Նոր տարվա պայթուցիկների վնասները
Ամանորը հայերիս ամենասիրելի տոներից է։ Ինչպես գիտենք, Նոր տարվա գիշերվա (իսկ վերջին տարիներին՝ ոչ միայն այդ գիշերվա) գլխավոր խորհրդանիշներից են նաև պայթուցիկներն ու տարատեսակ պիրոտեխնիկան։ Քանի որ դրանով զբաղվում են հիմնականում երեխաները, հորդորում ենք ծնողներին ուշադիր լինել․ այս տարի արդեն գրանցվել է պայթուցիկից երեխայի վնասման առաջին դեպքը։ Օրերս 10֊ամյա փոքրիկը չի հասցրել ժամանակին ձեռքից գցել «բոմբը», այն պայթել է և կտրել նրա մատները։ Ներքևի նկարում ներկայացված է օրինակ, թե ինչ տեսք է ստանում վնասված ձեռքը։
Տեղափոխվելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ երեխան վիրահատվել է՝ աջ դաստակի առաջին, երկրորդ մատները անդամահատվել են, մյուս մատները բժիշկներին հաջողվել է պահպանել:
«Ցավոք, ծնողները, մտածելով, որ երեխան չվնասվի, իրենք են բռնում երկար «սալյուտները», երեխային էլ կանչում են, որ ներքևի հատվածից բռնի: Ստացվում է՝ ընտանիքով են վնասվում: Դրանք ձեռքով ընդհանրապես չի կարելի բռնել, հողի մեջ են դնում, հետո նոր կիրառում են»,- նշում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ Արթուր Հարությունյանը:
Տղայի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
Ինչպես զերծ մնալ վնասվածքներից
Ըստ վիճակագրության՝ տարեկան 10-15 երեխա վնասում է իրեն պայթուցիկների միջոցով, ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում ծնողներին․
- հնարավորինս քիչ կամ ընդհանրապես մի գնեք պայթուցիկներ երեխաների համար,
- եթե գնել եք հրավառություն, պայթեցրեք այն ոչ թե ձեռքում պահած, այլ՝ ձեզնից 10-15 մ հեռու, դատարկ ու բաց տարածությունում, հողի մեջ խրած, վերջում անպայման համոզվեք, որ այն ամբողջությամբ դատարկ է ու անվտանգ է,
- հեռու պահեք երեխաներին այն վայրերից, որտեղ լսվում են պայթյունի ձայներ,
- երեխային ամենամատչելի ու պարզ բառերով բացատրեք պայթուցիկի վտանգի մասին։
Ցանկանում ենք բոլորին անվտանգ ու ուրախ տոներ։