Վրաստանում կորոնավիրուսի կասկածանքով երեք իրանցի են հոսպիտալացրել
Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցում Իրանի քաղաքացին երկու երեխայի հետ հոսպիտալացվել է՝ կորոնավիրուսի կասկածանքով, հայտնել է հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան:
Իրանի քաղաքացուն և նրա երկու երեխային հիվանդանոց են տեղափոխել Թբիլիսիի միջազգային օդանավակայանից, երբ երեխաներից մեկի մոտ բարձր ջերմություն են գրանցել: 8 և 13 տարեկան երեխաների վիճակը միջին ծանրության է, նրանք հսկողության տակ են: Երեխաները բուժվում են վիրուսի ախտանշաններից, մայրը վարակված չէ, բայց նա ևս հսկողության տակ է:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 28-ի է հասել, գրանցվել է մահվան 5 դեպք: Ավելի վաղ, Իրանում կորոնավիրոուսի հետ կապված իրավիճակի և Հայաստանում վարակի հնարավոր տարածման վտանգը հաշվի առնելով՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորել էր այդ երկրի տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել իրենց հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: ՀՀ Առողջապահության նախարարությունը ևս հանդես էր եկել պաշտոնական կոչով։