Սրտի և արյան անոթների հիվանդությունների ախտանիշանները և պատճառները
Սրտի և արյան անոթների հիվանդություններ ունեցող մարդկանց թիվն արագորեն ավելանում է տարեցտարի, հիվանդություններից շատերը ‹‹երիտասարդանում են››: Ընդ որում՝ նման հիվանդությունների մեծամասնությունը սկզբնական փուլերում որևէ տեսանելի ախտանշան չունի, ուստի հաճախ նրանց վրա ուշադրություն են դարձնում միայն այն ժամանակ, երբ նրանք դառնում են քրոնիկ կամ հանգեցնում են մեկ այլ, ավելի լուրջ շեղման:
Սրտի և անոթների հիվանդությունների մեծ մասը դարձելի է, եթե ժամանակին ուշադրություն դարձնեք ձեր կենսակերպին: Հաճախ այս հիվանդությունները և դրանց զարգացումը կախված են բացառապես մարդուց, ժառանգական գործոնը և հարակից հիվանդությունները ոչ այնքան շատ են ազդում:
Սրտի հիվանդություններ
Սրտի հիվանդությունները ավելի ու ավելի հաճախ են պատճառ դառնում մահացու ելքի կամ ծանրագույն բարդությունների առաջացման: Բացի բնածին հիվանդություններից, հաճախ հանդիպում են նաև այնպիսիք, որոնք զարգանում են որպես այլ հիվանդությունների կամ սխալ ապրելակերպի բարդացումներ:
Առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է տախիկարդիան՝ հաճախասրտությունը: Այն ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում, պատճառը ժամանակակից կյանքի չափազանց արագ տեմպն է, որը նպաստում է սթրեսներին, սխալ սննդին, վնասակար սովորույթներին, մարդու համար անհարմարավետ աշխատանքի և հանգստի ռեժիմին:
Պատճառները
Որոշ հիվանդություններ հանդիսանում են բնածին, օրինակ՝ սրտի արատը, իր դերն է խաղում նաև անբարենպաստ ժառանգականությունը: Սակայն կան սրտային հիվանդությունների զարգացման նաև այլ, հաճախ ավելի էական գործոններ:
- Վիրուսային կամ բակտերիալ վարակներ - Տանում են սրտամկանի տարբեր բորբոքային հիվանդությունների՝ էնդոկարդիտ, պերիոկարդիտ, միոկարդիտ, որոնք կարող են հանգեցնել սրտի անդառնալի վնասվածքների։
- Հաճախակի սթրեսներ - Մշտական լարվածությունը և բացասական էմոցիաները ազդում են նաև սրտամկանի աշխատանքի վրա, հաճախ հանգեցնում են տախիկարդիայի և ռիթմի այլ խախտումների:
- Ոչ ճիշտ սնունդ, ավելորդ խոլեստերին - Նպաստում են աթերոսկլերոզի զարգացմանը:
- Ալկոհոլի, ծխախոտի, սուրճի և այլ էներգետիկ խմիչքների չարաշահում:
- Ֆիզիկական ակտիվության պակաս, ոչ ռացիոնալ և առողջական վիճակին անհամապատասխան ֆիզիկական ծանրաբեռնվածություն:
Կարևոր է. սրտի հիվանդությունների մեծ մասի զարգացման վրա կարող է ազդել ժամանակին սեփական առողջությանը և կենսակերպին հետևելը:
Ախտանշանները
Բոլոր սրտային հիվանդությունների ախտանիշները նման են, հիմնական խնդիրն այն է, որ հաճախ դրանք վերագրում են հոգնածության կամ ընդհանուր տկարության՝ նույնիսկ չկասկածելով, որ դրանք խոսում են լուրջ խնդիրների մասին։ Եթե առկա է հետևյալ նշանների գոնե մի մասը, դա առիթ է դիմել մասնագետի՝ թերապևտի կամ սրտաբանի:
- Ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո շունչը կտրվելը, նույնիսկ՝ շատ թույլ։ Երբեմն շնչարգելություն կարող է առաջանալ նույնիսկ հանգիստ ժամանակ:
- Ուժեղ թուլության հայտնվելը, երբեմն կամ մշտապես:
- Չոր հազ, սովորաբար գիշերային ժամերին:
- Ցավ ու անհանգստություն սրտի շրջանում, կարող է փոխանցվել թիկունքի կամ լյարդի կողմ:
- Շատ հաճախակի կամ դանդաղ զարկերակ, այն կարող է փոփոխվել առանց տեսանելի պատճառների:
- Երեկոյան ժամերին ոտքերի այտուցներ:
- Շնչառության դժվարացում, հատկապես գիշերը:
Կարևոր է. այս ախտանիշները պետք է առիթ հանդիսանան բժշկի գնալու:
Հիվանդության զարգացմանը զուգընթաց՝ ախտանիշները դառնում են ավելի ինտենսիվ, ավելանում են նորերը: Կարևոր է ժամանակին նկատել դրանք և դիմել մասնագետին. նա կօգնի ճիշտ ախտորոշել հիվանդությունը և նշանակել բուժում: Սրտային հիվանդությունների բուժումը հազվադեպ է պարզ լինում, սովորաբար անհրաժեշտ է գրեթե ամբողջությամբ փոխել կենսակերպը՝ հիվանդության կրկնություն թույլ չտալու կամ ավելի լուրջ բարդացումներ չստանալու համար:
Սիրտ-անոթային համակարգի որոշ հիվանդություններ հանգեցնում են ուղեղի արյան շրջանառության սուր խախտման (ինսուլտ, ուղեղի կաթված)՝ թրոմբի կամ վահանիկի պատճառով անոթի խցանման պատճառով: Կաթվածը երբեմն դասում են սիրտ-անոթային հիվանդությունների շարքին, սակայն այդ խնդիրը դիտարկվում է նյարդաբանների կողմից, թեև առաջանում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խախտումների պատճառով:
Եթե խնդրին պատշաճ ուշադրություն չդարձվի, այն կարող է հանգեցնել ինֆարկտի (սրտի կաթված) և կյանքի ու առողջության համար վտանգավոր այլ հետևանքների: Սրտի հիվանդություններին միշտ պետք է լուրջ վերաբերվել: Սրտի անբավարարություն ունեցող հիվանդները միշտ պետք է մասնագետի հսկողության տակ լինեն, քանի որ հիվանդությունը առանց պատշաճ բուժման կարող է սրվել:
Անոթների հիվանդություններ
Հարկ է առանձին նշել անոթների հիվանդությունների մասին: Ամենից հաճախ հանդիպում է աթերոսկլերոզը, որի ժամանակ անոթների ներսում խոլեստերինի բարձր մակարդակի պատճառով առաջանում են վահանիկներ, երակների վարիկոզ լայնացումը և թրոմբոֆլեբիտը, երբ առաջանում են երակի բորբոքում և թրոմբոզ:
Աթերոսկլերոզ
Աթերոսկլերոզը խրոնիկական հիվանդություն է, որի դեպքում երակը նեղանում է, իսկ դա նշանակում է՝ դժվարանում է արյան նորմալ շրջանառությունը: Ավելի հաճախ հիվանդությունը հանդիպում է տարեց մարդկանց մոտ, չնայած մասնագետները նշում են, որ վերջին շրջանում այն փոքր-ինչ ‹‹երիտասարդանում է››:
Աթերոսկլերոզի հիմնական պատճառներն են սխալ սնունդը, հաճախակի սթրեսները, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունները: Առավել հաճախ հիվանդանում են մինչև 35 տարեկան տղամարդիկ, որոնք առանձնակի ենթարկվում են հաճախակի հուզումների:
Աթերոսկլերոզը երկար ժամանակ իրեն չի բացահայտում, բավական ժամանակ անց միայն հայտնվում են հևոց, մշտական թուլություն, աշխատունակության կորուստ: Հետևաբար պետք է բացահայտել այդ խնդիրը վաղ փուլում, չպետք է անտեսել սրտաբանի կանխարգելիչ ստուգումները, հատկապես՝ 35-40 տարեկանից հետո: Հիվանդության ախտորոշումից հետո, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեք ամբողջությամբ փոխել կենսակերպը:
Կարևոր է. աթերոսկլերոզը կարող է հանգեցնել ինսուլտի:
Վարիկոզ
Վարիկոզի ժամանակ տեղի է ունենում ստորին վերջույթների երակների ընդլայնում և երկարում, որը ոտքի վրա առաջացնում է անոթային ‹‹աստղիկներ›› և ‹‹հանգույցներ››: Շատերը կարծում են, որ վարիկոզը միայն կոսմետիկ թերություն է, սակայն այդ կարծիքը սխալ է ։ Լայնացումը լիարժեք հիվանդություն է, որը պահանջում է ուշադրություն:
Վարիկոզի առաջացման հիմնական պատճառները մարմնի ավելորդ քաշն է և այնպիսի աշխատանքը, որի դեպքում պահանջվում է շատ կանգնել: Վարիկոզ ավելի հաճախ առաջանում է կանանց մոտ, ինչպես նաև՝ իր դերը կարող է խաղալ ժառանգականությունը:
Վարիկոզ լայնացումը սկզբում դրսևորվում է ոտքերի այտուցվածությամբ, որից հետո միայն սկսում են ձևավորվել ‹‹աստղիկներ››, փքված երակներ: Հաճախ առկա են նաև ոտքերի մկանային ցնցումներ: Եթե վարիկոզին չհետևեք, անոթների դուրս եկած տեղերում կարող են առաջանալ էկզեմա և չլավացող խոցեր:
Մեր օրերում կան բազմաթիվ արդյունավետ մեթոդներ, որոնք թույլ են տալիս ընդմիշտ ազատվել վարիկոզից կամ զգալիորեն մեղմել այն: Այս հիվանդությունը չի կարելի անտեսել:
Թրոմբոֆլեբիտ
Թրոմբոֆլեբիտի դեպքում երակը խցանվում է թրոմբով և բորբոքվում է: Առավել հաճախ այս հիվանդությունը հանդիպում է ստորին վերջույթների երակների վրա, սակայն թրոմբոզի դեպքեր լինում են նաև պարանոցի, ձեռքի և կրծքավանդակի շրջանում:
Հիմնական պատճառներն են անոթների տարբեր մեխանիկական վնասվածքները, վարիկոզ լայնացման բարդությունները, այլ բորբոքային հիվանդություններ և վարակներ: Գոյություն ունի նաև ժառանգական հակում:
Թրոմբոֆլեբիտի ժամանակ առաջանում են այտուցներ, մաշկի կարմրություն և կոշտուկներ թրոմբի առաջացման վայրերում, մաշկի գունափոխումներ, որի տեղում կարող է ձևավորվել տրոֆիկ խոց և առաջանալ սուր ցավեր: Այս ախտանիշների առաջացման դեպքում պետք է հնարավորինս շուտ դիմել բժշկի:
Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները բավականին լուրջ են և պահանջում է ուշադրություն բոլոր դեպքերում: Դրանք անհնար է հաղթահարել առանց մասնագետի օգնության, եթե դրանք աչքաթող արվեն, դա կարող է հանգեցնել ծանր հետևանքների: