Սև ուրբաթ. գնել, թե չգնել
ԱՄՆ-ում ծագած և այժմ բազմաթիվ երկրներում տարածում գտած <<Սև ուրբաթը>> վերջին տարիներին կազմակերպվում է նաև Հայաստանում: Սև է կոչվում այն, քանի որ մանրածախ առևտրականները այդ օրը, բազմաթիվ զեղչեր կիրառելով, փորձում են առավելագույն եկամուտ ստանալ: ԱՄՆ և եվրոպական բազմաթիվ հիպերմարկետներում այդ օրը գոյանում են մեծ հերթեր, ու երբեմն մարդիկ ստանում են անգամ ֆիզիկական վնասվածքներ այդ քաոսային վիճակում:
Սև ուրբաթը տեղի է ունենում ամեն տարվա նոյեմբերի վերջին ուրբաթ օրը` ամերիկյան Գոհունակության տոնից (Thanksgiving) հետո: Որոշ խանութներ, սեփական հայեցողությամբ, այն երկարաձգում են մինչև ուիքենդի ավարտ: Այդ օրը բոլոր ապրանքների գները էապես զեղչվում են, գործում են բազմաթիվ ակցիաներ:
Սև ուրբաթի դրական կողմերը ակնհայտ են, սակայն այն ունի նաև բացասական կողմեր.
- մեծ զեղչերը ուշադրություն են գրավում, և մարդը կարող է ենթագիտակցաբար կատարել ավելի մեծ գումարի գնումներ, որը կվնասի իր ֆինանսական դրությանը: Դա հետո երևում է հատկապես ամանորյա գնումներին պատրաստվելիս,
- Սև ուրբաթի ընթացքում քիչ չեն խաբեությունները. վաճառողները այդ օրվանից մոտ մեկ ամիս առաջ սկսում են արհեստականորեն թանկացնել գները, և ապա զեղչելով` հասցնում են իրական գնին,
- երբեմն մարդիկ, տարվելով զեղչերով ու ազարտի ընկնելով, գնում են այնպիսի իրեր ու ապրանքներ, որոնք իրենց ընդհանրապես պետք չեն, և որպես հետևանք` Սև ուրբաթից հետո ձեռք են բերում ափսոսանքի զգացում, որը կարող է հասնել անգամ դեպրեսիայի:
Ի՞ նչ անել, որ Սև ուրբաթը չդառնա իսկապես սև:
- վերահսկեք ձեր գնումները, հատկապես` եթե կատարում եք օնլայն գնումներ, նախ պահպանեք ցանկալի ապրանքները, ապա վերանայեք դրանքև յուրաքանչյուրի վերաբերյալ որոշեք` արդյո՞ ք դա իսկապես պետք է ձեզ,
- նախատեսեք որոշակի գումար գնումների համար, և ոչ մի դեպքում մի՛ գերազանցեք այն,
- նախապես ցուցակ պատրաստեք, թե ինչ պետք է գնեք, օնլայն գնումների դեպքում ձեր հավանած ապրանքները նախապես ավելացրեք զամբյուղ, որ Սև ուրբաթին ժամանակ չկորցնեք: Այս կերպ դուք նաև լրացուցիչ ժամանակ կունենաք այդ ցանկը վերանայելու:
- Սև ուրբաթից 10-15 օր առաջ ծանոթացեք ձեր նախընտրած ապրանքների գներին և աշխատեք մտապահել դրանք, որպեսզի հետո հեշտ չխաբվեք,
- և վերջապես. ավելի լավ է ափսոսալ չծախսած, քան` անիմաստ ծախսած գումարի համար: Եթե կասկածում եք որևէ գնման հարցում, ավելի լավ է` զսպեք ձեզ:
Ի վերջո, հիշե՛ք, որ Սև ուրբաթին գնումներ անելը ամենևին էլ պարտադիր չէ. բրենդային ու մեծ խանութները միշտ էլ զեղչեր անում են: Խնայե՛ք ձեր առողջությունն ու գումարը: