Վաղաժամ մահերի և ոչ վարակիչ հիվանդությունների թիվն աճել է
Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է պառկում քնելու։ Այս հանգամանքը ստիպում է աշխարհին՝ առավել մեծ կարևորություն տալ պարենային անվտանգությանը։ Երևանում Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը նշում է՝ ավելի քան 2 միլիոն մարդկանց՝ հիմնականում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներից, կանոնավոր կերպով հասանելի չէ անվտանգ, սննդարար և բավականաչափ սնունդը:
«Սակայն սննդի անկանոն հասանելիությունը խնդիր է նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բնակչության 8 տոկոսի համար: Այժմ մենք խնդիր ունենք ոչ միայն պարենային անապահովությունը վերացնելու, այլ նաև բնակչության առողջությունը սննդով չվնասելու»,- նշում է Միլոշևիչը և հավելում. «Բարեբախտաբար, Հայաստանում մինչև 2030 թվականը պարենային ապահովության ծրագիրն ամբողջությամբ կարող ենք կյանքի կոչել»:
2018 թվականի «Աշխարհում սննդի անվտանգության և սնուցման իրավիճակի» մասին զեկույցում նշվում է, որ «Երկիր» մոլորակի յուրաքանչյուր 9 բնակչից մեկը քաղցած է։ Ասիայում՝ 513.9 միլիոն, Աֆրիկայում՝ 256.1 միլիոն, Լատինական Ամերիկայում և Կարիբյան կղզիներում՝ 42.5 միլիոն։
Հայաստանում ցածր քաշով ծնված երեխաների թիվը 10 տոկոս է, մինչև 5 տարեկան թերաճ երեխաների թիվը՝ 9 տոկոս (ՀԺԱՀ 2015-16), իսկ մինչև 5 տարեկան թերսնված երեխաների թիվը՝ 4 տոկոս (ՀԺԱՀ 2015-16)։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով, Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների աճ է գրանցվում, որի հիմնական պատճառը ոչ առողջ սնունդն է։
«Խնդիրը ոչ միայն ոչ վարակիչ հիվանդությունների աճն է, այլ ավելի շատ այն, որ վաղաժամ մահացությունը ևս աճում է։ Սնուցման խնդիրը, բնականաբար, ամենամեծ գործոններից մեկն է։ Սիրտ-անոթային հիվանդությունների և վաղաժամ մահերի աճին նպաստող գործոններից է օրինակ աղի օգտագործումը։ Հայաստանում բնակիչների կողմից օգտագործվող աղի քանակը 2 անգամ ավելի է, քան այն շեմը, որը սահմանել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Բնակչության 75%-ը օրական 5 բաժնից պակաս միրգ և բանջարեղեն է օգտագործում, ցավոք սրտի, տղամարդկանց 11%-ը չարաշահում է ալկոհոլի օգտագործումը։ Եվ դա ավելի շատ կապված է նրա հետ, որ գուցե ոչ ամեն օր է օգտագործում, բայց օգտագործելիս բավականին մեծ քանակով է օգտագործում, որն էլ հղի է իր հետևանքներով»,-ասաց նա։
Նանուշյանը նշում է, որ 18-69 տարեկանների շրջանում յուրաքանչյուր 3-րդի մոտ առկա է ոչ վարակիչ հվանդությունների զարգացման 3-5 ռիսկի գործոն. «Այդ գործոններից են աղի, ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը»։
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրեց ևս մեկ վիճակագրություն, ըստ որի՝ դպրոցահասակ երեխաների մոտ քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործման աճ է գրանցվել։
«Բացի այդ շաբաթվա ընթացքում կանոնավոր չի նախաճաշում դեռահասների 45%-ը։ Եվ սա նույնպես հանգեցնում է ոչ վարակիչ հիվանդությունների աճին։ Եվ հաշվարկվել է, որ ոչ վարակիչ հիվանդությունների բուժման համար ծախսվող գումարը կազմում է ՀՆԱ-ի 6.5%-ը»,-հայտնեց նախարարի տեղակալը։
Ճիշտ սնուցումը կարևոր է նաև ուսման կարողությունների զարգացման համար։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի խոսքով, գերկարևոր է, որ սովորողներն օգտագործեն ճիշտ սնունդ. «Երբ մենք կարողանում ենք ճիշտ սնունդով առավոտյան նախաճաշ և փոքրիկ հետճաշիկ տալ երեխային, կրթության ընթացքում դա նպաստում է երեխաների կենտրոնացմանը, նպաստում է, որպեսզի երեխաներն ավելի հանգիստ վարքագիծ դրսևորեն և հետևաբար, կրթական ավելի բարձր մակարդակ է ձևավորվում։ Ամբողջ աշխարհում կատարվել են հետազոտություններ՝ հասկանալու ինչ կարևորություն ունի ճիշտ սնուցումը կրթության վրա։ Եվ Հայաստանում նույնպես Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ անցկացվեց մի հետազոտություն, որտեղ համեմատել ենք՝ ինչ որակ ունի կրթությունը, երբ աշակերտին տրամադրվում է նախաճաշ և հետճաշիկ, և երբ չի տրամադրվում։ Արդյունքները ցույց տվեցին, որ եթե երեխային ճիշտ էլեմենտներով հարուստ նախաճաշ է տրամադրվում, ապա կրթության որակը անհամեմատելի բարձրանում է»։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով, պարենային անվտանգության ապահովման հարցում շատ կարևոր է պետություն-մասնավոր սեկտոր-միջազգային կազմակերպություն կապը։ Դա վերաբերում է ոչ միայն մարդկանց առողջ սնունդ մատակարարելուն, այլ նաև մարդկային կապիտալին, որը հիմքն է Հայաստանի ապագա տնտեսական պոտենցիալի։
«Եթե մենք այսօր բավականին ուշադիր չհետևենք հարցերի, որոնք առկա են այս ոլորտում, և չհետևենք դրանց շուրջ ճիշտ լուծումների ընդունմանը, ապա կվտանգենք այն պոտենցիալը, որ ունենք, և կառաջացնենք խզում մեր հնարավորությունների և փաստացի արդյունքների միջև։ Մենք պետք է կարողանանք գիտելիք փոխանցել մեր արտադրողներին, և նրանց համար պարզ դարձնենք, թե ինչպիսին պետք է լինի վաղվա գյուղատնտեսությունը, որ առաջինը կարողանա մեր բնակչությանն ապահովել որակյալ սննդով»,-հավելեց նախարարը։