Ամանորյա պայթուցիկների վնասները

2020 թվականը դեռ նոր է սկսվել, սակայն արդեն իսկ ունենք մեծ թվով տուժածներ պայթուցիկներից ու հրավառություններից: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է.

«Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից։

Վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ, այդ թվում.

➢ 8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր),

➢ 49 դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ։»

Նա նաև նշել է, որ պայթուցիկների վաճառքի և հրավառությունների սահմանափակումների օրինագծերը արդեն դրված են շրջանառության մեջ: Ըստ դրա` նախատեսվում է կարգավորում, որով տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները կարող են իրականացվել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա։ Իսկ դրանց հետ վարվելը պահանջելու է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների համապատասխան որակավորում, տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում:

Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից ճայթուկ վաճառելը տուգանվելու է 250 հազար դրամով։ Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում վաճառողը կտուգանվի 500 հազար դրամով։

Բացի այդ, կփոփովեն նաև հրավառությունների արգելման ժամերը։ Նախկին ժամը 23.00-ից մինչև 7.00-ի փոխարեն, կարգելվեն հրավառություն իրականցնել 22:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 08:00-ն: 

Մեր կողմից հավելենք, որ կողմ ենք այն օրինագծերին, որոնք կապահովեն մեր մանուկների անվտանգությունն ու ապահով տոները: