Մանրամասներ Շենգավիթի արտադրամասում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ
ՀՀ-ում կորոնավիրուսի երկու աղբյուրից մեկում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող արտադրամասում, վիրուսը տարածվել է Իտալիայից եկած գործընկերներից մեկի միջոցով, «Շանթ»-ին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ Շենգավիթի արտադրամասը կապ ունի Իտալիայի հետ:
«Իտալացի գործընկերը ժամանել է այնտեղ, ընդ որում՝ նա եղել է առողջապահության նախարարության հսկողության տակ, բայց, ցավոք սրտի, ջերմիջեցնող խմելու միջոցով թաքցրել է իրական վիճակը, 1-2 օր անցկացրել է արտադրամասում, որից հետո հեռացել է ՀՀ-ից»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է նաև, որ Էջմիածնի շուրջ վիճակը կայունացել է, իսկ այժմ խնդիր է դրված կայունացնել արտադրամասի հետ կապված իրավիճակը:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: