Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 24-ի դրությամբ արձանագրվել է 79331 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77262, 2595-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարհի 29 երկրում արձանագրվել է 2069 դեպք, որից 23-ը մահվան ելքով:
Վերը նշված տվյալները փաստում են, որ Չինաստանում իրավիճակի կայունացումը շարունակվում է:
Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ արձագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:
Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են և փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա:
Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են` թե կազմակերպչական և թե ախտորոշման ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ և այսօր ախտորոշման առումով երկիրը որևէ խնդիր չունի:
Ձեռնարկվել են միջոցառումներ` դիմակներ և ախտահանիչ նյութեր ձեռք բերելու ուղղությամբ, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում դրանք առկա են:
Աշխարհում համաճարակային իրավիճակի և Հայաստանում ձեռնարկվող միջոցառումների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
Առողջապահության նախարարությունը հորդորում է.
- Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
- Խուսափե´լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե´լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
- Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ,
- Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե´լ բժշկի` նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճանապարհորդության մասին: