Սեռական խնդիրներ

 

Սեռական կյանքը մարդու համար ունի կարևոր նշանակություն:Դրա միջոցով մարդը հնարավորություն է ստանում ոչ միայն շարունակելու իր սերունդը, այլ նաև ստանում է հաճույք, ինչպես նաև թուլանում է ֆիզիկական ու հոգեկան լարվածության մակարդակը:Սեռական կյանքի միջոցով մարդը հնարավորություն է ստանում բացահայտել իրեն և դիմացինին:

Սեռական կյանքի ֆունկցիաները`

  1. պրոկրեատիվ` սերնդի շարունակում
  2. ռեկրեատիվ` հաճույքի ստացում
  3. ինքնաբացահայտում
  4. ինքնադրսևորում և այլն։

Սեռական կյանքը միշտ եղել ու մնում է այն ոլորտը, որը մարդուն ամենաշատն է հետաքրքրել, որն անընդհատ լի է եղել գաղտնիքներով ու խորհրդավոր անկյուններով:

Երկար ժամանակ իշխում էր այն տեսակետը, որ սեռական հակումն իրենից ներկայացնում է որպես անվայելուչ, ստոր երևույթ, ըստ որում շատ վայրերում այդ տեսակետը պահպանվում է մինչև այսօր: Միջնադարում և անգամ նոր ժամանակներում մենակեցություն քարոզող կրոնական հայացքների ազդեցությամբ ճնշվում էին սեռական հակման դրսևորումները, և դա դիտվում էր որպես բարոյական իդեալ:

Սեռական հակմանը վերաբերվում էին բացասաբար, այն համարում էին չարիքի խորհրդանիշ, նույնացնում սատանայի գործողությունների հետ, իսկ այդ հակման բոլոր դրսևորումները մեղք էին համարում և արգելում բոլոր հնարավոր միջոցներով:Սեռական հակումը նպատակահարմար էր դիտվում միայն մարդկային ցեղը շարունակելու համար:Այդպիսի տեսակետը բացառում էր սեռական հակման գիտական, օբյեկտիվ հետազոտությունը, և նրա ուսումնասիրությունը սկսվեց այն բանից հետո, երբ ժուժկալության իդեալները կորցրին իրենց ուժը:

Այդ ամենը ոչ միայն սեռական կյանքի վերաբերյալ գիտության լճացման պատճառ հանդիսացավ, այլև բազմաթիվ նախապաշարմունքների ու կեղծ հայացքների ձևավորման սկիզբը դրեց, ինչն իր հերթին հանգեցրեց նյարդային համակարգի հավասարակշռության ավելի ու ավելի հաճախակի հանդիպող խանգարումների առաջացմանը, մի բան , որը վնասակար ազդեցություն է գործում ամբողջ հասարակության առողջության վրա:

Այսօր այդ ամենը կարելի է որոշ չափով համարել անցյալ:Գիտության զարգացման հետ նաև աճեց սեռական կյանքի հետ կապված գիտելիքների մակարդակը:Այսօր իհարկե հասարակության լայն շրջանակներում դեռ կա համոզմունք, որ սեռական խնդրի մասին պետք չէ բարձրաձայնել, որ դա ամոթ բան է:Իրականում մարդու ինտիմ կյանքն ամենանուրբ և ամենախոցելի ոլորտն է: Երբ կա խնդիր, կան անհանգստացնող հարցեր, պետք է զրուցել մասնագետի հետ և ստանալ հավաստի ինֆորմացիա :

Ներկա ժամանակներում չգիտես ինչու սեռական խնդիրներով սկսել են զբաղվել այլ ոլորտի մասնագետները:

Իսկ իրականում ինտիմ կյանքն այնքան թաքնված ու երբեմն լսողի համար տարօրինակ, կրկնում եմ ` լսողի , բայց ոչ մասնագետի, կողմեր ունի, որ դա հասկանալու, ընդունելու համար պահանջվում է համապատասխան մասնագետի որակավորման առկայություն:

Այսօր աշխարհը շատ է փոխվել, ի հայտ են եկել նոր մարդիկ, նոր գաղափարախոսություններով:Շատերն իրենց խոսքի, մեկ ուրիշը պահվածքի, մեկն էլ իր սեռական կողմնորոշման պատճառով հասարակության մեծ զանգվածի կողմից մնում են անտեսված:Սակայն պետք է միշտ հաշվի նստել այն անժխտելի փաստի հետ, որ բոլորն էլ մնում են որպես հասարակ մահկանացուներ` իրենց խնդիրներով և կարիքներով:

Բժշկի կոչումն է մնում օգնել բոլոր այն մարդկանց, որոնք այս կամ այն խնդրով դիմել են:Սա վերաբերում է նաև սեռական կյանքի հետ կապված խնդիրների առկայության դեպքում:

Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից:  093005725 , viber , whatsapp` +37493005725