Covid-19-ից բուժված անձը մինչև 90 օր ազատված է թեստ հանձնելուց կամ պատվաստվելուց

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հայտարարել է, որ կորոնավիրուսից բուժված անձը մինչև 90 օր ազատված է ՊՇՌ թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու պարտադիր պահանջից։

«Այսինքն՝ նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք բացառություն են, իրենք չեն հանձնելու թեստ և չեն պատվաստվելու»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Աբովյանը նշել է, որ գործատուներն աշխատողներից պետք է պահանջեն 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման սերտիֆիկատ։ Նա հավելել է, որ կարգավորումը մշակվել ու հաստատվել է միջազգային փորձի հիման վրա, նման կարգավորում նաև Իտալիան է կիրառելու հոկտեմբերի 15-ից, փաստերը ցույց են տալիս, որ սահմանափակող միջոցառումներն ունեն արդյունավետություն։ Աբովյանը հույս է հայտնել, որ այս միջոցառումների արդյունքում կկարողանան կառավարել հիվանդությունը։

ԱՆ ներկայացուցիչն ասել է, որ պատվաստումները բավականին ակտիվացել են։ «Պատվաստումները պետք է իրականացվեն ոչ թե ելնելով սահմանված պահանջներից, այլ այն գիտակցությամբ, որ միակ գործիքն են, որոնք կարող են փրկել կյանքեր ու կառավարել իրավիճակը, և ոչ թե իրավիճակը կառավարի մեզ», - նշել է Աբովյանը։