Խստացված արտակարգ դրություն․ օր 1
ՀՀ-ում արտակարգ դրության հետևանքով նախատեսված տեղաշարժի սահմանափակումների պահանջն իրականացնելու համար մարտի 25-ից ոստիկանությունը շուրջօրյա աշխատանքներ է իրականացնում, 92 մեքենայից երրորդ անձինք դուրս են հրավիրվել, 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի դեպքում միջոցներ են կիրառվել, հայտարարել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: Արդարադատության նախարարութան հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության վարչության պետ Արփինե Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ գործում են վարչական և քրեական պատասխանատվության մեխանիզմներ՝ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներին չենթարկվելու դեպքում:
Մհրյանը հայտնել է, որ ոստիկանությունը պարետի ցուցմանը համապատասխան, գործողություններ է իրականացնում՝ մինչև 16:00-ն պրոցեսը կարգավորելով միայն հորդորներով, իսկ այդ ժամից հետո իր գործողությունները կիրականացնի օրենքով սահմանված կարգով: Նա հայտնել է, որ ոստիկաններն իրենց ուժերի սահմաններում ՀՀ տարածքում ծառայություն են իրականացնում և հնարավորինս փորձում են կատարել պարետի ցուցումները:
Անդրադառնալով սահմանափակումներին չենթարկվելու պարագայում առկա օրենսդրական կարգվորումներին՝ Սարգսյանը, իր հերթին, նշել է, որ նման դեպքերում օրենքով սահմանված է վարչական և քրեական պատասխանատվություն: Նրա խոսքով՝ վարչական իրավախախտումների օրենքում փոփոխությամբ առավել հստակեցվել է ԶԼՄ-ի կողմից կառավարության որոշմամբ սահմանափակման կանոնները չկատարելու դեպքում պատասխանատվության չափը: Նման դեպքում, որպես տուգանք սահմանվել է նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկը: 500-1000-ապատիկի չափով տուգանք է նախատեսված այն դեպքում, երբ լրատվական գործունեություն իրականացնողը կարգի խախտմամբ տուգանվելուց հետո չի հեռացնում հրապարակումը:
Սարգսյանը հիշեցրել է, որ ԱԺ-ն նաև պատասխանատվություն է սահմանել ինքնմեկուսացման կամ մեկուսացման, ինչպես նաև ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման կանոնները չպահպանելու համար. այդ պարագայում նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկի չափով:
«Եթե սահմանված կանոնի խախտումը հանգեցրել է որոշակի հետևանքի, օրինակ՝ անձը խախտել է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման կամ ինքնամեկուսացման և մեկուսացման կանոններն ու արդյունքում անզգուշությամբ գրանցվել է այլ անձի վարակում, այս դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսված»: Նա հայտնել է, որ քրեական պատասխանատվություն է սահմանաված նաև այն դեպքում, երբ կանոնների խախտումն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ անձը դիտավորյալ վարակել է այլ անձանց:
Սարգսյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսով վարակվածներ չկան, թեստեր արվել են, սակայն բացասական արդյունքով: ՔԿՀ-ներում գործում են տեսակցությունների և հանձնունքի արգելք, մուտք և ելք անող բոլոր քաղաքացիներն էլեկտրոնային եղանակով ջերմաչափվում են: ՀՀ ՔԿՀ-ներում 14 ջերմաչափ կա, առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվում են նաև սանիտարական մաքրում և կանխարգելիչ միջոցառումներ: