Մանդարինի օգտակար հատկություններն ու հակացուցումները
Մանդարինը ձմռան սիրված մրգերից է, բայց ոչ բոլորին է կարելի այն ուտել։ Նախևառաջ, մասնագետները խորհուրդ չեն տալիս մանդարին ուտել ցիտրուսային մրգերից ալերգիա ունեցողներին, քանի որ նույնիսկ փոքրիկ կտորը կարող է ցան առաջացնել մարմնի վրա:
Մանդարինները, բացի վիտամիններից, պարունակում են թթուներ, որոնք գրգռում են ստամոքսի և աղիների լորձաթաղանթը, այդ իսկ պատճառով ստամոքսի և 12-մատնյա աղու խոց ունեցող մարդկանց ևս չի կարելի ուտել այս միրգը: Այնուամենայնիվ, եթե ցանկությունը մեծ է, կարելի է ուտել մեկ-երկու բլթակ, բայց ոչ սրացումների ժամանակ:
Մանդարինը պետք է սահմանափակեն նաև երիկամների հիվանդություններ ունեցող մարդիկ, քանի որ այդ միրգը պարունակում է թթու, որը հանգեցնում է երիկամներից քարաթափման:
Մանկաբույժները խորհուրդ են տալիս մանդարին չտալ մինչև մեկ տարեկան երեխաներին: Մեկ տարեկանից հետո կարելի է տալ մեկ բլթակ` աստիճանաբար ավելացնելով չափաբաժինը մինչև մեկ ամբողջական մանդարին: Սակայն կարմիր ցանի տեսքով բացասական ռեակցիայի դեպքում պետք է բացառել մինչև 2-3 տարեկանը:
Նույնիսկ եթե չունեք այս բոլոր հակացուցումները, ապա դա չի նշանակում, որ կարելի է մեծ քանակության մանդարին ուտել, ցանկացած դեպքում չափի զգացումը լավ է։