Կարելի՞ է արդյոք հեռախոսը գիշերը կողքը դնել
Շատերը հեռախոսն իրենց կողքն են պահում նույնիսկ գիշերը, քնած ժամանակ: Նման սովորությունը կարող է հղի լինել մի շարք վտանգներով, կարծում է «Կենսական տարածքի էկոլոգիա» լաբորատորիայի տնօրեն Անտոն Յաստրեբցեւը(Ռուսաստան):
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ նախկինում որոշ մասնագետներ մտավախություններ ունեին, որ բջջային հեռախոսներից ճառագայթումը կարող է քաղցկեղ առաջացնել, բայց դրանք չհաստատվեցին: Սակայն, ինչպես նշել է Յաստրեբցեւը, մարդու ներքին օրգանների եւ հյուսվածքների վրա բջջային հեռախոսների ազդեցության աստիճանը դեռ ուսումնասիրված չէ:
Նրա խոսքով՝ հավաստագրման ժամանակ օրգանիզմի վրա սարքի ազդեցությունը սովորաբար կես մետր հեռավորությունից է գնահատվում: Հետեւաբար, խորհուրդ է տրվում հեռախոսը պահել գլխից այդ կամ նույնիսկ ավելի մեծ հեռավորության վրա:
«Ընդհանուր կանոնն այն է, որ գաջեթին գրկախառնված չի կարելի քնել՝ չի կարելի այն բարձի տակ կամ մահճակալի վրա ձեր կողքը դնել: Ավելի լավ է այն գլխին մեկ մետրից, կամ գոնե կես մետրից մոտ չպահել»,- ասել է Յաստրեբցեւը:
Գյուղական վայրերում, ըստ մասնագետի, բջջային հեռախոսի եւ քնած մարդու միջեւ հեռավորությունը պետք է ավելի մեծ լինի, քանի որ բազային կայանից հեռու սարքի ճառագայթումը մեծանում է:
«Եթե բջջային բազային կայանը հեռու է, եւ կապը թույլ է, օրինակ՝ գյուղում, ամառանոցում, ապա հեռախոսը մեծ քանակությամբ էներգիա է ծախսում բազային կայանի հետ հաղորդակցվելու համար, եւ դրանից ճառագայթումն ավելանում է: Սա պետք է հաշվի առնել: Նման դեպքերում ավելի լավ է այն հեռացնել գլխից: Այսինքն՝ քնելիս պետք է նայել կապի մակարդակին»,- բացատրել է Յաստրեբցեւը:
Նա հավելել է, որ կարդիոստիմուլյատորով մարդկանց համար հատկապես կարեւոր է հեռախոսը հեռու պահել իրենցից, որպեսզի գաջեթը էլեկտրամագնիսական խափանումներ չառաջացնի:
Ըստ մասնագետի՝ խոսելիս ավելի լավ է օգտագործել անլար ականջակալներ՝ դրանք հեռախոսը գլխի մոտ չպահելու հնարավորություն կտան: