեռական ճանապարհով, օրինակ՝ վարակված արյան և հյուսվածքների հետ անմիջական շփման, կրծքով կերակրման, ծննդաբերության ընթացքում։ 

Սեռավարակների փոխանցումը կանխարգելելու ամենաարդյունավետ եղանակը սեռական հարաբերություններից հրաժարվելն է։ Պատվաստումների որոշ տեսակներ նույնպես կարող են նվազեցնել որոշ վարակներով վարակվելու վտանգը, օրինակ՝ հեպատիտ B-ն և մարդու պապիլոմավիրուսը: Վարակվելու վտանգը կարող են նվազեցնել նաև պաշտպանված սեռական հարաբերությունները։ 

Սեռավարակների մեծ մասը ենթակա է բուժման կամ բուժելի է։ Ամենատարածված վարակներից սիֆիլիսը, սուսանակը, խլամիդիան, տրիխոմոնոզը բուժելի են, իսկ հեպատիտ B-ն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և մարդու պապիլոմավիրուսը պահանջում են պարբերական բժշկական միջամտություն։

Հետևեք մեր հրապարակումներին և կլինեք ավելի տեղեկացված սեռավարակների և դրանց կանխարգելման մասին։ Այս բաժնում հրատարակվող նյութերը մեզ տրամադրվում են փորձառու բժիշկների կողմից, յուրաքանչյուր հոդվածում նշված են բժշկի տվյալները։