Չինաստանում կորոնավիրուսից արդեն 213 մարդ է մահացել

չինաստան կորոնավիրուս ուհան կորոնավիրուսից մահ china coronavirus deaths

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 213-ի, նաև հաստատվել է վարակման գրեթե 10 հազաև դեպք: Այդ տվյալները հրապարակել է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը: Բացի այդ, բացահայտվել է նաև այդ տիպի թոքաբորբով հիվանդանալու ավելի քան 1700 նոր դեպք: Վիրուսի կասկածներ կան նաև 12,167 քաղաքացու վերաբերյալ: Չինաստանի իշխանությունները հաստատել են նաև կորոնավիրուսով հիվանդության առաջին դեպքը Տիբեթում․ դա Չինաստանի միակ հատվածն էր, որտեղ վիրուսը դեռ չէր տարածվել:

Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել Հնդկաստանում: Վիրուսը հայտնաբերվել է հարավային Կերալա նահանգից հնդիկ ուսանողի մոտ, որն ուսանում էր Ուհանում:

Ռուսաստանը, իր հերթին, որոշել է փակել Չինաստանի հետ սահմանը: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել ՌԴ սահմանը Հեռավոր Արևելքում փակելու մասին՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոց:

Չինաստանից դուրս հունվարի 29-ի երեկոյան գրանցվել է կորոնավիրուսով հիվանդանալու ևս 50 դեպք մի շարք երկրներում՝ Ավստրալիայում, Վիետնամում, Կանադայում, Մալայզիայում, ԱՄԷ-ում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում: Գերմանիայում արդեն 4 մարդ է վարակվել:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակի առաջին դեպքերը կապված էին չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքի ծովամթերքի շուկայի հետ: Մինչ հունվարի 1-ին դրա փակումը, շուկայում ծովամթերքից բացի վաճառվում էին նաև չղջիկներ, հավեր, ճագարներ և օձեր: Ըստ չինացի վիրուսագետների՝ այդ տեսակներից մեկը կարող էր վարակի աղբյուր դառնալ: Պեկինը սահմանափակել է հաղորդակցությունը մի շարք մեգապոլիսների հետ՝ փաստացի կարանտին սահմանելով ավելի քան 56 մլն մարդու համար: Կորոնավիրուսի տարածմանը կարող եք հետևել նաև օնլայն։ 

ՀՀ Առողջապահության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանում իրավիճակը վերահսկվում է, և դեռևս որևէ կտրուկ քայլի անհրաժեշտություն չկա։