Ջերմային հյուծում. ինչ է դա
Ջերմային հյուծումը մի շարք տհաճ ախտանիշներ ունի, որոնք կարող են առաջանալ ջերմության և օրգանիզմի` մարմնի ջերմաստիճանն իջեցնելու մեխանիզմների խափանման պատճառով:
Ջերմային հյուծման վտանգը մեծանում է այն երեխաների մոտ, ովքեր ավելորդ քաշ ունեն, արևայրուք են ստացել կամ անառողջ են տվյալ պահին: Բացի այդ, այդ ռիսկը մեծանում է միզամուղ դեղամիջոցների, ուշադրության պակասի խանգարման, ալերգիայի և միգրենի բուժման դեղամիջոցների, ինչպես նաեւ հակադեպրեսանտների ընդունման դեպքում:
Ջերմային հյուծման ախտանիշները
- Մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
- Սառը և կպչուն մաշկ,
- «Սագի կաշի»,
- Ուշաթափություն և գլխապտույտ,
- Թուլություն,
- Գլխացավ,
- Ուժեղ քրտնարտադրություն,
- Ուժեղ ծարավ,
- Գրգռվածություն, ագրեսիա,
- Տեղային մկանային սպազմեր,
- Սրտխառնոց, փսխում,
Նորածինների մոտ ջերմային հյուծումը բնութագրվում է հետևյալ ախտանիշներով.
- Լաց, դյուրագրգռություն
- Արագացած շնչառություն
- Ավելորդ քնկոտություն, անքնություն, արթնանալու անկարողություն
- Փսխում:
Ի՞նչ անել, եթե երեխան կամ մեծահասակը ջերմային հյուծում ունեն
Եթե նկատել եք այս նշաններից մեկը կամ մի քանիսը, տուժածին տարեք զով, ստվերածածկ տարածք: Այնուհետև խորհուրդ է տրվում նրա հագուստը թրջել սառը ջրով կամ պարուրել նրան խոնավ սրբիչով:
Եթե տուժածը երեխա է և վերջույթների կամ որովայնի ցավոտ ջղաձգումներ է ունենում, ցանկալի է նրբորեն մերսել և ձգել մկանները:
Ջերմային հյուծման դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել աղ պարունակող զովացնող ըմպելիքներ: Դրանք կարող են լինել, օրինակ, սպորտային ըմպելիքներ կամ գաստրոէնտերիտի դեպքում նշանակվող ըմպելիքներ: