ՊՇՌ թեստի ներկայացման ժամկետները փոփոխվել են
Դեկտեմբերի 1-ից յուրաքանչյուր 7 օրը մեկ գործատուներին պետք է ներկայացնել կորոնավիրուսի (Covid-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող` առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակով, շրջանառվող և պարբերաբար ի հայտ եկող նոր տեսակներով պայմանավորված՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով փոփոխություններ են կատարվել հանրապետությունում կիրառվող սանիտարահամաճարակային կանոններում:
Բացառություն են կազմում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները, հղիները, մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: