Ինչ պատժամիջոցներ են սահմանվում արտակարգ դրությունը խախտելու համար
Հայաստանը մարտի 23-ին ընդունեց մի շարք փոփոխություններ Քրեական ու Վարչական իրավախախտումների օրենսգրքերում։ Արդյունքում ավելացավ հոդված՝ կորոնավիրուսով այլ անձանց վարակելու համար։ Ըստ դրա՝
- մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանք՝ 100-250 հազար դրամի չափով։
- Քրեական օրենսգրքում լրացման համաձայն, անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը՝ պատժվում է տուգանքով՝ 400-800 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ մինչև 1 ամիս ժամկետով, կամ մինչև 1 տարով ազատազրկմամբ: Նույն արարքը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց, անչափահասի կամ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է 800 հազարից 1 մլն դրամ տուգանքով, 2-3 ամիս կալանքով կամ 1-3 տարի ազատազրկմամբ։ Մարդու մահվան դեպքում արարքը պատժվում է 3-5 տարի ազատազրկմամբ։
- Բացի այդ, արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում, պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամ, կամ կալանքով՝ մինչև 1 ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։
- Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում՝ պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա։
- Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Իսկ ի՞նչ պատժամիջոցներ են սահմանել մյուս երկրները։
- Կորոնավիրուսի տարածման օջախ Չինաստանն առաջինը կարանտին սահմանեց՝ մեկուսացնելով բազմամիլիոնանոց բնակչությունը նահանգներում, քաղաքներում, ավելի ուշ՝ տներում։ Կարանտինի պայմանների խախտման համար երկրում տուգանք է սահմանված, կալանք կամ մինչև 3 տարվա ազատազրկում։ Երկիր մուտք գործելիս՝ կարանտինային հսկողությունից հրաժարվող կամ սանհսկողության ուժերին չենթարկվող անձինք ևս կարող են տուգանվել մինչև 5000 յուան (մոտ $700)։
- Իտալիայում, որը Եվրոպայում վիրուսի տարածման օջախը դարձավ, իրադրությունը մի քիչ ավելի թեթև է։ Այն մարդկանց համար, որոնց ցուցված է առանց հատուկ թույլտվության փողոց դուրս չգալ և չհեռանալ կարանտինի փակված քաղաքներից, մինչև 3 ամիս ազատազրկում կամ մինչև €206 տուգանք է նախատեսված։
- Եվրոպայում վարակվածների քանակով Իտալիային հաջորդում է Իսպանիան, որտեղ արտակարգ դրության իրավասու մարմինների հրահանգներին, արգելքներին կամ հրամաններին չենթարկվելու համար նախատեսված է €1500-ից մինչև €600,000-ի տուգանք։
- Ֆրանսիայում, որտեղ վարակման դեպքերը նույնպես արդեն հազարների են հասնում, կարանտինը խախտելու համար օրենսդրությամբ նախատեսված պատիժը նոր է ներդրվել: Արդյունքում, երկրում որոշեցին եզակի խախտումը պատժել 135 եվրո տուգանքով, 15 օրում կրկնակի խախտումը՝ 1500 եվրո: 30 օրում 4-ից և ավելի անգամ կարանտինը խախտողներին կարող են ազատազրկել մինչև 6 ամիս ժամկետով ու տուգանել 3700 եվրոյով:
- Գերմանիայում կառավարությունը մարտի 22-ին խստացրել է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները՝ քաղաքացիներին արգելելով 2 հոգուց ավելի խմբերով հավաքվել: Բացառություն կկազմեն միայն բազմանդամ ընտանիքները կամ մի հարկի տակ ապրող մարդիկ: Արգելքն ուժի մեջ կլինի երկու շաբաթ․ այն կվերահսկի ոստիկանությունը։ Խախտողների համար մինչև €25,000 տուգանք է նախատեսված:
- Ավստրալիայում ինքնամեկուսացումից հրաժարվելու դեպքում կորոնավիրուսով վարակված քաղաքացիները կարող են ազատազրկվել մինչև 1 տարի ժամկետով կամ տուգանվել մինչև $50,000-ով։
- Մինչդեռ Իսրայելի իշխանությունները խստացրել են կարանտինային միջոցառումները։ Տնից թույլատրվում է դուրս գալ միայն սնունդ և դեղորայք գնելու համար, ինչպես նաև այն քաղաքացիներին, որոնք աշխատում են կենսապահովման ոլորտում։ Արգելվում է տանը հյուրեր ընդունել, 10 մարդուց ավելի մասնակցությամբ ժողովներ գումարել։ Շենքերում վերելակներ թույլատրվում է մտնել միայն մեկ անձի։ Իսկ կարանտինն անփութությամբ խախտելու համար մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում, եթե կարանտինը միտումնավոր է խախտվում՝ մինչև 7 տարվա։
- Արգենտինայում նույնպես վճռական են տրամադրված․ մարտի 20-ից երկրում արգելվում է առանց անհրաժեշտության տնից դուրս գալը։ Կարելի է դուրս գալ միայն սնունդ, դեղորայք և կենսական անհրաժեշտության այլ ապրանքներ գնելու։ Փողոցում գտնվելը վերահսկում են տեղական իշխանությունները, ոստիկանությունն ու ժանդարմերիան։ Օրինախախտները կարող են ազատազրկվել 6 ամսից մինչև 2 տարով։ Իսկ կարանտինային ռեժիմը խախտողներին 3-15 տարվա ազատազրկում և մինչև 100,000 արգենտինյան պեսո ($1600) տուգանք է սպառնում։
- Ռումինիայի ղեկավարությունը մարտի 19-ից քրեական պատիժ է սահմանել նրանց համար, ովքեր չեն կատարում կորոնավիրուսի դեմ պայքարի ցուցումները։ Իշխանությունների պահանջներն անտեսելու համար նախատեսված է 3 տարվա ազատազրկում, այլ մարդկանց վարակելու համար՝ մինչև 5 տարվա, կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները չկատարելու համար, որի հետևանքով մարդ է մահացել՝ մինչև 15 տարվա։
- Կորեայում, որտեղ վարակման մի քանի հազար դեպք կա, հոսպիտալացման ռեժիմի կամ կարանտինի խախտման համար նախատեսված է մինչև 10 մլն վոն (մոտ $8200) տուգանք կամ մինչև 1 տարվա ազատազրկում։
- Լեհաստանում կարանտինը չպահպանողներին կամ հիվնդության մասին տեղեկությունները թաքցնողներին մինչև 5000 զլոտիով (մոտ €1200) են տուգանում։
- ԱՄՆ-ում կարանտինային միջոցների ձեռնարկումը ինչպես տեղական, այնպես էլ դաշնային իշխանությունների իրավասությունում է, ուստի սահմանված պատիժը տարբերվում է ըստ նահանգների։ Այդպես՝ Վիսկոնսինում, եթե մարդը գիտի, որ վարակված է և հրաժարվում է կարանտինից, կարող է տուգանվել $500 կամ կալանավորվել մինչև 30 օր ժամկետով։ Վայոմինգում մեկուսացման ռեժիմի խախտման համար մինչև $10,000 տուգանք է սահմանված և մինչև 1 տարվա ազատազրկում։ Իսկ Տեխասում՝ մինչև 6 ամսվա ազատազրկում և $2000 տուգանք։ Դաշնային օրենսդրությամբ նախատեսվում է ոչ ավելի, քան $100,000 տուգանք և/կամ 1 տարվա ազատազրկում, եթե այն մահվան պատճառ չի դարձել, և ոչ ավելի, քան $250,000 տուգանք և/կամ 1 տարվա ազատազրկում՝ մահվան ելքով պատահարի դեպքում։ Նախատեսվում է նաև տուգանք իրավաբանական անձանց համար՝ $200,000, եթե խախտման հետևանքով մահ չի գրանցվել, և $500,000՝ հակառակ դեպքում։
- Ադրբեջանում կարանտինի խախտման և սահմանափակող այլ միջոցների համար սոցիալական մեկուսացման շրջանակում կարող է տուգանք նշանակվել՝ մինչև $120 ֆիզիկական անձանց դեպքում, և $1200՝ պաշտոնյաների։ Եթե այդ ռեժիմների խախտման դեպքում հիվանդությունը տարածվել է կամ դրա իրական սպառնալիք է ստեղծվել, տուգանքը կկազմի մինչև $3000 կամ մինչև 3 տարվա ազատազրկում։