Կրծքով կերակրում և Covid-19
Բնության կողմից սահմանված է, որ յուրաքանչյուր փոքրիկի համար կյանքի առաջին իսկ օրերին իր մայրիկի կրծքի կաթը լավագույն սնունդն է, որը տալիս է նրան անհրաժեշտ բոլոր նյութերը: Բացի այդ.
- կրծքով սնուցումը մանկիկին պաշտպանում է հիվանդանալուց,
- ամրացնում է իմունային համակարգը՝ մորից երեխային փոխանցելով հակամարմիններ,
- հետծննդյան առաջին ժամվա ընթացքում մաշկային շփումն ու կրծքով սնուցումը հատկապես կարևոր են փոքրիկի համար:
Covid-19 համավարակի ընթացքում շատ հղիներ և կերակրող մայրեր հրաժարվում էին վարակված լինելու շրջանում կերակրել ու անգամ մոտենալ երեխային՝ վախենալով, որ փոքրիկը իրենցից կվարակվի: Սակայն անվտանգության կանոնների ապահովումը կօգնի նվազեցնել ռիսկերը և հանգիստ շփվել երեխայի հետ:
Ինչ է հայտնի վարակի փոխանցման մասին
Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքի կաթի մջոցով վիրուսի փոխանցման վտանգը փոքր է, և կրծքով կերակրման առավելությունները ավելի շատ են, քան կորոնավիրուսը փոքրիկին փոխանցելու վտանգը: Այդ վտանգը առավել կարելի է նվազեցնել, եթե երեխայի հետ վարակված մոր շփումը լինի շնչառական պաշտպանությամբ, միայն մաշկի միջոցով: Վտանգավոր չէ նաև մոր ու փոքրիկի գտնվելը նույն սենյակում:
Քայլեր կրծքով կերակրող մայրերի համար
- Երեխայի հետ շփվելիս կամ նրա մոտ գտնվելիս դիմակ կրեք,
- Երեխայի հետ շփումից առաջ ու հետո լավ լվացեք ձեռքերը և ախտահանեք,
- Եթե ծանր հիվանդ եք, կուրծքը կթեք և այդպես կերակրեք երեխային,
- Եթե ծայրահեղ ծանր վիճակում եք ու չեք կարողանում անգամ կթել կուրծքը, անցեք արհեստական կերի, սակայն լավանալուց հետո խորհուրդ է տրվում վերադառնալ մայրական կաթին:
Հիշե՛ք. մայրական կաթին ոչինչ չի կարող փոխարինել, և ամենափոքր հնարավորության դեպքում անգամ բժիշկները խորհուրդ են տալիս երեխային կերակրել հենց կրծքի կաթով: