ՀՀ ԱՆ մամլո ասուլիսը՝ կորոնավիրուսի վերաբերյալ
Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակի, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումների և դրանց համակարգման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը մանրամասն ներկայացրել են կատարված և ընթացիկ աշխատանքները:
Մասնավորապես նշվել է, որ նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը Չինաստանում շարունակում է լարված մնալ: ԱՀԿ հրապարակած վերջին տվյալներով` Չինաստանում արձանագրվել է 4537 հաստատված դեպք` 106 մահվան ելքով: Իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` արձանագրվել է շուրջ 5997 հաստատված դեպք` 132-ը մահվան ելքով: Դեպքեր են գրանցվել են նաև 15 այլ երկրում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 23-ի դրությամբ չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։
Ըստ ԱՀԿ հայտարարության` դեռևս լիարժեք պարզաբանված չէ հիվանդության փոխանցման աղբյուրը. հավանական է կենդանական ծագումը, իսկ փոխանցման ուղին՝ կոնտակտային և օդակաթիլային: Չինաստանում մարդուց մարդ փոխանցումը հաստատված է, իսկ այն երկրներում, որտեղ գրանցվել են բերովի դեպքեր՝ մարդուց մարդ փոխանցում դեռևս չեն արձանագրվել:
Որպես կանխարգելիչ և սահմանափակող միջոցառում ՉԺՀ Վուհան քաղաքի նկատմամբ հայտարարել է կարատին, ինչպես նաև ժամանակավոր դադարեցվել են ուղևորափոխադրումները: Հունվարի 25-ի դրությամբ կարանտին Վուհան քաղաքում շարունակվում է, սակայն ըստ ոչ պաշտոնական աղբյուրների կարանտին է հայտարարվել նաև Չինաստանի այլ քաղաքներում:
Հայաստանում իրականացվում են հետևյալ միջոցառումները․
- կազմակերպվում են քննարկումներ վարակի համաճարակային իրավիճակի և ՀՀ-ում ձեռնարկվող միջոցառումների շուրջ՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին)
- սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ քննարկման արդյունքում` վերջինիս կողմից հունվարի 26-ից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք
- արտաքին գործերի նախարարության և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ մշակվել է հուշաթերթ, որտեղ առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց
- չնայան այն հանգամանքին, որ Առողջապահության նախարարությունում առկա են լաբորատոր կարողություններ կորոնավիրուսների ախտորոշման համար, սակայն, դիվանագիտական խողովակներով, լայնածավալ աշխատանքներ են իրականացվում լաբորատոր աշխտորոշիչ թեստերի ձեռք բերման ուղղությամբ` թե միջազգային կառույցների, թե առանձին երկրների հետ
- իրավիճակը և երկկողմ կարողությունները մշտապես քննարկվում են տարածաշրջանի գործընկերների հետ
- ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացվել է հսկողությունը, հատկապես՝ Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ։ Առողջապահության նախարարության մասնագետները գործուղվել են ՀՀ պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար
- ԱՀԿ մոտեցումներին համապատասխան մշակվել է ուղևորների իրազեկման «Նոր վարակ Չինաստանում, նոր կորոնավիրուս (2019n-CoV)» վերատառությամբ պաստառ (հայերեն, անգլերեն, ռուսերեն, չիներեն)՝ հիվանդության հարուցչի, ախտանշանների և կանխարգելիչ միջոցառումների ընդգրկմամբ։ Դրանք տեղադրվել են ՀՀ պետական սահմանի անցման կետերում (օդային և ցամաքային)
- վերանայվել է Ծանր սուր շնչառական համախտանիշի (ատիպիկ թոքաբորբ, SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշի (MERS-CoV) վերաբերյալ առկա փաստաթղթերը՝ կորոնավիրուսի նոր ենթատեսակի տեսակետից: Ինչպես նաև ավարտին են հասցվել աշխատանքները՝ հիվանդների վարման ուղեցույցի և բուժաշխատողների անվտանգությանն առնչվող ընթացակարգերի մշակման ուղղությամբ
- Բնակչության և բուժաշխատողների համար հրապարակվում է տեղեկատվություն, որը տեղադրվում է սոցիալական և պաշտոնական կայքերում:
Ամբողջական ասուլիսը՝ այստեղ