Մթերքներ, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել շոգ եղանակին
Մարդու սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի նրա առողջության և ընդհանուր լավ ինքնազգացողության պահպանման հարցում, քանի որ հենց սննդակարգի միջոցով է օրգանիզմն ստանում կենսագործունեության համար անհրաժեշտ վիտամիններն ու այլ սննդարար նյութերը: Ճիշտ սննդակարգն անչափ կարևոր է, ուստի զարմանլի չէ, որ մասնագետները հորդորում են հարստացնել այն բազմազան օգտակար մթերքով: Այնուամենայնիվ տարվա շոգ եղանակին սննդակարգում հարկավոր է լինում շատ լուրջ փոփոխություններ անել ու բացառել սննդամթերքի որոշ տարածված ու օգտակար տեսակները, քանի որ եղանակային նման պայմաններում դրանց գործածությունը կարող է վտանգավոր լինել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդամթերքի այն տեսակները, որոնցից տարվա շոգ ամիսներին հարկավոր է խուսափել:
1. Սուրճ և թեյ
Սուրճն ու թեյն օժտված են միզամուղ հատկություններով, ուստի ամռանը դրանց գործածությունից հարկավոր է խուսափել: Harvard Health Publishing-ի տվյալներով՝ այս ըմպելիքների գործածության դեպքում երիկամներն օրգանիզմից դուրս են բերում ավելորդ ջուրը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է զարկերակային ճնշումը: Այնուամենայնիվ շոգ եղանակին օրգանիզմում բավարար քանակությամբ հեղուկի առկայությունը շատ կարևոր է, քանի որ հակառակ դեպքում շատ մեծ է օրգանիզմի ջրազրկման հավանականությունը: Սա է պատճառը, որ շոգ եղանակին խորհուրդ է տրվում հրաժարվել թեյի և սուրճի գործածությունից
2. Հոռոմ-սամիթ, արտիճուկ և ծնեբեկ
Բանջարեղենի որոշ տեսակներ ևս օժտված են միզամուղ ազդեցությամբ, ուստի դրանց գործածության դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել: Օրինակ՝ ծնեբեկը պարունակում է ամինաթթուներ, որոնք բնական դիուրետիկներ են ու նպաստում են օրգանիզմից հեղուկի դուրսբերմանը: Նմանատիպ ամինաթթուներ պարունակվում են նաև բանջարեղենի որոշ այլ տեսակների, այդ թվում՝ սոխի, սխտորի, բուլղարական պղպեղի, արտիճուկի և հոռոմ-սամիթի մեջ, ուստի դրանց գործածությունը շոգ եղանակին նույնպես կարող է տհաճ հետևանքներ ունենալ:
3. Մանգո
Թարմ, հասած մանգոն հիանալի մթերք է ամռանքը որևէ քաղցր ու զովացնող մթերք ուտելու պահանջը հագեցնելու համար, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ այս համեղ մթերքը նույնպես օժտված է միզամուղ ազդեցությամբ: Այս միրգը պարունակում է մեծ քանակությամ կալիում, որը բնական ճանապարհով դուրս է բերում ջուրն օրգանիզմից, ինչն էլ կարող է դառնալ ջրազրկման պատճառ: Նման խնդրից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս փոխարինել մանգոն ելակով կամ սեխով, քանի որ դրանք ոչ միայն չեն նպաստում օրգանիզմից ջրի դուրսբերմանը, այլև պարունակում են մեծ քանակությամբ ջուր, ինչի շնորհիվ հավելյան խոնավացում են ապահովում:
4. Ալկոհոլ
Շոգ եղանակին ալկոհոլի չարաշահումը ևս կարող է հանգեցնել ջրազրկման, ուստի նման դեպքերում դրա գործածությունից հարկավոր է հրաժարվել: Ալկոհոլի՝ օրգանիզմում հայտնվելուց հետո լյարդ ծանրաբեռնվում է, ինչը բացասաբար է անդրադառնում ընդհանուր ինքնազգացողության ու վիճակի վրա: Եթե սովորական օրերին սա հանգեցնում է միայն խումարային համախտանիշի զարգացման, ապա շոգ օրերին ոգելից խմիչքների գործածության հետևանքները շատ ավելի լուրջ կլինեն, ուստի նման ըմպելիքներ օգտագործելու դեպքում հարկավոր է անպայման հաշվի առնել այս գործոնը: