Միֆեր յոգայի մասին
Յոգան բավական հայտնի ու օգտակար մարմնամարզության տեսակ է, սակայն շատերը խուսափում են դրանից բազմաթիվ նախապաշարմունքների պատճառով: Գոյություն ունեն բազում տարածված «միֆեր» յոգայի մասին, ուստի մասնագետները ներկայացրել են դրանցից մի քանիսը, որոնց մարդիկ պետք է դադարեն հավատալ:
Յոգայով զբաղվելիս մարդը պետք է միշտ խաղաղ ու հանգիստ լինի
Գոյություն չունեն որոշակի կանոններ, որոնք կթելադրեն, թե ինչ պետք է զգա մարդը յոգայով զբաղվելիս: Իրականում ամեն ինչ կախված է մարդու տրամադրությունից և այդ պահի էմոցիաներից, ուստի նա կարող է լինել ինչպես շատ հանգիստ ու հավասարակշռված, այնպես էլ սաստիկ զայրացած:
Կարելի է յոգայով վատ զբաղվել
Յոգան մարզաձև չէ, որի արդյունքները որոշում են առաջատարին: Ոչ մեկին չի անհանգստացնում, թե որքան լավ է մարդը կատարում այս կամ այն ասանան և որքան ժամանակ է նա յոգայով զբաղվում: Յոգայի գլխավոր նպատակը ֆիզիոլոգիական ու էներգետիկ առավելություններ ստանալն է:
Յոգայով զբաղվելու համար մարդը պետք է շատ ճկուն լինի
Յոգայով զբաղվելու համար գերճկուն լինելը պարտադիր նախապայման չէ: Յոգան արդեն իսկ նախատեսված է ճկունության ու դիմադրողականության ցուցանիշների բարելավման համար:
Յոգայով զբաղվում են միայն կանայք
Շատերը կարծում են, որ յոգայով զբաղվում են միայն կանայք, սակայն իրականում այս մարմնամարզությունը նախատեսված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Այն օգնում է մարդուն ավելի ճկուն դառնալ, ինչը վերաբերում է ինչպես մարմնին, այնպես էլ մտքին:
Յոգայով զբաղվելու համար մարդը պետք է կարողանա ցանկացած դիրք ընդունել
Սա յոգայի վերաբերյալ ամենատարածված միֆերից մեկն է: Շատերը ենթադրում են, որ մարդու մարմինը կարող է կատարել յոգայի բոլոր ասանաները: Երկարատև մարզումներն, իհարկե, թույլ կտան կատարել հնարավորինս շատ ասանաներ, սակայն իրականում նման անհրաժեշտություն չկա: Կարելի է պարզապես կատարել այն ասանաները, որոնք համապատասխանում են օրգանիզմի առանձնահատկություններին: