Ինչու ենք պնդում, որ կորոնավիրուսի շուրջ պանիկան ուռճացված է
Իր պատմության ընթացքում աշխարհը շատ անգամներ է ենթարկվել մահացու վիրուսների «հարձակման», այդ թվում՝ գրիպի հիմքով։ Հիշենք 1918-1920 թթ․ Իսպանական գրիպը, որի ժամանակ վարակվածների թիվը հասել է 500 մլն, իսկ նրանցից մինչև 100 մլն֊ը մահացել են։ Դա կազմում էր այդ ժամանակվա աշխարհի բնակչության 5%-ը, իսկ վարակվածների՝ 20%։ Կամ ոչ այնքան հեռու անցյալի դեպքերից Խոզի գրիպ կոչվող վիրուսը, սկսվեց 2009 թ․֊ին և վերածվեց պանդեմիայի։ Դրանով վարակվածների թիվը 220 հազարից ավելի էր, և գրանցվեց մոտ 2000 մահ՝ վարակվածների 1%֊ը։ Այնուամենայնիվ, շատերը կհիշեն, թե ինչպիսի համաշխարհային խուճապ էր տիրում միջազգային մակարդակով։ Իսկ գիտե՞ք, որ այդ երկուսի բնութագիրն էլ նույնն է՝ H1N1։ Թվերը մեզ հուշում են, որ առողջապահության զարգացմանը զուգընթաց՝ նույն տիպի վիրուսը դառել է անհամեմատ ավելի քիչ վտանգավոր։ Այս երկու համաճարակներըն էլ իրենց ժամանակին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հռչակվել են պանդեմիա, այսինքն՝ համատարած, արագ զարգացող և հատկապես մահաբեր համաճարակներ։
Այժմ խոսենք COVID-19 վիրուսի մասին, որը հայտնի դարձավ կորոնավիրուս կամ չինական վիրուս անվանումով։ Մարդկանց մեծ մասը պահանջում է, որ այս հիվանդությունը ևս հռչակվի պանդեմիա, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի շտապում այդպիսի հայտարարություն անել։ Փորձենք հասկանալ պատճառները՝ հիմնվելով թվային տվյալների վրա։
2020 թ. մարտի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 93000 է, որից մահացածների թիվը՝ 3100, այսինքն՝ մոտավորապես 3.5%֊ը։ Ընդ որում՝ մահացածներից գրեթե բոլորը ունեին ուղեկցող հիվանդություններ՝ սրտային անբավարարություն, անոթային խնդիրներ, շաքարային դիաբետ և այլն։ Այսինքն՝ կարելի է մեկնաբանել, որ մահվան պատճառը եղել է ոչ թե զուտ կորոնավիրուսը, այլ՝ հիմնական հիվանդություններին կորոնավիրուսի տեսքով ավելացած բարդությունը։ Նշենք նաև, որ նրանցից մոտ 48000֊ը առողջացել են, այսինքն՝ կեսից ավելին, 51%։
Հիշո՞ւմ եք Էբոլա վիրուսը, որը բռնկվել էր Աֆրիկայում 2014 թ․։ Այն տևեց գրեթե մեկ տարի, հիվանդացածների թիվը պաշտոնական տվյալներով կազմեց 28640 մարդ, որոնցից մահացան 11315֊ը։ Այսինքն՝ մահացության տոկոսը կազմեց 39.5%։ Ընդ որում՝ մահացողների տարիքային սահմանաչափ չկար, կային թե՛ մանուկ, թե՛ երիտասարդ և թե՛ տարեց զոհեր։ Եվ այս դեպքում այդպես էլ բուժում չգտան։
Մենք ոչ մի դեպքում չենք ցանկանում ասել, որ անհանգստության պատճառ չկա, սակայն կոչ ենք անում խուճապի չմատնվել և հետևել պաշտոնական լրահոսին ու պահպանել անվտանգության կանոնները։