Վերջին նորությունները կորոնավիրուսի վերաբերյալ

 

Ռուսաստանում առաջին անգամ կորոնավիրուսով 2 հիվանդ է հայտնաբերվել: Նրանք Չինաստանի քաղաքացիներ են, հայտնել է ՌԴ փոխվարչապետ, օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան: Հիվանդները Զաբայկալյեից և Տյումենի շրջանից են:

ՌԴ-ն նաև սահմանափակել է ավիահաղորդակցության բոլոր ուղղությունները Չինաստանի հետ՝ բացառությամբ «Աերոֆլոտի» չվերթները Պեկին, Շանհայ, Գունաչժոու և Հոնկոնգ: Ըստ Գոլիկովայի՝ ՌԴ-ն տարհանում է ռուսաստանցիներին չինական Ուհանից և Հուբեյ նահանգից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել էր վիրուսը: Ռուսաստանը նաև կսահմանափակի Մոնղոլիայի հետ սահմանի հատումը:

Իրավիճակի լրջությունը գնահատելով՝  Հայաստանը 2 ամսով կասեցնում է վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020-ի փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 19-ին ուժի մեջ էր մտել ՀՀ և Չինաստանի միջև մուտքի արտոնագրերի չեղարկման մասին համաձայնագիրը: Դրանով երկու երկրի քաղաքացիները ՀՀ կամ Չինաստան մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում էին վիզայի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածում: